Գրքեր

Գործք 17:1-15

Եւ Ամփիպոլիս ու Ապողոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր հրեաների ժողովարան կար։ 2Եւ ըստ իր սովորութեան, Պօղոսը մտաւ նրանց մօտ եւ երեք շաբաթ օրեր նրանց հետ խօսեց Գրքերից։ 3Բաց էր անում Գրքերը եւ նրանց ապացուցում, թէ Քրիստոս պէտք է չարչարուէր եւ մեռելներից յարութիւն առնէր. եւ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Յիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։ 4Եւ նրանցից ոմանք համոզուեցին ու յարեցին Պօղոսին եւ Շիղային։ Բացի դրանցից, կային նաեւ աստուածապաշտ հեթանոսներ եւ թուով ոչ սակաւ երեւելի կանայք։5Իսկ հրեաները նախանձեցին եւ վերցնելով գռեհիկ, անօրէն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին եւ քաղաքը յուզեցին. եւ Յասոնի տան առաջ կուտակուելով՝ ուզում էին Պօղոսին եւ Շիղային հրապարակ տանել։ 6Եւ երբ նրանց չգտան, Յասոնին եւ եղբայրներից ոմանց քարշ տուին քաղաքապետների մօտ՝ բողոք բարձրացնելով, թէ՝ «Սրանք, որ աշխարհը յուզեցին, այստեղ էլ են հասել, 7եւ Յասոնը նրանց ընդունել է. եւ սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. մի ոմն Յիսուսի մասին ասում են, թէ թագաւոր է»։ 8Եւ գրգռեցին ժողովրդին ու քաղաքապետներին, որ այս բաները լսում էին։ 9Բայց երաշխիք ստանալով Յասոնից եւ ուրիշներից՝ արձակեցին նրանց։ 10Բայց եղբայրները գիշերով շտապ ճանապարհ դրեցին դէպի Բերիա Պօղոսին եւ Շիղային, որոնք, երբ այստեղ հասան, գնացին հրեաների ժողովարանը, 11քանի որ սրանք աւելի ազնիւ մարդիկ էին, քան թէ Թեսաղոնիկէում եղածները։ Սրանք ամենայն յօժարութեամբ ընդունեցին խօսքը. ամբողջ ժամանակ քննում էին գրուածքները՝ իմանալու, թէ այդ բաները այդպէ՞ս են։ 12Նրանցից շատերը հաւատացին, ինչպէս նաեւ թուով ոչ սակաւ յոյն երեւելի կանայք եւ տղամարդիկ։ 13Բայց Թեսաղոնիկէի հրեաները երբ իմացան, թէ Բերիայում էլ Պօղոսի կողմից քարոզուեց Աստծու խօսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմութիւնը յուզելու ու գրգռելու։ 14Այն ժամանակ եղբայրները Պօղոսին իսկոյն ուղարկեցին, որ գնայ մինչեւ ծովեզր, իսկ Շիղան եւ Տիմոթէոսը մնացին այնտեղ։ 15Եւ ովքեր Պօղոսին տանում էին, նրան հասցրին մինչեւ Աթէնք եւ, Շիղային ու Տիմոթէոսին ուղղուած պատուէր ստանալով, որ շտապ նրա մօտ գան, իրենք վերադարձան։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․