Գրքեր

Գործք 18:12-28

12Աքայեցիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի ժամանակ հրեաները, միաբանուելով, Պօղոսի դէմ ելան եւ նրան ատեան բերեցին։ 13Նրանք ասում էին. «Սա տարհամոզում է մարդկանց, որ օրէնքին հակառակ եղանակով Աստծուն պաշտեն»։ 14Եւ երբ Պօղոսը պատրաստւում էր բանալու իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթէ որեւէ անիրաւութիւն կամ մի չարանենգ խարդախութիւն եղած լինէր, պատեհ էր, որ ես ձեզ անսայի. 15բայց եթէ խնդիրներ կան խօսքի կամ անունների եւ կամ ձեր օրէնքների մասին, դուք ինքնե՛րդ քննեցէք, քանի որ այդպիսի բաների դատաւոր լինել չեմ ուզում»։ 16Եւ նրանց ատեանից դուրս արեց։ 17Եւ բոլոր յոյները ժողովրդապետ Սոսթենէսին բռնելով՝ ատեանի առաջ ծեծում էին, եւ Գաղիոնը այդ մասին բնաւ հոգ չէր անում։ 18Իսկ Պօղոսը դեռ շատ օրեր մնալով՝ եղբայրներից հրաժեշտ առաւ եւ նաւարկեց դէպի Ասորիք։ Նրա հետ էին նաեւ Պրիսկիղան եւ Ակիւղասը։ Նա Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտ էր արել։19Եւ Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց եւ ինքը ժողովարան մտնելով՝ խօսքն ուղղեց հրեաներին։ 20Եւ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնայ. բայց նա յանձն չառաւ, 21այլ հրաժեշտ տուեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կը գամ ձեզ մօտ»։ 22Եւ Եփեսոսից մեկնեց ու իջաւ Կեսարիա. դրանից յետոյ ելաւ վեր, Երուսաղէմ եւ ողջոյն տուեց եկեղեցուն. ապա իջաւ Անտիոք։23Միառժամանակ այնտեղ մնալուց յետոյ ելաւ հերթով շրջելու գաղատացիների երկիրը եւ Փռիւգիան՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։ 24Ապողոս անունով մի հրեայ, ծագումով ալեքսանդրիացի, եկաւ հասաւ Եփեսոս. սա մի ճարտարախօս մարդ էր եւ հմուտ՝ Գրքերին։ 25Տեղեակ էր նա Տիրոջ ճանապարհին եւ հոգով եռում էր. խօսում եւ ճշմարտութեամբ ուսուցանում էր Յիսուսի մասին։ Գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը։ 26Սա սկսեց ժողովարանում համարձակօրէն խօսել։ Նրան լսելով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան նրան իրենց մօտ առան եւ ճշմարտագոյնս բացատրեցին նրան Աստծու ճանապարհը։ 27Երբ նա կամեցաւ Աքայիա գնալ, եղբայրները քաջալերեցին նրան եւ գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Երբ նա այնտեղ հասաւ, Աստծու շնորհիւ շատ օգտակար եղաւ հաւատացեալներին, 28քանի որ հրեաներին բուռն կերպով յանդիմանում էր՝ Գրքերի միջոցով հրապարակաւ ապացուցելով, թէ Յիսո՛ւսն է Քրիստոսը։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․