Գրքեր
26 Դեկտեմբեր, Շբ Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

Ստեփանոսը նախնական եկեղեցու ամենաշնորհալի դեմքերից մեկն է, կրկնակի անմահացած ոչ միայն որպես նրա մեծ գործիչներից մեկը, այլ նաև որպես առաջին քրիստոնյան, որն իր արյունը թափել է Քրիստոսի սիրո համար:

Առաջին անգամ նրա անվանը հանդիպում ենք, երբ քրիստոնյա եկեղեցին իր առաջին ընտրությունն է կատարում:

Սկզբնական շրջանում նախնական եկեղեցին փորձեց ընդհանրական կյանքով ապրել: Ընդհանուր գանձանակ և սեղան ունեին: Հավատացյալներն, իրենց ինչքը կամ ագարակները վաճառելով, Առաքյալների տնօրինությանն էին հանձնում դրամը: Իսկ հասարակական սեղանին առանց խտրության մասնակցում էին բոլորը: Երբ քրիստոնյաների խումբը մեծացավ այլևս դժվարացավ մատակարարության հարցը և բարդություններ առաջացան: Առաքյալները, որոնք այդ մատակարարման հոգսը իրենց վրա էին վերցրել, անդրադարձ կատարեցին, որ այդ հարցը խոչընդոտ է դառնում ավելի կարևոր՝ քարոզչական գործին, ուստի «Տասներկուսը կանչեցին իրենց աշակերտների բազմությանը և ասացին. «Ճիշտ չէ, որ մենք թողնենք Աստծո խոսքի քարոզչությունը և սեղանները սպասավորենք: Եղբայրներ, այս գործին կարգելու համար, ձեր միջից յոթ վստահելի մարդիկ ընտրեցեք, իսկ մենք պաշտամունքի և քարոզչության գործով զբաղվենք» (Գործք 6:1-7):

Հավատացյալներն արդարև յոթ մարդ ընտրեցին, որոնցից առաջինը Ստեփանոսն էր: Առաքյալները նրանց վրա «աղոթք արեցին և ձեռնադրեցին»: Եվ քանի որ նրանց պաշտոնը հասարակական սեղանը սպասարկելն էր, ուստի նրանց «Սպասավորներ» կոչեցին, հունարեն «Դիակոս»-ներ: Ժամանակի ընթացքում, երբ այս նյութական սեղանին փոխարինեց հոգևոր սեղանը, այս վերջին սեղանի սպասավորները նույնպես պահեցին նույն տիտղոսը և այսօրվա եկեղեցու Սարկավագները ևս:

Ստեփանոսն առաջին իսկ վայրկյաններից բնութագրվում է որպես «Ս. Հոգով և հավատքով լեցուն» կամ «Շնորհով և զորությամբ լեցուն մի մարդ», մինչև իսկ հրաշքներ սկսեց գործել: Հասարակական սեղանին սպասավորելուց ազատ ժամանակը տրամադրում էր քարոզչական գործին, որում իրեն շատ լավ էր դրսևորում և հատկապես քարոզում էր օտարությունից եկած հրեաներին: Սրանց առաջնորդները «չկարողանալով դիմադրել այն իմաստությանը և հոգուն, որով խոսում էր» զրպարտության դիմեցին և նրան ամբաստանեցին՝ ասելով. «Հայհոյական խոսքեր ասաց Մովսեսի և Աստծո դեմ», գրգռեցին ժողովրդին և նրանց մեծամեծները նրան բռնեցին և նրան դատելու համար իրենց բարձրագույն ատյանի առջև տարան: Եվ Գործք Առաքելոցի հեղինակը ավելացնում է. «Եվ բոլոր նրանք, որ նստած էին ատյանում, նրան նայելով՝ տեսան, որ նրա դեմքը հրեշտակի դեմքի է նման» (Գործք 6:15):

Բարձրագույն Ատյանում Ստեփանոսի արտասանած ճառը պահպանված է Գործք Առաքելոցում՝ 7-րդ գլխում, որը Հին Կտակարանի համադրությունն է, որտեղ Ստեփանոսը քայլ առ քայլ հաստատում է, որ խստապարանոց ժողովուրդ են եղել իրենք և իրենց հայրերը, որոնք. «նախ սպանեցին բոլոր նրանց, ովքեր նախապես պատմեցին Արդարի՝ Մեսիայի, Քրիստոսի գալստյան մասին, Որի մատնիչները և սպանողները դուք եղաք: Օրենքը հրեշտակների ձեռքով ստացաք և չպահեցիք այն»:

Ժողովականները, երբ այս հանդիմանական խոսքերը լսեցին, զայրույթվ լցվեցին և «իրենց ատամներն էին կրճտացնում», իսկ Ստեփանոսը, երբ աչքերը վեր բարձրացրեց «Աստծո փառքը տեսավ և Հիսուսին, որը Աստծո աջ կողմում էր կանգնած», և հայտարարեց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն Աստծո աջ կողմում կանգնած»: Այս հայտարարությունից ներկաները սաստիկ գայթակղված ձևանալով, դերասանական ձևերով իրենց ականջները փակեցին, հարձակվեցին Ստեփանոսի վրա, նրան քաղաքից դուրս հանեցին և սկսեցին քարկոծել: Իսկ Ստեփանոսը, որ ամեն ինչի մեջ Քրիստոսի կատարյալ հետևորդն էր, նմանվեց Նրան նաև մահվամբ և թողություն խնդրեց իրեն քարկոծողների համար՝ ասելով. «Տե՛ր այս նրանց համար մեղք մի՛ համարիր», և ապա «Տե՛ր Հիսուս ընդունիր իմ հոգին» ասելով «ննջեց»: Սողոսը՝ ապագա Պողոսը, նրան սպանողներից մեկն էր:

Լինի, թե՛ Ստեփանոսի քարոզը, թե՛ նրա մահը խոր տպավորություն գործեցին Սողոսի վրա, որը չկարողացավ ազատվել դրանց ազդեցությունից, մինչև, որ ինքն էլ դարձի եկավ և շարունակեց Ստեփանոսի սկսած գործը, որի նպատակն էր անջատել Քրիստոնեությունը Հրեական կրոնի կաշկանդումներից և  նրան տալ ազատ և մարդկային ուղղություն, որը արդարև Պողոսի մեծագույն իրագործումը եղավ:

Ստեփանոսի տոնը կատարում ենք Ավագ Տոների շարքում, դեկտեմբերի 25-ին, կամ դրա հաջորդ օրերին, երբ դեկտեմբերի 25-ը կիրակի կամ պահոց օր է լինում:

 

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք աչք. Գալուստյան, Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․