18 Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 19 Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած: 20 Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»: 21 Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»: 22 Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կունենաս. եւ արի՛ իմ յետեւից»: 23 Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր: 24 Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծոյ արքայութիւնը կմտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն: 25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծոյ արքայութիւնը մտնի»: 26 Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»: 27 Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծոյ համար հնարաւոր է»: