1 Ապրիլ, Շբ Ղազարոսի հարության հիշատակության օր

Ծաղկազարդի նախորդ օրը հիշատակվում է Ղազարոսի հարությունը: Ինչպես հայտնի է Նոր Կտակարանից Ղազարոսը և նրա քույրերը՝ Մարթան ու Մարիամը, Բեթանիա գյուղից էին (այժմ՝ Էլ - Ազարիե, երբեմն Լազարիոն), Երուսաղեմից ոչ շատ հեռու, Ձիթենյաց լեռան հարավ-արևելյան լանջին: Հիսուս բացառիկ սիրով և բարեկամությամբ էր կապված այս երեքի հետ, մինչև անգամ Ղազարոսի մահը հուզեց Նրան: Ամեն անգամ Երուսաղեմ գալիս Հիսուս իջևանում էր նրանց տանը:

Ղազարոսի և նրա հարության մասին գրել է միայն Հովհաննես ավետարանիչը (Հովհաննես 11:1-45):

Երբ Հիսուս լսեց իր բարեկամ Ղազարոսի հիվանդության լուրը, երկու օր էլ մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր և ասաց Իր աշակերտներին, որ այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ ծառայելու է Աստծո փառքին: Իսկ երբ հասավ Բեթանիա, Ղազարոսը չորս օր էր, ինչ մահացել էր: Մարթան, ընդառաջ դուրս գալով Քրիստոսին, ասաց, որ եթե Ինքը այստեղ լիներ, իր եղբայրը չէր մահանա: Եվ ի պատասխան Քրիստոսի այն խոսքի, որ նրա եղբայրը հարություն կառնի, նա ասաց. «Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը, հարության ժամանակ: Տե՛ր, հավատում եմ, որ Դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, որ աշխարհ էիր գալու»: Երբ Հիսուսը տեսավ արտասվող Մարիամին ու նրա հետ եկող հրեաներին, Ինքը նույնպես հուզվեց: Գերեզման հասնելով՝ Հիսուս աչքերը վեր բարձրացրեց և ասաց. «Հա՛յր, շնորհակալություն Քեզ, որ Ինձ լսեցիր: Գիտեմ, որ միշտ լսում ես Ինձ, բայց ինչ որ այժմ ասում եմ, շուրջս գտնվող ժողովրդի համար եմ ասում, որպեսզի նրանք հավատան, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ»: Այս ասելով՝ Նա բարձրաձայն կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»: Եվ Ղազարոսը ելավ՝ ոտքերն ու ձեռքերը պատանքով փաթաթված և երեսը վարշամակով ծածկված: Հիսուսն ասաց նրանց. «Քանդեցե՛ք պատանքը և թողե՛ք, որ գնա»: Հրեաներից շատերը, տեսնելով այս հրաշքը, հավատացին Քրիստոսին:

Ըստ արևելյան ավանդության՝ Ղազարոսը 72 աշակերտներից մեկն էր և եպիսկոպոս էր ձեռնադրվել առաքյալների կողմից:

Ղազարոսի նշխարների գյուտը վերագրվում է Լևոն բարեպաշտ թագավորին (886-911թթ): Նա Կ. Պոլսում կառուցեց Սբ. Ղազարի անունով եկեղեցի ու մենաստան և երբ նավակատիքն էին կատարում, Աստծո հրեշտակը երևաց նրան և ասաց.

-Մարդ ուղարկիր Կիպրոսի Կիտուան քաղաքը, որտեղ Քրիստոսի բարեկամի՝ Ղազարոսի մարմինն է թաղված:

Թագավորը ուրախությամբ իշխաններ ուղարկեց, որոնք գտան մի տապան, որի վրա փորագրված էր հետևյալը. «Սա Ղազարոսն է՝ Քրիստոսի բարեկամը, ով չորս օրվա մահացած էր և հարություն առավ: Հոգեգալուստից հետո առաքյալների կողմից եպիսկոպոս ընտրվեց և ուղարկվեց Կիպրոսի Կիտուան քաղաքը, որտեղ քարոզեց Քրիստոսին: Իր մահից 15 տարի հետո մահացավ, իսկ այդ 15 տարիների ընթացքում երբեք չծիծաղեց»:

Ղազարոսի նշխարները տեղափոխվեցին Կ. Պոլիս:

Ըստ Սբ. Հովհան Ոսկեբերանի՝ Փրկիչը, հաճախ զրուցելով աշակերտների հետ Իր չարչարանքների մասին, տեսնում էր, որ նրանք քարանում են և սարսափում այդպիսի բառերից: Կանխատեսված չարչարանքները ավելի շատ թուլության հետևանք են համարում, քան թե տնօրինության, տատանվում են նաև մարդկային դատողություններով և սարսռում: Այս պատճառով էլ, երբ մոտենում են չարչարանքները և խաչը պատրաստ է վեր բարձրացվելու, Հիսուս հարություն է տալիս մահացած Ղազարոսին, որպեսզի Իր գործով սովորեցնի մասնակիցներին, որ խաչն ու մահը տկարության հետևանք չեն, որպեսզի համոզի ներկաներին, որ Ինքը զրկված երկրավոր կապանքներից տնօրինում է մահը և կանչում հոգին: Խաչ բարձրացվելու նախաշեմին, ըստ արժանվույն թուլացնում է աշակերտների վախը և ցույց է տալիս, որ ուրիշին շնորհածն ու պարգևածը հեշտությամբ կիրականացվի Իր կողմից և Իր համար:

Երբ Հիսուս, շարունակաբար քառասուն օր պահք պահելով, իբրև Աստված սանձեց բնությունը, և հետո իբրև մարդ քաղցեց և ուժասպառ եղավ, իբրև Աստված խաղաղեցրեց փոթորկող ծովը, իբրև մարդ փորձվեց սատանայի կողմից, իբրև Աստված հրամանով դուրս հանեց դևերին, իբրև մարդ տանջվեց մարդկանց համար: Սակայն, որպեսզի մարդիկ սա չվերագրեն թուլությանը, Իր մահվանից առաջ կանչում է մահացածին և նախապես հայտնելով աստվածության զորությունը, հետո է ողբում մարդկության վաղեմի պարտքի համար, արձակում է կապանքները, այնուհետև Ինքն է կապանքներ կրում և հենց այս գործերով է ապացուցում այն խոսքը, թե. «Իշխանություն ունեմ Իմ հոգին տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու»:

Ահա այսպիսին է մեր Փրկչի ուսմունքը, որ գործերով է ուսուցանվում: Եթե այսպես չլիներ և եթե Նա նպատակադրված չհետաձգեր Ղազարոսի հետ կատարվելիք հրաշագործությունը, ապա, անկասկած, երբ ճանապարհին Իրեն տեղեկացրին Ղազարոսի հիվանդության մասին, թե. «Տեր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է», Նա, լսելով այս խոսքերը, երկար ժամանակով չէր հետաձգի իր օգնությունը, այլ ինչպես վարվեց հարյուրապետի և փյունիկեցու հետ և փրկեց առաջինի բացակայող որդուն, իսկ երկրորդի բացակայող դստերը, այնպես էլ կաներ Մարթայի հետ, որը հայտնեց իր եղբոր մասին, թե նա հիվանդ է: Սակայն այստեղ Հիսուս մտադրված սպասում է Ղազարոսի մահվանն ու դիտավորյալ դանդաղում՝ հետաձգելով Իր գալուստը, որպեսզի նախքան խաչի վրա մահվան հետ պատերազմելը, ցույց տա Իր հաղթանակը մահվան վրա: Այսպիսով Իր գալը հետաձգում է երեք օրով, որպեսզի հաստատապես Ղազարոսի մահվան իրողությունը կայանա:

Տերը հրեաների ներկայությամբ բաց է անում գերեզմանը, որպեսզի այս հրաշքի ավետաբերներ դարձնի նրանց, ովքեր հետապնդում և հալածում էին Իրեն: Վերջապես աղոթքով և երկնավոր Հոր կոչով, արթնացնում է Ղազարոսին, որպեսզի չթվա, թե իբր Հիսուս ապստամբում է Արարչի օրենքների դեմ: Քրիստոս չասաց Ղազարոս կենդանացիր, այլ՝ Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի, որպեսզի սովորեցնի ներկաներին, որ Ինքը Նա է, ով չեղած բաները գոյության է կոչում, որպեսզի ցույց տա ներկա գտնվողներին, որ Նա ողջերի Աստվածն է և ոչ թե մեռածների, որպեսզի այս բարեպատեհ առիթով ցույց տա, թե աստվածային հրամանի համար չկան որևէ արգելքներ և հիշեցնի առջևում կանգնածներին նրա մասին, ով ասաց. «Թող տարածություն առաջանա ջրերի միջև, թող ջրերը հավաքվեն մի տեղ, թող երկիրը իր տեսակի ու իր նմանության սերմ պարունակող դալար բույս աճեցնի, թող ջրերն արտադրեն կենդանության շունչ արտադրող զեղուններ»:

«Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի», սա ասվեց հավաքվածների հավատքն ավելացնելու և ամրապնդելու համար: Ասվեց, որպեսզի ննջեցյալի հագուստներն ու կապանքները վկայեն մահվան մասին, իսկ նրա անասելի հնազանդությունն ու երկյուղածությունը ազդարարեն Տիրոջ իշխանության մասին: «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի», և նա, քայքայված լինելով, ոտքի ելավ, փտած լինելով զգաց, ննջեցյալ լինելով ենթարկվեց, կապված լինելով վազեց և նա, ում համար ողբում էին՝ վեր ելավ: Ավետարանիչն ասում է, այս ասաց, բարձր ձայնով աղաղակելով. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Թվում է, թե այս ազդարարությամբ Հիսուս Քրիստոս նկարագրում է գալիք հարությունը, քանի որ ասված է. «Փողը պիտի հնչի և մեռելները հարություն պիտի առնեն»: Երբ մահացածը գերբնական կերպով դուրս ելավ դագաղից, աստվածային զորության նշան ցույց տրվեց ներկաներին և Ղազարոսի գերեզմանի բացվելու հետ բացվեց նաև Քրիստոսի զորությունը: Ղազարոսի հարությամբ ցույց տրվեց պարտություն կրած մահն ու փափագելի հարությունը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․