15 Հունիս, Շբ Տոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիները անցկացրեց առանձնության մեջ՝ ճգնելով Սեպուհ լեռան Մանյա անունով մի քարայրում: Քարայրը Մանյա էր կոչվում, քանի որ այստեղ ժամանակին Սբ. Հռիփսիմյանց կույսերից Մանեն էր բնակվում: Երբ նրա քահանայապետության երեսուն տարին լրացավ, «բարի պատերազմը պատերազմած, հավատը պահած, ընթացքը ավարտած և անթառամ պսակին հասած», Տիրոջ հրամանով ելավ Սեպուհ լեռան կատարը և առանձնացավ լռության մեջ: Սբ. Գրիգորը, ապրելով քարայրում, բոլորովին չմոռացավ իր առաքելության մասին. երբեմն-երբեմն թողնում էր քարայրը և այցելում ժողովրդին, իր աշակերտների հետ միասին մեկնում էր քարոզչական շրջագայության և բոլորին իրենց հավատքի մեջ հաստատում: Տրդատը, նկատի ունենալով Լուսավորչի պարբերաբար մեկուսացումները, Կեսարիայից բերել տվեց նրա որդիներին՝ Արիստակեսին, որ արդեն կուսակրոն կյանքն էր ընտրել և Վրթանեսին, որ ամուսնացած և երկու զավակների հայր էր: Նրանք եպիսկոպոս ձեռնադրվեցին իրենց հոր կողմից և օգնական կարգվեցին հայրապետանոցում և արքունիքում: Ծերունի հայրապետի վերջին այցելությունը Վաղարշապատ կապված էր որդու՝ Արիստակեսի՝ 325 թ. Ա Տիեզերական ժողովից վերադառնալու հետ: Նա այլևս չլքեց իր ճգնարանը: Այդ խաղաղ քարայրի մեջ, շատ հուզիչ լռությամբ տեղի ունեցավ Հայոց երկրորդ Լուսավորիչ՝ Սբ. Գրիգոր Հայրապետի մահը, միայնակ, առանց որևէ մեկի ներկայության: Նա Աստծուն ավանդեց իր անարատ հոգին՝ լինելով մենակ Աստծո հետ: Նրա մահվան հանգամանքներն անհայտ են: Միայն որոշ ժամանակ անց տեղաբնակ հովիվները, երբ պատահմամբ քարայր մտան՝ հանգստանալու, գտան քաջ հովվի անշնչացած մարմինը, առանց իմանալու՝ ով է և ենթադրելով, որ պարզ ճգնավոր է, քարակույտի տակ ամփոփեցին նրա մարմինը և հեռացան:

Տարիներ հետո Բասենցի Գառնիկ անունով մի ճգնավորի աստվածային տեսիլքով հայտնվեց նրա թաղման տեղը: Վերջինս հայոց հայրապետի նշխարները փոխադրեց և ամփոփեց Դարանաղյաց գավառի Թորդան ավանում: Հետագայում այդ վայրում կանգնեցրին մի վկայարան: Այս հիշատակը չմոռացվեց և Լուսավորչի նշխարների գտնվելու այս պատմությունն է ընկած «Գյուտ նշխարաց» տոնի հիմքում:

Հայտնի չէ, թե Լուսավորչի՝ Թորդանում ամփոփված նշխարները որ ժամանակներից սկսած բաժանվեցին տարբեր վայրեր: Նշխարների մի մասը տարվեց քաղաքամայր Վաղարշապատ, մինչև անգամ Բյուզանդիոն և Իտալիա: 5-րդ դարում Թորդանից Զենոն կայսրը (474-491թթ.) Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները տարավ Կ.Պոլիս, իսկ հետո, 7-րդ դարում Քրիստոսի շնորհով Գրիգոր Պատրիկի ձեռքով բերվեց Հայաստան: Նրա ոսկորների կեսը դրվեց Զվարթնոցում, իսկ մնացածը պահվեց այլ եկեղեցիներում և բազում վայրերում: Հետագայում հայ կույսերը Սբ. Գրիգորի ոսկորներից Զվարթնոցի տաճարից տեղափոխեցին Նեապոլ (Իտալիա), որտեղ եկեղեցի կառուցվեց ի պատիվ Լուսավորչի: Սբ. Գրիգորը Նեապոլ քաղաքի երկրորդ պահապան սուրբն է Սբ. Գենարիոսից հետո և ունի հատուկ տոն սեպտեմբերի 30-ին:

Սբ. Էջմիածնում է պահպանվում նաև նշխարներից նրա լուսընկալ և շնորհաբաշխ Սուրբ Աջը: Այն սրբալույս Մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է և Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը:

Ի նշանավորումն քրիստոնեության Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը 2000թ. նոյեմբերին հայրենիք բերեց Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքներից: Այդ մասունքները դրվեցին Երևանի նորակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներից երրորդը՝ նշխարների գյուտը, տոնում է Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը: Այս տոնն ունի իրեն նախընթաց շաբաթապահք:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․