Գրքեր
3 Օգոստոս, Գշ Սուրբ Եվգինե կույսի, նրա հոր Փիլիպպոսի, մոր Կղոդիայի և երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի, երկու ներքինիների հիշատակության օր

Եվգինե կույս և Կղոդիա

Այս երկուսը դուստր և մայր են, որոնց ընտանիքի բոլոր անդամները քրիստոնեական չարչարանքների ժամանակ նահատակվել են և հետևաբար բոլորն էլ ընդգրկվել են տոնացույցում: Ընտանիքի հայրը՝ Փիլիպպոսը, մի հռոմեացի ազնվական էր, որը երբ Եգիպտոսի կառավարիչ նշանակվեց (տես գլ. Գ թիվ 2), իր կնոջ Կղոդիայի, դուստր Եվգինեի և երկու արու զավակի հետ տեղափոխվեց Ալեքսանդրիա՝ Եգիպտոսի այն ժամանակվա մայրաքաղաքը: Այս քաղաքը, իր ժամանակին, գիտության մեծ կենտրոն էր, ուստի Եվգինեն, հոր թելադրանքով, հետևեց բարձրագույն ուսմանը: Իր ընթերցանության ընթացքում մի բարի առիթով ձեռքն է ընկնում Պողոս Առաքյալի թղթերի հավաքածուն, որը նա մեծագույն հետաքրքրությամբ կարդաց և այնտեղ արտահայտված գաղափարների ճշմարտության վերաբերյալ իր մոտ համոզմունք ձևավորվեց և որոշեց քրիստոնյա դառնալ: Նաև իրենց տան երկու ներքինիներին էլ համոզեց և նրանց հետ մկրտվեց որպես քրիստոնյա:  Եվգինեն այլևս չցանկանալով տուն վերադառնալ, երկու ներքինիների հետ, որպես տղամարդ, մի վանքում ապաստանեց: Մանկուց ընթերցասեր լինելով, ընթերցեց ամբողջ Աստվածաշունչը և խորապես հմտացավ նրանում և իր Ս. Գրքի գիտությամբ բոլորի սքանչացումը հրավիրեց իր վրա: Վանահոր մահից հետո, Եվգինեն, որը վանքում Եվգինեոս անունն էր կրում, որպես բոլորից խելացի և հոգևոր անձնավորություն՝ վանահայր է ընտրվում: Որոշ ժամանակ հետո, մի կին բուռն կերպով սիրահարվեց նոր վանահորը և երբ վերջինս մերժեց նրա անպարկեշտ առաջարկները, կինը, վրեժ լուծելու համար, որպես իրեն բռնաբարած մեկին, ամբաստանեց նրան Ալեքսանդրիայի եպարքոսի մոտ, որը նույն ինքը՝ Եվգինեի հայրը՝ Փիլիպպոսն էր, որը իր «կորած» աղջկան փնտրելուց ամբողջությամբ հուսալքված, զայրութով էր լցվել քրիստոնյաների հանդեպ, քանզի նրանց էր վերագրում աղջկա «կորած» լինելու պատասխանատվությունը: Ուստի, այս «անբարոյական» վանահորը խայտառակելու և չարաչար պատժելու համար մեծ ատյան հրավիրեց: Երբ Եվգինեն վանական հագուստով ատյան հանվեց, խիստ անարգվեց թե՛ ինքը, թե՛ իր կրոնը և վանականությունը: Վերջ ի վերջո Եվգինեն հարկադրված եղավ խոստովանել իր ով լինելը, ինչը որ ամոթահար արեց անպարկեշտ կնոջն ու հավատքի թշնամիներին և իր ընտանիքն անհուն ուրախությամբ լցվեց: Երբ եպարքոսը մանրամասն տեղեկացավ իր աղջկա պատմությանը, նրա հավատքից և իմաստությունից խորապես ազդվելով, ինքը և իր ամբողջ ընտանիքը քրիստոնյա դարձան և այլևս քաղաքի քրիստոնյաների պաշտպանը դարձավ: Երբ կայսրը տեղեկացավ՝ նրան պաշտոնանկ արեց և նրա հաջորդին հրամայեց սպանել նրան: Իրենց հոր նահատակությունից հետո, ընտանիքը Հռոմ է վերադառնում և որպես քրիստոնյա ձերբակալվում է: Նախ նահատակվեցին երկու ներքինիները և ապա Եվգինե կույսը, ըստ լատինական վկայաբանությունների 200-ական թթ.-երին, ըստ հունականի՝ 180, ըստ մեր հայսմավուրքների՝ 80-ական թթ.-երին:

