Գրքեր

Գործք 24:1-26

Եւ հինգ օր յետոյ Անանիա քահանայապետը մի քանի ծերերի եւ Տերտիւղոս անունով մի ճարտասան մարդու հետ իջաւ եկաւ։ Սրանք Պօղոսի մասին կուսակալին ներկայացրին իրենց ամբաստանութիւնը։2Եւ երբ նրան կանչեցին, Տերտիւղոսն սկսեց ամբաստանել ու ասել. «Այս ազգը բազում խաղաղութիւն է գտել քո շնորհիւ եւ գործերի կարգաւորութիւն՝ քո խնամքի պատճառով։ 3Ամէն բանի համար եւ ամենուրեք քեզնից շնորհակալ ենք, ո՛վ գերազանցդ Ֆելիքս, եւ մեծապես գոհ։ 4Բայց որպէսզի աւելորդ յոգնութիւն չպատճառեմ քեզ, աղաչում եմ, որ քո ներողամտութեամբ մեզ կարճիկարճոյ լսես։ 5Մենք գտանք, որ այս մարդը ամբողջ աշխարհում գտնուող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է եւ նազովրեցիների հերձուածի առաջնորդը։ 6Սա տաճարն իսկ փորձեց պղծել. նրան բռնեցինք եւ ըստ մեր օրէնքի ուզեցինք դատել։ 7Եկաւ Լիւսիաս հազարապետը ու մեծ բռնութեամբ մեր ձեռքից յափշտակեց 8եւ հրամայեց, որ նրան ամբաստանողներն էլ քեզ մօտ գան։ Նրան դու ինքդ կրկին դատելով կը կարողանաս վերահասու լինել այն ամենին, ինչի համար մենք նրան ամբաստանում ենք»։ 9Հրեաներն էլ համաձայն գտնուեցին ու ասացին՝ այդպէս է։ 10Երբ կուսակալը նրան գլխով արեց, որ խօսի, Պօղոսը պատասխանեց. «Գիտեմ, որ շատ տարիներից ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին յօժարութեամբ պատասխան եմ տալիս. 11ինչպէս որ կարող ես գիտենալ, տասներկու օրից աւելի չէ, ինչ ես Երուսաղէմ եմ բարձրացել երկրպագութիւն անելու համար։ 12Ինձ ո՛չ տաճարում են որեւէ մէկի հետ գտել խօսելիս եւ կամ շուրջս բազմութիւն հաւաքելիս, ո՛չ ժողովարաններում եւ ո՛չ էլ քաղաքում. 13ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձ ամբաստանում են։ 14Բայց այս խոստովանում եմ քեզ, թէ համաձայն այն ճանապարհի, որը ասում են՝ հերձուած է, այնպէ՜ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հաւատալով այն ամենին, որ գրուած է Օրէնքում եւ մարգարէների մէջ։15Յոյս ունեմ առ Աստուած, որ, ինչպէս դրանք էլ են ակնկալում, յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների։ 16Դրա համար ինքս էլ ճիգ եմ անում, որ Աստծու եւ մարդկանց առաջ միշտ մաքուր խղճմտանք ունենամ։ 17Բազում տարիներից յետոյ եկայ օգնութիւն անելու իմ ազգին եւ զոհեր մատուցեցի, 18որոնցով սրբուած էի, երբ ինձ գտան տաճարում, որտեղ ո՛չ բազմութեան հետ էի եւ ո՛չ էլ խռովարար ամբոխի։ 19Այդ ասիացի հրեաներից ոմանք իրե՛նք պէտք է գային քո առաջ եւ ամբաստանէին ինձ, եթէ իմ դէմ մի բան ունենային. 20եւ կամ հէնց սրանք թող ասեն, թէ ի՛նչ անիրաւութիւն են գտել իմ մէջ, մինչ ատեանի առաջ էի կանգնած, 21բացի միայն գուցէ իմ այն խօսքից, որ ասացի բարձրաձայն, երբ նրանց մէջ կանգնել էի. «Մեռելների յարութեան համար է, որ ես այսօր ձեզնից դատւում եմ»։ 22Ֆելիքսը նրանց գործը յետաձգեց, քանի որ աւելի ստոյգ գիտէր այդ ճանապարհի մասին, եւ ասաց. «Մինչեւ Լիւսիաս հազարապետը այստեղ իջնի, ձեր գործը կը յետաձգեմ»։ 23Եւ հարիւրապետին հրամայեց նրան պահել, բայց որոշ չափով ազատ. եւ նրա իւրայիններից ոչ ոքի չարգելել, որ նրան ծառայեն։ 24Մի քանի օր յետոյ Ֆելիքսը եկաւ իր կնոջ՝ Դրուսիղայի հետ, որը հրեայ էր. կանչեց Պօղոսին եւ նրանից լսեց ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի մասին։ 25Եւ մինչ Պօղոսը խօսում էր արդարութեան, ժուժկալութեան եւ գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը, զարհուրած, ասաց. «Դու առայժմ գնա՛. երբ ժամանակ ունենամ, քեզ կը կանչեմ»։ 26Միաժամանակ ակնկալում էր, որ Պօղոսից իրեն դրամ կը տրուի. դրա համար յաճախ կանչելով նրան՝ խօսում էր նրա հետ։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․