1 Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով: 2 Քո ստինքներն աւելի լաւ են գինուց, եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից: Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ 3 եւ դէպի իրենց ձգեցին քեզ: Մենք կգանք քո օծման իւղերի հոտի յետեւից: Արքան ինձ իր սենեակը տարաւ: Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի: Արժանին սիրեց քեզ: 4 «Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՛վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման: 5 Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ: Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրեցին, բայց ես իմ այգին չպահպանեցի: 6 Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ո՞ւր ես քո հօտը հովւում, ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»: 7 «Եթէ չգիտես, ո՛վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերով եւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ: 8 Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին: 9 Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման, եւ գեղեցիկ է քո պարանոցը, ասես մանեակներով զարդարուած լինի: 10 Մենք քեզ կզուգենք ոսկէ զարդի պէս, որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, 11 մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»: