Գրքեր

Ծննդոց 6:9-9:17

9Այս է Նոյի պատմութիւնը։ Նոյը կատարեալ եւ արդար մարդ էր իր ազգի մէջ։ Նոյը սիրելի եղաւ Աստծուն։ 10Նոյը ծնեց երեք որդի. Սէմին, Քամին, Յաբէթին։ 11Ապականուեց երկիրն Աստծու առաջ, աշխարհը լցուեց անարդարութեամբ։ 12Տէր Աստուած տեսաւ, որ երկիրն ապականուած է, որովհետեւ երկրի վրայ ամէն էակ ապականել էր իր ճանապարհը։13Տէր Աստուած ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց վերջը հասել է, որովհետեւ երկիրը լցուել է նրանց անիրաւութիւններով։ Ես կ՚ոչնչացնեմ նրանց ու երկիրը։ 14Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կը շինես։ Տապանը բաժանմունքներով կը պատրաստես եւ ներսից ու դրսից կուպրով կը ծեփես։ 15Տապանն այսպէս կը շինես. թող երեք հարիւր կանգուն լինի տապանի երկարութիւնը, յիսուն կանգուն՝ լայնութիւնը, եւ երեսուն կանգուն՝ բարձրութիւնը։ 16Տապանն աստիճանաբար նեղացնելով կը շինես, այնպէս, որ նրա ծածկը մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կ՚անես. ներքնայարկ, միջնայարկ ու վերնայարկ թող ունենայ տապանը։17Իսկ ես, ահա, ջրով կը հեղեղեմ երկիրը՝ ոչնչացնելու համար երկնքի տակ գտնուող ամէն մի շնչաւոր էակ. եւ այն ամէնը, ինչ կայ երկրի վրայ, կ՚ոչնչանայ։ 18Ես իմ ուխտը կը հաստատեմ քեզ հետ, եւ տապան կը մտնես դու, քեզ հետ նաեւ՝ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք։ 19Բոլոր կենդանիներից, բոլոր գազաններից ու բոլոր էակներից երկու-երկու կը մտցնես տապան, որ նրանք կերակրուեն քեզ հետ։ Թող դրանք արու եւ էգ լինեն։ 20Ամէն տեսակ թռչուններից, ամէն տեսակ կենդանիներից, երկրի ամէն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու, արու եւ էգ, թող մտնեն քեզ հետ, որ կերակրուեն քեզ հետ։ 21Եւ դու կը վերցնես բոլոր այն ուտելիքներից, որոնցով պիտի սնուէք։ Դրանք կը կուտակես քեզ մօտ, որպէսզի քեզ ու նրանց համար կերակուր լինեն»։22Եւ Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց նրան Տէր Աստուած։ Նա այդպէս էլ արեց։ 
7 Տէր Աստուած ասաց Նոյին. «Դու եւ քո ողջ ընտանիքը մտէ՛ք տապան, որովհետեւ մարդկային ցեղի մէջ միայն քե՛զ գտայ արդար իմ հանդէպ։ 2Անպիղծ բոլոր կենդանիներից եօթը-եօթը՝ արու եւ էգ, կը մտցնես քեզ հետ, իսկ պիղծ բոլոր կենդանիներից երկու-երկու՝ արու եւ էգ, 3նաեւ երկնքի անպիղծ թռչուններից եօթը-եօթը՝ արու եւ էգ, իսկ պիղծ թռչուններից երկու-երկու՝ արու եւ էգ, որ սերունդ պահպանուի ողջ երկրի վրայ։ 4Եօթը օր յետոյ ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրեւ պիտի թափեմ երկրի վրայ եւ երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամէն մի էակ»։ 5Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց Տէր Աստուած։ 6Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղաւ երկրի վրայ։ 7Ջրհեղեղի պատճառով Նոյի հետ տապան մտան նրա որդիները, նրա կինն ու նրա որդիների կանայք։ 8Անպիղծ թռչուններից ու պիղծ թռչուններից, երկրի վրայ սողացող բոլոր սողուններից 9երկու-երկու՝ արու եւ էգ, Նոյի հետ մտան տապան, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած։ 10Եօթը օր յետոյ երկրի վրայ ջրհեղեղ եղաւ։ 11Նոյի կեանքի վեցհարիւրերորդ տարում, երկրորդ ամսի քսանեօթին ժայթքեցին ստորգետնեայ բազում աղբիւրներ, բացուեցին երկնքի ջրվէժները։12Երկրի վրայ անձրեւ թափուեց քառասուն օր ու քառասուն գիշեր։13Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սէմը, Քամը, Յաբէթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը եւ նրա որդիների երեք կանայք։ 14Նրանք եւ ամէն տեսակ գազան, ամէն տեսակ անասուն, երկրի վրայ սողացող ամէն տեսակ սողուն եւ ամէն տեսակ թռչուն 15մտան տապան՝ Նոյի մօտ, երկու-երկու բոլոր այն էակներից, որոնց մէջ կենդանութեան շունչ կար։16Տապան մտնող էակները արու եւ էգ էին, ինչպէս պատուիրել էր Աստուած Նոյին։ Տէր Աստուած նրա ետեւից փակեց տապանը։ 17Երկրի վրայ քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղաւ։ Յորդացաւ ջուրն ու բարձրացրեց տապանը, եւ տապանը կտրուեց գետնից։18Ջուրն աւելի ու աւելի վարարեց, ողողեց երկիրը, եւ տապանը լողաց ջրերի վրայ։ 19Ջուրն այնքան սաստկացաւ երկրի վրայ, որ ծածկեց երկնքի տակ գտնուող բոլոր բարձրաբերձ լեռները։ 20Տասնհինգ կանգուն աւելի վեր բարձրացաւ ջուրը եւ ծածկեց բոլոր լեռները։21Մեռան երկրի վրայ շարժուող բոլոր կենդանի էակները՝ թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրայ սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։ 22Ցամաքի վրայ եղած ամէն բան, որ կենդանի շունչ ունէր իր ռունգերի մէջ, ոչնչացաւ։ 23Աստուած բնաջնջեց երկրի երեսին գտնուող ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն, սողուններից մինչեւ երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Կենդանի մնաց միայն Նոյը, նաեւ նրանք, որ նրա հետ տապանում էին։ 24Ջուրը հարիւր յիսուն օր ողողեց երկիրը։ 
8 Աստուած յիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնուող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին։ Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, եւ անձրեւը դադարեց։ 2Փակուեցին ստորգետնեայ աղբիւրներն ու երկնքի սահանքները, դադարեց նաեւ երկնքից թափուող անձրեւը։ 3Ջուրը գնալով իջնում, քաշւում էր երկրի վրայից, եւ հարիւր յիսուն օր անց այն նուազեց։ 4Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ։ 5Ջուրը մինչեւ տասներորդ ամիսը քաշւում էր, նուազում։ Տասնմէկերորդ ամսի առաջին օրը երեւացին լեռների գագաթները։ 6Քառասուն օր յետոյ Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը։ 7Նա արձակեց մի ագռաւ, որը գնաց, բայց չվերադարձաւ, մինչեւ որ ջուրը ցամաքէր երկրի վրայից։8Յետոյ նա արձակեց մի աղաւնի՝ տեսնելու, թէ ջրերը քաշուե՞լ են երկրի երեսից։ 9Աղաւնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձաւ նրա մօտ՝ տապան, որովհետեւ ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը։ Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան եւ բերեց իր մօտ՝ տապան։ 10Նա սպասեց եւս եօթը օր ու տապանից դարձեալ արձակեց աղաւնուն։ 11Աղաւնին նրա մօտ վերադարձաւ երեկոյեան։ Նրա կտուցին ձիթենու մի շիւղ կար։ Նոյը դրանից հասկացաւ, որ ջրերը քաշուել են երկրի վրայից։ 12Նոյն սպասեց եւս եօթը օր ու նորից արձակեց աղաւնուն, որն այլեւս նրա մօտ չվերադարձաւ։ 13Նոյի կեանքի վեցհարիւրմէկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշուեցին երկրի վրայից։ Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը եւ տեսաւ, որ ջուրը քաշուել է երկրի երեսից։ 14Երկրորդ ամսի քսանեօթներորդ օրը երկիրը ցամաքեց։15Տէր Աստուած Նոյին ասաց. 16«Դո՛ւրս եկէք այդ տապանից դու, քո կինը, քո որդիները եւ քո որդիների կանայք, 17նաեւ քեզ հետ եղող բոլոր գազանները, բոլոր էակները՝ թռչուններից մինչեւ անասունները։ Դո՛ւրս հանիր քեզ հետ նաեւ երկրի վրայ սողացող բոլոր սողուններին, նրանք թող սողան երկրի վրայ։ Աճեցէ՛ք եւ բազմացէ՛ք երկրի վրայ»։ 18Դուրս ելան Նոյը, նրա հետ նաեւ իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք։ 19Երկրի բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ իրենց տեսակներով, դուրս ելան տապանից։ 20Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա առաւ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրայ։ 21Եւ Տէր Աստուած հոտոտեց անուշ բոյրը։ Տէր Աստուած իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայութեան մէջ է։ Ես այլեւս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպէս արեցի։ 22Այսուհետեւ, քանի դեռ կայ երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տօթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։ 
9 Աստուած օրհնելով Նոյին ու նրա որդիներին՝ ասաց նրանց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրն ու տիրեցէ՛ք դրան։ 2Ձեր ահն ու երկիւղը թող լինի երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների, երկրի բոլոր զեռունների եւ ծովի բոլոր ձկների վրայ, որ ենթարկել եմ ձեզ։ 3Ամէն մի կենդանի զեռուն թող կերակուր լինի ձեզ, ինչպէս խոտն ու բանջարն եմ տուել։ 4Կենսատու արիւն պարունակող միս չուտէք,5քանզի ես էլ ձեր կենսատու արիւնը կը պահանջեմ, բոլոր գազանների, ինչպէս նաեւ մարդու միջոցով կը պահանջեմ այն։ Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբօր հոգին։ 6Ով թափի մարդու արիւնը, նրա արեան փոխարէն թող թափուի իր արիւնը, որովհետեւ Աստծու պատկերով եմ ստեղծել ես մարդուն։ 7Իսկ դուք աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը եւ բազմացէ՛ք դրա վրայ»։ 8Տէր Աստուած, դիմելով Նոյին ու նրա որդիներին, որոնք նրա հետ էին, ասաց. 9«Ահա ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից յետոյ եկող ձեր սերունդների հետ, 10ձեզ հետ եղող բոլոր կենդանի էակների հետ՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, այդ տապանից դուրս եկած բոլորի եւ երկրի բոլոր կենդանիների հետ։ 11Ես ուխտ եմ դնում ձեզ հետ. այլեւս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, ողջ երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլեւս»։ 12Տէր Աստուած ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջեւ, ձեզ հետ եղող ամէն կենդանի էակի միջեւ գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. 13իմ ծիածանը կը կապեմ ամպերի մէջ։ Եւ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջեւ յաւիտենական ուխտի նշանը։ 14Երբ երկրի վրայ ամպեր կուտակեմ, իմ ծիածանը թող երեւայ ամպերի մէջ։ 15Այնժամ ես կը յիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջեւ եւ շնչաւոր բոլոր էակերի միջեւ։ Այլեւս ջրհեղեղ չի լինի, որպէսզի բոլոր էակները չոչնչանան։ 16Թող իմ ծիածանը լինի ամպերի մէջ, որպէսզի ես տեսնեմ այն եւ յիշեմ իմ ու երկրի վրայ գտնուող բոլոր շնչաւոր էակների միջեւ իմ հաստատած յաւիտենական ուխտը»։ 17Տէր Աստուած ասաց Նոյին. «Այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցի իմ ու ձեր միջեւ եւ երկրի վրայ գտնուող բոլոր էակների միջեւ»։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․