21 Նոյեմբեր, Գշ, Հինանց պահքի Բ օր Երեքամյա Սուրբ Աստվածածնին տաճարին ընծայման տոն
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հավատարիմ սրբազան ավանդությանը՝ ամեն տարի նոյեմբերի 21-ին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին տաճարին ընծայելու տոնը: Ամենագովելի Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, որովհետև Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր: Աստվածամայրը աստվածատուր զավակ է և դեռևս որովայնից ընտրյալ. նրա ծնունդը հրեշտակն է ավետել: Հայրը՝ Հովակիմը, Դավթի ցեղից, բարեպաշտ և մեծահարուստ մարդ էր, իսկ մայրը՝ Աննան, քահանայական տնից, համեստ ու երկյուղած կին: Ամուսինները հայտնի էին իրենց բազում առաքինություններով. Աստծո երկյուղն ունենալով իրենց սրտում՝ անկեղծ մտքով ու հոժար կամքով ծառայում էին Աստծուն: Սակայն Հովակիմն ու Աննան երկար տարիներ ամուսնական կյանքով ապրելուն՝ զուրկ էին երեխաներից, որովհետև Աննան ամուլ էր: Իսկ այն ժամանակներում անզավակությունը մեղք և Աստծո պատիժ էր դիտվում և շարժառիթ էր ամեն կարգի նախատինքի ու արհամարհանքի: Հովակիմն ու Աննան աղոթքով Տիրոջից զավակ էին խնդրում և չնայած տարեց հասակին՝ չէին հուսալքվում: Մի օր, երբ Հովակիմը տաճարում Տիրոջը զոհ էր մատուցում, քահանան նրան ասաց, որ ամենավերջում ներկայանա, քանի որ զավակ չունի: Հովակիմի հոգին խոցվեց, նա տխուր դուրս եկավ տաճարից և տուն վերադառնալու փոխարեն գնաց լեռները՝ հովիվների մոտ, ուր անդադրում, արցունքոտ լի աչքերով աղերսում էր Աստծուն հանել իրենից անզավակության այդ անպատվելի վիճակից: Իսկ Աննան՝ նրա բարեպաշտ կողակիցը, իմանալով ամուսնու տանից հեռանալը, սկսեց լալագին արտասվել, բայց և անտրտունջ Տիրոջ բարեգթությունը խնդրել. «Տեր, հիշի՛ր իմ տառապանքները և օրհնի՛ր ինձ, ինչպես օրհնեցիր Աբրահամին՝ Սառայի միջոցով, տալով նրա Իսահակ որդուն»: Տիրոջ հրեշտակը հայտնվեց Հովակիմին ու Աննային և հայտնեց, որ նրանց աղոթքները լսվեցին, Աստված նրանց մանուկ կպարգևի, որի անունը ամբողջ աշխարհում պիտի տարածվի: Աննան ուխտեց, որ եթե զավակ ունենա, Աստծուն պիտի ընծայի: Այդպես էլ պատահեց: Երբ լրացան օրերը, Նազարեթ փոքրիկ քաղաքում ծնվեց Դավիթ թագավորի դուստրը՝ Սրբուհի Մարիամը: Մարիամ անունը տարբեր լեզուներում տարբեր կերպ է ստուգաբանվում- բարձրություն, տիրուհի, լուսապայծառ, ծովի աստղ, հույս, լուսավորյալ և այլն: Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում, և բոլոր լսողներն օրհնեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսային՝ Սուրբ Կույսի և առաքյալների մասին. «Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ և նրանց սերունդները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե՝ «Սրանք Աստծո օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն ի Տեր» (Եսայի 61.9): Իրենց ուխտին հավատարիմ՝ Հովակիմն ու Աննա, Մարիամին երեք տարի պահելուց հետո, տարան Երուսաղեմի տաճար՝ Տիրոջն ընծայելու: Երբ նրան դրեցին տաճարի սանդուղքի առաջին աստիճանի վրա, ի զարմանս ներկաների, առանց որևէ մեկի օգնության բարձրացավ տասնհինգ աստիճաններով: Մուտքի մոտ Սուրբ Մարիամին ընդառաջ եկավ Զաքարիա քահանայապետը: Նա՝ հիացմունքով և զարմանքով համակված, հատուկ հայտնությամբ ասես կանխազգալով մանկան Աստվածամայր դառնալու նախասահմանումը, առաջնորդեց նրան Սրբության Սրբոցը: Դա Երուսաղեմի տաճարի այն վայրն էր, ուր միայն քահանայապետին էր թույլատրվում մտնել և այն էլ տարին մեկ անգամ: Ամեն տարի ծնողները Մարիամին տանում էին տաճար, մինչև լրացավ նրա յոթ տարին: Որոշ ժամանակ անց Մարիամը միացավ այրիներից և սրբակրոն կույսերից կազմված մի խմբի, որոնք բարեպաշտ կյանքով բնակվում էին տաճարի հովանու ներքո: Նա աչքի էր ընկնում իր բարեպաշտությամբ, մեծ խոնարհությամբ և հեզությամբ: Մարիամը յոթ ամսական է ծնվել, և յոթ ամսականում դուրս եկան նրա առաջին ատամները: Յոթ ամսականում առաջին անգամ նա քայլեց՝ յոթ քայլ, և յոթ տարեկանից սկսեց ապրել տաճարում: Նա արժանապես ընդունեց Սուրբ Հոգու յոթնարփյա շնորհները՝ զարդարվելով յոթ առաքինություններով: Ամենագով մանուկը բնակվեց տաճարում իբրև անբիծ աղավնի, աճեց ու զարգացավ հասակով և իմաստությամբ: Եվ հրեշտակներն աղավնակերպ իջնում էին տաճարի մեջ և Մարիամին կերակրում: Մարիամն իր առաքինի վարքով մնաց տաճարում յոթ տարի և ամեն օր հոգով կրթվում էր պարկեշտության մեջ: Յոթ տարի սրբությամբ և աղոթքով Երուսաղեմի տաճարում մնալուց հետո Մարիամը դարձավ Հովսեփի նշանածը և այդ օրերին ստացավ Գաբրիել հրեշտակապետի ավետիսը: Աստվածամայրը տիեզերական եկեղեցու մեծագույն սրբուհին է, և նրան միշտ ունենք բարեխոս առ Միածին Որդին: «Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն» (Առակներ 31.29-30):
Կազմեց Կարինե Սուգիկյանը