Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացէ՛ք եւ ողբացէ՛ք այն թշուառութիւնների համար, որ գալու են ձեր գլխին. 2որովհետեւ ձեր հարստութիւնը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, 3եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. եւ նրանց ժանգը ձեր դէմ որպէս վկայութիւն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպէս կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցէք։ 4Ահա՛ւասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մօտ պահեցիք. ձեր կողմից զրկուածն աղաղակում է, եւ հնձուորների բողոքը հասաւ Ամենակալ Տիրոջ ականջին։ 5Մեղկ կեանքով ապրեցիք երկրի վրայ եւ շուայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթուելու օրուայ համար։ 6Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում։ 7Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը։ Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը։ 8Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է։ 9Մի՛ տրտմեցրէ՛ք միմեանց, եղբայրնե՛ր, որպէսզի չդատուէք։ Ահա՛ւասիկ դատաւորը դռանն է։ 10Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերութեան որպէս օրինակ ունեցէք մարգարէներին, որոնք խօսեցին Տիրոջ անունով։ 11Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին։ Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում, քանի որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։