11 Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: 12 Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները: 13 Երանելի է անարատ ամուլը, որ մեղքի անկողին չի ճանաչել. նա վարձ կընդունի դատաստանի օրը: 14 Նաեւ ներքինին, որ իր ձեռքով անիրաւութիւն չի գործել եւ ոչ էլ չարութիւն է խորհել Տիրոջ մասին, նրան ըստ իր հաւատի ընտիր շնորհ է տրուելու եւ ցանկալի վիճակ՝ Տիրոջ տաճարում: 15 Արդարեւ, փառաւոր է բարի վաստակների պտուղը, եւ անսխալ՝ իմաստութեան արմատը: 16 Շնացողների որդիները լինելու են պակասաւոր, եւ պիտի ոչնչանայ ապօրինի անկողնու զաւակը: 17 Եւ եթէ նոյնիսկ երկարակեաց էլ լինեն, ոչնչութիւն են համարուելու. իրենց կեանքի վախճանին էլ անարգուելու է նրանց ծերութիւնը: