28 Նոյեմբեր, Եշ
24 Փետրվար, Շբ, Մեծ պահքի ԺԳ օր Երուսաղեմի Սուրբ Կյուրեղ Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օր
Կյուրեղ Երուսաղեմացի
Հակառակ այն բանի, որ ինքը եկեղեցու նշանավոր հայրերից է, մենք նրա մասին քիչ բան գիտենք: Համարվում է, որ ծնվել է 315 թ.-ին: 349թ.-ին դարձել է Երուսաղեմի եպիսկոպոս: 357թ.-ին արիոսականների կողմից աքսորվում է: Երկու տարի մնալով աքսորում վերադառնում է: Մինչ 378 թ.-ը երկու անգամ աքսորվում է, որից հետո վերջնականապես հաստատվում է իր աթոռին:
380թ.-ին Գրիգոր Նյուսացին, Անտիոքում գումարված ժողովի որոշմամբ, ուղարկվում է Երուսաղեմ՝ քննելու համար Կյուրեղի տեսություն ուղղափառությունը: Նյուսացին թեև տեսավ, որ քրիստոնյաները պառակտված են և անբարոյությունը տարածված է քաղաքում, բայց Կյուրեղի հավատն ուղղափառ գտավ: Կյուրեղը 381 թ.-ին մասնակցեց Կ. Պոլսի տիեզերական ժողովին և 386 թ.-ին մահացավ խաղաղության մեջ:
Կյուրեղի գլխավոր գործը, որով կարևոր տեղ է գրավել եկեղեցական աստվածաբան հայրերի մեջ՝ «Կոչումն Ընծայության» գիրքն է, որը բաղկացած է 18 ճառերից և գրվել է նախքան նրա պատրիարք լինելը, այսինքն 347թ.-ին, մկրտության պատրաստվող մեծահասակների համար, որոնք, սովորաբար, Ս.Մկրտության կնիքը ստանում էին Զաստկական Ճրագալույցին: Այն ամենն, ինչ որ անհրաժեշտ է քրիստոնյային իմանալու համար, սովորեցնում է Կյուրեղ վարդապեստն իր այս գրքում, որը արդեն 5-րդ դարում թարգմանվել է հայերեն: Այս գործի հունարեն տարբերակը թվով հինգ ճառեր, գրված է հատկապես մկրտվածների համար: Այդ ճառերը հայկական տարբերակում բացակայում են;
Հայտնի է նաև Ս. Խաչի երևման առիթով Կոնստանդիանոս կայսրին ուղղված Կյուրեղի նամակը, որը մինչ այսօր, Ս. Խաչի երևման տոնին, ընթերցվում է մեր եկեղեցում;
Կյուրեղ Երուսաղեմացին ունի նաև զանազան ճառեր, որոնցից հայերեն են թարգմանվել Տեառնընդառաջի, Համբարձման, Ս. Հոգու, Եկեղեցու Նավակատիքի, և Ս. Խաչի մասին գրվածները, ինչպես նաև Եսայի մարգարեի մարգարեության մեկնության մի հատված և աղոթք:
Հայ եկեղեցին տարեկան երկու անգամ է տոնում սրբի տոնը՝ նախ մեծ պահքի երկրորդ շաբաթ օրը և ապա տիեզերական տասներկու վարդապետների հետ՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:
Հուդա Կյուրեղ
Մեր ձեռքի տակ եղած Հայսմավուրքներից Փեստիմալնճյանի տպագրածի մեջ ոչ մի հիշատակություն չգտանք այս սրբի մասին, իսկ Մարզվանցու հրատակարած Հայսմավուրքի մեջ լայնորեն ներկայացված է այս սրբի և իր մոր՝ Աննայի նահատակությունը:
Ըստ Հայսմավուրքների, Երուսաղեմում ապրող մի հրեա էր նա, Հուդա անունով: Երբ Հեղինե թագուհին Երուսաղեմ է գալիս Քրիստոսի Ս. Խաչափայտը գտնելու նպատակով, այս խնդրով հարցաքննում է հրեաներին: Հրեաները Հուդային են մատնացույց անում, իբրև այդ խնդրի մասին ամենաիրազեկը: Թեև նա նախապես չէր ցանկանում հայտնել Ս. Խաչի ուր լինելը, բայց ճնշումների արդյունքում խոստովանեց և ցույց տվեց Խաչի թաղված տեղը: Հետագայում ցույց տալով Խաչի տեղը և ականատես լինելով կատարված հրաշքներին՝ իր մոր հետ քրիստոնյա է դառնում և ստանում Կյուրեղ անունը: Ապա եպիսկոպոս է ձեռնադրվում և Երուսաաղեմի Կյուրեղ հայրապետի աքսորի ժամանակ տեղապահություն է անում: Երբ Հուլիանոս Ուրացող կայսրը Երուսաղեմ եկավ, սաստիկ չարչարանքների ենթարկեց նրան և իր մորը: Ի վերջո 360 թվականին նիզակախոց սպանվեց սուրբ եպիսկոպոսը:
Հիշատակվում է Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը, իր մոր և Կյուրեղ Երուսաղեմացի Սուրբ հայրապետի հետ միասին:
Աննա
Մայրն է երուաղեմի Հուդա-Կյուրեղ եպիսկոպոսի, որը Հեղինէ թագուհուն Ս. Խաչի թաղման տեղը ցույց տվեց: Երկուսն էլ երկար ապրեցին՝ մինչև Հուլիանոս Ուրացող կայսրի օրերը` 360թ, և երկուսն էլ անտանելի չարչարանքների ենթարկվելով՝ մարտիրոսական պսակների արժանացան:
Մենք երկուսին էլ միասին ենք տոնում՝ Մեծ պահքի երկրորդ շաբաթ օրը Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի հետ:
«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը