Գրքեր
22 Սեպտեմբեր, Գշ, Պահք Ս.Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օր

Ս. Փեփրոնեն Մծբին քաղաքից էր և մանուկ հասակից կրոնավորության ուխտ անելով` վանք էր մտել: Ս. Հռիփսիմեի նման ենթարկվել է Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին: Երբ կայսեր հավատաքննիչները 305 թվականին Մծբին են հասնում, վանքի միաբանությունը ստիպված հեռանում է, իսկ հիվանդ Փեփրոնեն մնում է վանքում իր ուսուցչուհու՝ Վրենի և քույր Թումայիսի հետ: Հեթանոս Սեղինոս դատավորը փորձում է համոզել գեղեցիկ կույսին քրիստոնեությունից հրաժարվել և խոստանում նրան իր ազնվական եղբորորդու՝ Լյուսիմաքոսի հետ ամուսնացնել: Սակայն Փեփրոնեն պատասխանում է, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսին՝ կուսության պսակն ընդունելով: Զայրացած Սեղինոսը հրամայում է նախ նրա ձեռքերն ու ոտքերը կտրել, ապաª գլուխը: Լյուսիմաքոսը նրա մահը տեսնելով` հավատի է գալիս և հրամայում նրան պատվով թաղել, իսկ Սեղինոսը, կույսի անպատմելի տանջանքներին ականատես` խելագարվում և ինքնասպան է լինում: 
 

Ս.Մարիանեն Պիսիդյան Անտիոքից էր: Նա քաղաքի քրմի միակ դուստրն էր և վաղ հասակում մորից զրկվելով` քրիստոնյա ստնտուի խնամքին է հանձնվում: Երբ արդեն մեծ էր, հայրը նրան ցանկանում է քրմուհի դարձնել, սակայն աղջիկը հրաժարվում է ուրանալ Քրիստոսին և ծառայել անմռունչ կուռքերին: Հայրը նրան տնից վռնդում է, և Ս. Մարիանեն գնում է իր ստնտուի մոտ, սակայն քիչ ժամանակ անց ձերբակալվում է և գլխատվում:

Ս. Շուշանը Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր, որին նախապես Վարդենի էին կոչել, բայց հայոց պատմության և վարքաբանության մեջ հայտնի է Շուշան փաղաքշական անունով: Նա ամուսնացած էր վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ: Չնայած նրանք 3 տղա և 1 աղջիկ ունեին, սակայն ամուսինը, բդեշխ դառնալով, կրոնափոխ էր եղել  և ամուսնացել պարսիկ Պերոզ իշխանի զոքանչի հետ: Իսկ Շուշանը եկեղեցուն կից մի փոքրիկ տնակում, ապրում էր աղոթքներով` միշտ մերժելով իր ամուսնու` դավանափոխ լինելու առաջարկներն ու սպառնալիքները: Ս. Շուշանիկը 7 տարի անընդմեջ իր ամուսնուց հալածվում է` ապավինելով միայն իր աներեր հավատին առ Աստված և պապից` Ս. Սահակից իրեն կտակված Ս. Ավետարանին: Ս. Շուշանը 470 թվականին իր կյանքն ավարտում է մարտիրոսական մահով: Ըստ Ոխտանես պատմիչի` նրա գերեզմանը Ցուրտավում է: 

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․