 

Փիլիպոս Եպարքոս և նրա երկու որդիները

Փիլիպպոսն ու իր կին Կղոդիան Եվգինե նշանավոր կույսի և Սերգիոս և Ապիտոն եղբայրների ծնողներն են, որոնք իրենց երկու ծառաների՝ Պրոստոսի և Հակինթոսի, հետ միասին են տոնվում: Սրանց պատմությունը այնքան սերտորեն է միմյանց հետ միահյուսված, որ դժված է նրանց բաժանել: Այստեղ մենք պիտի ներկայացնենք հորը և իր երկու որդիներին, մյուսներին էլ՝ իրենց համապատասխան գլուխներում:

Փիլիպպոսը Բ դարերում Հռոմում ապրած մի ազնվական է: Այդ օրերի կայսրը Եգիպտոսի եպարքոս է նշանակում նրան: Փիլիպպոսը ամբողջ ընտանիքով մեկնում է: Իրենց աղջիկը՝ Եվգինեն, այնտեղ քրիստոնյա է դառնում և դեպքերը այնպես են դասավորվում, որ ի վերջո ամբողջ ընտանիքը հաջողվում է դարձի բերել: Ալեքսանդրիայի հեթանոս մեծամեծերը կայսրին իրազեկում են սրա մասին: Կայսրը պաշտոնանկության հրահանգ ուղարկեց: Փիլիպպոսը սիրով հրաժարվեց իր պաշտոնից, վաճառեց իր ունեցվածքը և աղքատներին բաժանելով՝ իր ընտանիքով մեկուսացավ քաղաքի քրիստոնեական մասում: Եվ քանի որ Փիլիպպոսը մի իմաստուն և առաքինի մարդ էր, խոսելու և առաջնորդելու շնորհով օժտված, տեղի քրիստոնյաները նրան եպիսկոպոս ընտրեցին, որով էլ աշխարհիկ բարձրաստիճանությունից անցավ հոգևոր առաջնության: Մեծապես օգտակար եղավ իր ժողովրդի համար, մինչև իսկ հիվանդներ և դիվահարներ բժշկելը:

Կայսրը նոր եպարքոս է ուղարկում Եգիպտոս՝ պատվիրելով նրան, որ գաղտնի, առանց ժողովրդի մեջ խռովություն գցելու, մեջտեղից վերացնել տա Փիլիպպոսին: Նոր կայսրն իր մարդկանցից մի քանիսին ուղարկեց, որոնք նոր եպիսկոպոսի մոտ որպես քրիստոնյաներ ներկայացան նրան: Եվ մի օր պատեհ առիթ գտնելով՝ մահացու վիրավորեցին Փիլիպպոսին, որը երեք օր հետո, վկայական պսակների արժանանալով, հոգին ավանդեց:

Փիլիպպոսի որդիները՝ Սերգիոսը և Ապիտոն, իբրև իրենց կյանքը բարեպաշտությամբ ավարտողներ, ևս ընդգրկվել են մեր տոնացույցում:

 

Պրոստոս և Հակինթոս

Առաջին անվան հունական և լատինական տարերակը Պրովստոս է: Սրանք Եվգինե կույսի երկու ներքինի ծառաներն են, որոնք նրա հետ, Եգիպտոսում, քրիստոնյա դարձան և վանք մտան (տես Գլուխ Դ թիվ 3,4): Երբ Եվգինե կույսը իր հոր նահատակությունից հետո Հռոմ վերադարձավ, սրանք էլ նրանց ընկերակցեցին: Հռոմում, Գաղիանոս կայսեր օրոք, որպես քրիստոնյաներ ձերբակալվեցին և կուռքերին զոհ մատուցելը մերժելով՝ նախ անխնա ձաղկման ենթարկվեցին, ապա գլխատվեցին, 262 թ.-ին: Պրոստոսի և Հակինթոսի գերեզմանները, իրենց տապանաքարերով, անաղարտ պահպանված գտնվել են Հռոմում 1845 թ.-ին: Հակինթոսի գերեզմանից գտնվել են սրբի ածխացած ոսկորները, սակայն Պրոստոսի գերեզմանը դատարկ է եղել:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․