Գրքեր

Եսայի 56:1-57:20

Այսպէս է ասում Տէրը. «Պահպանեցէ՛ք իրաւունքը եւ կատարեցէ՛ք արդարութիւնը, քանզի եկել հասել է իմ փրկութիւնը, եւ յայտնուելու է իմ ողորմութիւնը։ 2Երանի՜ այն մարդուն, որ կ՚անի այդ, եւ նրան, որ հաւատարիմ կը մնայ դրան, կը պահի իմ շաբաթներն ու չի պղծի եւ իր ձեռքը ետ կը քաշի անիրաւութիւն անելուց»։ 3Օտարազգին, որ եկել յարել է Տիրոջը, թող չասի, թէ՝ « Տէրը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», եւ ներքինին էլ թող չասի, թէ՝ « Ես չոր փայտ եմ»։ 4Այսպէս է ասում Տէրը ներքինիներին. «Ովքեր կը պահեն իմ պատուիրանները, կը նախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, եւ իմ ուխտի մէջ կը մնան,5նրանց իմ Տան մէջ եւ իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կը տամ, քան որդիներին ու դուստրերին, կը տամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու։ 6Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, ու բոլոր նրանց, որոնք կը պահեն իմ շաբաթները եւ չեն պղծի, ու կը մնան իմ ուխտի մէջ, - 7նրանց կը տանեմ իմ սուրբ լեռը, կ՚ուրախացնեմ նրանց իմ աղօթքի Տան մէջ, նրանց ողջակէզներն ու ընծաներն ընդունելի կը լինեն իմ սեղանի վրայ, քանզի իմ Տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի Տուն պիտի կոչուի»։8Այսպէս է ասում Տէր Աստուած, որ հաւաքում է Իսրայէլի բոլոր ցրուածներին. «Նրանց վրայ ես պիտի հաւաքեմ անապատի բոլոր գազանների բազմութիւնները»։ 9Եկէք կերէ՛ք, ո՛վ դուք անտառի բոլոր գազաններ։ 10Տեսէ՛ք, ամէնքն էլ կուրացել են եւ չգիտեն, թէ ի՛նչ է իմաստութիւնը. ամէնքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարուած, սիրում են նիրհել։ 11Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են եւ չգիտեն, թէ ի՛նչ է իմաստութիւնը. ամէնքն իրենց ճանապարհներով գնացին։ 12«Եկէ՛ք, -ասում են, -գինի առնենք եւ հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերութիւնը կը լինի»։ 
57 «Տեսէ՛ք, ինչպէ՜ս կորաւ արդարը, եւ չկայ մէկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, եւ ոչ ոք ուշադրութիւն չի դարձնում, որ արդարն անիրաւութեան պատճառով է վերանում։ 2Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացաւ մէջտեղից։ 3Բայց դուք մօտեցէ՛ք, առա՛ջ եկէք, անօրէ՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնութեա՛ն որդիներ։4Ինչո՞վ էք պարծենում, ո՞ւմ վրայ էք բացում ձեր բերանները եւ կամ ո՞ւմ վրայ էք հանում ձեր լեզուները. մի՞թէ դուք կորստեան որդիներ չէք, անօրէնութեան սերունդ, 5որ անտառախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին եւ խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին։ 6Այդ է քո բաժինը, այդ նոյնն է քո վիճակը. նրանց առաջ նուէրներ թափեցիր, նրանց զոհեր մատուցեցիր, եւ այս ամենի վրայ միթէ չե՞մ բարկանալու, -ասում է Տէրը։ 7Այնտեղ, բարձր ու մեծ լերան վրայ է քո անկողինը, եւ դու այնտեղ ելար զոհեր մատուցելու։ 8Ապա դռների դրանդիների վրայ հաստատեցիր քո յիշատակները։ Կարծում էիր՝ եթէ ինձնից հեռանաս, աւելի՞ բան պիտի գտնես։ Քո անկողինները լայնացրիր եւ փռուեցիր դրանց վրայ. սիրեցիր քո հոմանիներին 9եւ յաճախակի դարձրիր քո պոռնկութիւնը նրանց հետ։ Հեռաւորներից շատերին քե՛զ կապեցիր եւ պատգամաւորներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։ 10Նկուն դարձար ու իջար գերեզման, յոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդութիւններից եւ չասացիր, թէ՝ «Այժմ հանգստանամ», որովհետեւ ուժիդ համեմատ էիր գործում, դրա համար էլ չհնազանդուեցիր ինձ։ 11Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր եւ չյիշեցիր ինձ, միտքդ չբերիր, սրտիդ մէջ չդրիր, իսկ ես քեզ տեսայ ու անտեսեցի։ Ես այն եմ, որ յաւիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար։ 12Արդ, ես պիտի պատմեմ իմ արդարութեան եւ քո չարիքների մասին, 13որոնք քեզ չեն օգնելու, երբ աղաղակես, եւ քեզ չեն փրկելու քո նեղութիւնից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն եւ մրրիկները բաժան-բաժան պիտի անեն։ Իսկ նրանք, ովքեր ինձ վրայ են յոյս դրել, պիտի ստանան երկիրը եւ ժառանգեն իմ սուրբ լեռը։ 14Նրանք պիտի ասեն. « Բացէ՛ք նրա առաջ ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրէ՛ք իմ ժողովրդի ճանապարհից»։ 15Այսպէս է ասում Բարձրեալը, որ յաւիտենապէս բնակւում է բարձունքներում, սուրբը սրբերի մէջ. նրա անունը Բարձրեալ է, եւ նա սրբերի մէջ է մնում, համբերութիւն է տալիս տարակուսանքի մէջ ընկածներին եւ կեանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։ 16«Ես յաւիտեան վրէժխնդիր չեմ լինելու ձեզանից եւ ոչ էլ մշտապէս բարկանալու եմ ձեզ վրայ, քանզի հոգին ինձնից է բխում, եւ ամէն շունչ ես եմ ստեղծել։ 17Մեղքի պատճառով սակաւ ժամանակ տրտմութիւն հասցրի նրան, հարուածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, եւ նա տրտմեց ու իմ առաջ թախծոտ՝ անցաւ իր ճանապարհները։ 18Ես տեսայ նրա սրտի ճանապարհները եւ բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարութիւն տուի նրան։ Նրա սգաւորների համար պտուղ ստեղծեցի։ 19Թող խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռաւորներին եւ մերձաւորներին, -ասում է Տէրը, -ու ես պիտի բժշկեմ նրանց։ 20Իսկ անօրէնները պիտի ծփան ծովի նման եւ հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կաւի հետ խառնուելով։ Ամբարիշտների համար խաղաղութիւն չկայ», -ասում է Տէրը։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․