Գրքեր

Գործք 19:1-20

Եւ մինչ Ապողոսը դեռ Կորնթոսում էր, Պօղոսը շրջեց վերին կողմերը եւ իջաւ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց ասաց. 2«Երբ հաւատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»։ Նրանք ասացին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կայ»։ 3Եւ նա ասաց. «Ուրեմն ինչո՞վ մկրտուեցիք»։ Նրանք ասացին. «Յովհաննէսի մկրտութեամբ»։ 4Եւ Պօղոսն ասաց. «Յովհաննէսը ապաշխարել եւ մկրտուել քարոզեց ամբողջ ժողովրդին եւ ասում էր, թէ, ով գալու է իրենից յետոյ, նրա՛ն թող հաւատան. այն է՝ Յիսուս Քրիստոսին»։ 5Եւ երբ այս լսեցին, մկրտուեցին Տէր Յիսուսի անունով։ 6Եւ երբ Պօղոսը նրանց վրայ ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ. լեզուներ էին խօսում եւ մարգարէանում։ 7Նրանք շուրջ տասներկու հոգի էին։ 8Եւ Պօղոսը ժողովարան մտնելով՝ երեք ամիս համարձակ խօսում էր, քարոզում եւ Աստծու արքայութեան մասին համոզում նրանց։ 9Երբ ոմանք խստասիրտ էին մնում եւ ընդդիմանում՝ բազմութեան առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, նրանցից բաժանուեց, աշակերտներին զատեց եւ խօսում էր ամէն օր Տիւրան անունով մէկի դպրանոցում։ 10Այս տեւեց երկու տարի, այնպէս որ ասիացի, հրեայ եւ հեթանոս բոլոր բնակիչները լսեցին Տիրոջ խօսքը։ 11Աստուած ոչ սակաւ զօրաւոր գործեր էր անում Պօղոսի միջոցով. 12մինչեւ իսկ նրա քրտինքը չորացրած թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիւանդների մօտ, եւ ախտերը հեռանում էին նրանցից. եւ չար ոգիները դուրս էին գալիս։ 13Շրջիկ հրեաներից ոմանք, որ երդուեցնողներ էին, յանդգնեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրայ՝ ասելով. «Երդուեցնում եմ ձեզ Յիսուսով, որին քարոզում է Պօղոսը»։ 14Այս անողները ոմն Սկեւոս հրեայ քահանայապետի եօթը որդիներն էին։ 15Չար ոգին պատասխանեց ու նրանց ասաց. «Յիսուսին գիտեմ եւ Պօղոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ էք»։ 16Եւ այն մարդը, որի մէջ չար ոգի կար, վազեց նրանց վրայ եւ երկուսին էլ բռնելով՝ գետին զարկեց նրանց. այնպէս որ նրանք մերկ եւ վիրաւոր փախան այդ տնից։ 17Եւ այս բանը յայտնի դարձաւ Եփեսոսում բնակուող բոլոր հրեաներին եւ հեթանոսներին։ Եւ նրանց բոլորի մէջ ահ ընկաւ. եւ Տէր Յիսուսի անունը փառաւորւում էր։ 18Եւ հաւատացեալներից շատերը գալիս խոստովանում էին ու պատմում իրենց արարքները։ 19Եւ կախարդութեամբ զբաղուողներից շատերը բերում էին իրենց գրքերը եւ բոլորի առաջ այրում. նրանց գինը հաշուեցին եւ գտան, որ յիսուն հազար արծաթ դահեկան էր։ 20Եւ այսպէս Աստծու խօսքը աճում էր ու զօրանում։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․