Գրքեր
3 Սեպտեմբեր, Եշ Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օր

Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օր 621
Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է... Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք... որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10): Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3: 3): Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտել ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել: Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1: 1): Ուներ 7 տղա և 3 աղջիկ, մեծահարուստ էր՝ շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան: Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվել էր մի շարք փորձությունների. զրկվել հարստությունից, զավակներից, հիվանդացել էր` դարձել բորոտ, բայց այնուհանդերձ չէր մեղանչել Աստծո դեմ և կնոջ դժգոհությանն ի պատասխան ասել. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերե՞նք» (Հոբ 2: 10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել: Հոբի կյանքը մեզ երկու կարևոր ճշմարտություն է սովորեցնում, նախ՝ աշխարհի չարիքների կողքին մշտապես առկա է չարության ոգին, ապա՝ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․