18 Մայիս, Եշ, Հինանց Խ օր Համբարձում

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հիսուս Քրիստոսի համբարձմանը նվիրված տոնը հիշատակում է Հարությունից քառասուն օր հետո: Համբարձումը՝ Հիսուսի փառավորյալ մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմը նստելու հիշատակն է (Մարկոս 16:16-20, Ղուկաս 24:50-53, Գործք. 1:4-11): Այս տոնը շարժական է և նշվում է ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում: Քանի որ Համբարձման տոնը կատարվում է Հարության կիրակիից՝ Զատիկից քառասուն օր անց, այն միշտ տոնվում է հինգշաբթի օրը: Տոնակատարությունը տևում է տասը օր մինչև Հոգեգալուստ:

Համբարձումը տեղի ունեցավ Ձիթենյաց լեռան (այժմ՝ Համբարձման լեռ) վրա առաքյալների ներկայությամբ: Հարությանը հաջորդած քառասուն օրերի ընթացքում հարուցյալ Տերը խորհրդավոր կերպով, բայց մարմնապես երևում էր աշակերտներին, տալիս Իր պատգամները, խոսում նրանց հետ եկեղեցու կազմավորման, Աստծո արքայության, նրանց առաքելական կոչման, հետագա գործունեության և այլ կարևորագույն հարցերի շուրջ: Քրիստոս այդ 40 օրերի ընթացքում չդադարեց քարոզելուց՝ երևալով ոչ միայն Իր աշակերտներին, այլև մորը, յուղաբեր կանանց և այլոց։ «Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով քառասուն օրերի ընթացքում խոսելով Աստծու արքայության մասին» (Գործք Առաքելոց 1:3-4)։ Իսկ վերջին օրը, երբ հայտնվեց աշակերտներին, պատվիրեց չհեռանալ Երուսաղեմից, այլ սպասել Սուրբ Հոգուն, որ Աստծո խոստման համաձայն պետք է իջներ: «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք և Ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք Առաքելոց 1:8):

Այս ամենից հետո Քրիստոս՝ աշակերտների ուղեկցությամբ գնաց մինչև Բեթանիայի Ձիթենյաց լեռը: Ապա ասաց. «Ամեն իշխանություն տրվեց Ինձ երկնքում և երկրի վրա: Ինչպես որ Հայրն Ինձ ուղարկեց, այնպես էլ Ես ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտնե՛րը դարձրեք: Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ: Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:18-20): Հարուցյալը բարձրացրեց ձեռքերը, օրհնեց Իր ավետաբերներին և աստիճանաբար սկսեց հեռանալ նրանցից. «Եվ մինչ Նա օրհնում էր, բաժանվեց նրանցից՝ բարձրանալով դեպի երկինք» (Ղուկաս 24:50): Քիչ հետո լուսավոր մի ամպ Նրան ծածկեց առաքյալների տեսողությունից:

Մինչ առաքյալները զարմացած նայում էին Տիրոջ երկինք համբարձվելուն, այդ պահին երևացին երկու սպիտակազգեստ մարդիկ ու ասացին. «Ո՛վ գալիլեացիներ, ինչո՞ւ եք կանգնած նայում երկնքին, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք բարձրացավ, գալու է նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք Առաքելոց 1:11): Այս խոսքերով հրեշտակները առաքյալներին հայտնում են Քրիստոսի երկինք բարձրանալը և վերստին գալուստը:

Լսելով հրեշտակներից այդ սփոփիչ լուրը՝ առաքյալները մեծ ուրախությամբ երկրպագեցին Արարչին, թողեցին Ձիթենյաց լեռը ու Երուսաղեմ վերադարձան: Առաքյալները ուրախ էին, քանի որ Տերն ասաց. «Իմ հոր տան մեջ շատ տեղ կա, եթե այդպես չլիներ, չէի ասի ձեզ, թե գնում եմ և ձեզ համար տեղ կպատրաստեմ: Եվ երբ գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի, որտեղ Ես եմ գտնվում, դուք ևս լինեք այնտեղ» (Հովհաննես 14:2-3):

Առաքյալները, երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ որոշեցին Տիրոջ ապավինությամբ և օգնությամբ վիճակ գցել ու համալրել մատնիչ Հուդա Իսկարիովտացու թափուր տեղը: Վիճակն ընկավ Մատաթիային:

Համբարձման տոնը բոլոր տոների ու տնօրինական խորհուրդների ամբողջացումն է: Մարդու համար այսօրվա պատիվը պայծառ է ու հրաշալի, քանի որ Տերը մեր անպատիվ բնությանը Իր հետ հարություն տալով, տարավ դեպի անզուգական փառքը՝ Իր հետ նստեցնելով երկնքում՝ ամեն իշխանության, պետության, զորության ու տերության վրա (Եփեսացիներ 1:20):

Քրիստոս Իր գալստյամբ սրբեց և օրհնեց բոլոր արարածներին, որոնք անեծքի տակ էին: Տերն առնելով մեր բնությունն ու շրջելով երկրի վրա, ջրում մկրտվելով և գերեզմանում թաղվելով՝ սրբեց հողն ու ջուրը, իսկ մեռելներից հարություն առնելով և քառասուն օր օդում լինելով՝ սրբեց օդն ու հուրը:

Համբարձմամբ թեև Տերը մարմնով բաժանվեց մեզանից, սակայն Հոգով միշտ մեզ հետ է և Իր ամենազոր ձեռքերի տակ է առնում բոլոր նրանց, ովքեր Տիրոջ կամքն են կատարում։ Քրիստոս համբարձվեց, քանի որ, ինչպես Ինքն էր ասել, «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհաննես 16:7): Ուստի Տիրոջ համբարձումը մեզ համար նաև Հոգեգալստյան պարգևի պատրաստումն էր։

Ամեն տարի Համբարձման տոնի օրը հիշատակվում է նաև 1441թ-ին Սսից հայոց Հայրապետական Աթոռի՝ կաթողիկոսական նստավայրի փոխադրումը Սուրբ Էջմիածին: 485 թ. սկսած Հայրապետական Աթոռը փոխադրվել է Դվին, Արուճ, Աղթամար, Արգինա, Անի, Թավբլուր, Ծամնդավ, Ծովք, Հռոմկլա և Սիս։

Թեև Հայրապետական Աթոռը թափառեց տեղից տեղ, սակայն նրա աստվածահաստատ վայրը մնաց Սբ. էջմիածինը, որովհետև այստեղ էր իջել Հիսուս Քրիստոս, և այստեղից էր դարեր շարունակ հայ ժողովրդին և Հայ եկեղեցուն բաշխվում այն փառքի լույսը, որը Քրիստոս հանձնել էր հայոց հողին։

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․