Գրքեր
25 Հոկտեմբեր , ՇԲ Հիշատակ տասներկու Ս. Վարդապետների՝ Ռեթեոսի, Դիոնիսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Խուրի Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Աստվածաբանի, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի և Կյուրեղ Ալեքսանդրացու

Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ: Տասներկու վարդապետների գործունեության կարևորագույն առանցքն ուղղափառ հավատի պահպանությունն ու անաղարտ փոխանցումն էր սերունդներին: Քրիստոնեության հիմնադրման օրվանից իսկ գոյություն են ունեցել հերետիկոսություններ, հերձվածներ, որոնց հետևորդները, սխալ ընկալելով ու մեկնաբանելով Աստծո խոսքը, առաջացրել ու զարգացրել են թյուր պատկերացումներ և մոլար ուսմունքներ՝ կապված քրիստոնեական վարդապետության հիմնարար սկզբունքների հետ: Բայց ի հակադրություն նրանց՝ եկեղեցու տասներկու վարդապետները, ամբողջության մեջ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տվել են վարդապետական առանցքային դրույթների և սկզբունքների ճշգրիտ մեկնությունը՝ ուղղափառության սահմանների մեջ զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը: Տասներկու վարդապետների դերն ու նշանակությունն այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր հասարակության համար, որտեղ ներթափանցել են Սուրբ Գրքի կամայական մեկնիչներ, ովքեր Աստծո խոսքի՝ իրենց ոչ ճիշտ ընկալումներն ու պատկերացումները պատվաստում են մեր ժողովրդի զավակների մտայնության մեջ՝ հեռացնելով նրանց ոչ միայն իրական, ճշմարիտ փրկության ճանապարհից, այլև մեր ազգային գիտակցությունից, Աստվածաշունչ մատյանի ուղղափառ մեկնությամբ ձևավորված մտածողությունից, դրանով իսկ նաև ազգային դիմագծից ու նկարագրից: Ուստի, այս տոնը մեզ համար ևս մեկ պատեհ առիթ է արժևորել մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությունը` հավատարիմ մնալով մեր եկեղեցուն և Քրիստոսի Եկեղեցու սուրբ հայրերի լույս հավատքին: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տասներկու սուրբ վարդապետների խնկելի հիշատակը ոգեկոչում է Խաչվերացի վեսերորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․