28 Նոյեմբեր, Եշ
18 Հունիս, Գշ Սուրբ Դանիել մարգարեի և երեք մանուկների՝ Սեդրակի, Միսաքի և Աբեդնագովի հիշատակության օր
Դանիել Մարգարե
Եզեկիելի նման Դանիելն էլ այն գերյալներից էր, որոնք 597թ.-ին թագավորի և արքունիքի հետ գերեվարվեցին Բաբելոն: Դանիելը երիտասարդ էր, երբ գերեվարվեց, ուստի նա էլ մյուս երիտասարդների նման Իսրայելի գերյալների միջից ընտրվեց, որպեսզի ուսում ստանա և ի վերջո պետական պաշտոն զբաղեցնի: Այս տղաներն, ըստ արքայական հրահանգի, «Թագավորական տոհմից և ազնվականներից էին, առանց արատի, գեղեցիկ դեմքով, ամեն իմաստությանը խելահաս, գիտությանը հմուտ, խելացիությամբ օժտված և թագավորական պալատում սպասավորելու ունակ»:
«Սրանք պիտի դաստիարակվեին քաղդեացիների լեզվով և սովորություններով» (Դան. 1:3-7): Արքայական սեղանից պիտի օգտվեին, նրանց դաստիրակությունը երեք տարի պիտի տևեր և դրանից հետո ծառայության պիտի անցնեին: Դանիելի հետ էին նաև իր երեք ընկերները՝ Անանիան, Ազարիան և Միսայելը: Վերակացուն սրանց անունները փոխեց և Դանիելին Բաղդասար անվանեց, Անանիային՝ Սեդրակ, Ազարիային՝ Աբեթնագով, Միսայելին՝ Միսակ: Սակայն Դանիելն իր երեք ընկերներով որոշել էին չհրաժարվել իրենց հայրերի կրոնից և օրենքներից, և նախատեսելով, որ արքայական սեղանին պիտի մատուցվեին հրեական կրոնին հակառակ կերակուրներ, իրենց վերակացուից խնդրեցին, որ իրենք միայն ընդեղենով կերակրվեն և գինու փոխարեն ջուր խմեն: Տասնօրյա փորձաշրջանից հետո, երբ վերակացուն տեսավ, որ բանջարեղենով և ջրով սնվողները խորտիկներով սնվողներից ավելի առողջ տեսք ունեին, ընդառաջեց նրանց խնդրանքին:
Դանիելի գրքում կան բազմաթիվ սրտաշարժ և հետաքրքրական միջադեպեր, որոնք անհնար է մեկ առ մեկ շարադրել, սակայն դրանք հաստատում են Դանիելի Աստվածային իմաստությամբ լցված լինելը և նախախնամության բացառիկ պաշտպանությունը վայելելը: Օրինակ՝ Շուշան անունով մի անմեղ կնոջ հետ կապված միջադեպը, որի վրա աչք են դնում երկու վատաբարո ծերունիներ և զրպարտանքի սպառնալիքով պահանջում են, որ Շուշանը նրանց հետ լինի: Կինը նախընտրում է զրպարտվել և քարկոծվել, քան թե Աստծո առջև մեղք գործել: Ծերերը նրան ժողովրդի մոտ զրպարտում են և քարկոծ անելու որոշում են կայացնում: «Սակայն Աստված Իր Հոգին արթնացրեց Դանիել երիտասարդի մեջ», որը դեպքին միջամտելով՝ պահանջեց, որ ծերերին առանձին-առանձին հարցաքննեն: Ժողովրդի ներկայությամբ հարցաքնությամբ հակասություններ գտան նրանց վկայությունների մեջ և անմեղի փոխարեն սուտ վկայություններ տվողները քարկոծվեցին:
«Եվ Դանիելը այդ օրը և դրանից հետո մեծ դարձավ ժողովրդի առաջ» (գլուխ 13): Սակայն Դանիելի համբավը և բարձրացումը առավելաբար սկսվեց այն օրվանից, երբ նա մեկնեց Նաբուգոդոնոսոր արքայի երազներից մեկը, որը չէին կարողացել մեկնել նրա «գիտնականները, մոգերը, կախարդները և աստղագետները» (գլուխ 2):
Դանիելի բարձրացումը պետական օղակներում նախանձ առաջացրեց, և չկարողանալով որևէ զրպարտություն գտնել նրա գործերում, քանի որ նա անկաշառ, կարող և իմաստուն պետական պաշտոնյա էր, նրա կրոնին դիպան: Թագավորին համոզեցին հրովարտակ արձակել, որի համաձայն, ով որ երկրում գոյություն ունեցող աստվածներից բացի ուրիշ աստվածներ պաշտեր՝ առյուծների գուբը պիտի նետվեր»: Դանիելն իր տան մեջ մի վերնատուն էր կառուցել տվել, որի պատուհանները դեպի Երուսաղեմ էին բացվում: Այնտեղ ամեն օր, երեք անգամ դեպի Երուսաղեմ դառնալով, աղոթում էր: Այս պարագան հանձնեցին թագավորի դատին: Թագավորը իրականությունը ճշտելով՝ հարկադրվեց հրամայել, որ նրան առյուծների գուբը նետեն: Հաջորդ առավոտյան թագավորն անձամբ եկավ գուբի մոտ Դանիելին սգալու, քանի որ շատ էր սիրում նրան և մեծ հարգանք ուներ նրա հանդեպ: Վերևից թախծորեն ձայնեց թագավորը. «Դանիել, Աստծո ծառա, արդյոք քեզ քո Աստվածը, որին դու միշտ պաշտում էիր, կարողացավ ազատել առյուծների երախից»: Դանիելը պատասխանեց. «Արքա, հավերժ ապրիր, քանի որ իմ սիրտը ուղիղ էր Նրա առջև և քո դեմ էլ որևէ հանցանք չեմ գործել, Արքա, իմ Աստվածը իր հրեշտակին ուղարկեց և նա փակեց առյուծների երախը և նրանք ինձ չվնասեցին»: Այդ ժամանակ ուրախացավ թագավորը և հրամայեց Դանիելին հանել գբից և նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, քանի որ իր հավատը ամրորեն իր Աստծո վրա էր դրել: Ապա չարախոսները գուբը նետվեցին և առյուծները լափեցին նրանց (գյուխ 6):
Շեշտված նմանություններ կան Հովսեփ Գեղեցիկի և Դանիելի կյանքի մեջ:
Երկուսն էլ իրենց մատաղ տարիքում գերի տարվեցին օտար երկիր, օրինակելի երիտասարդ եղան և բարձր դիրքերի հասան:
Երկուսն էլ անարդարության հանդիպեցին և դրանից դուրս եկան ավելի փորձված և հղկված: Երկուսն էլ երազների մեկնությամբ սկսեցին բարձրանալ: Երկուսն էլ, ապականված հեթանոս միջավայրում անարատ կյանքով ապրեցին: Երկուսն էլ իրենց հայրենիքից հեռու՝ օտար երկրներում մահացան:
Դանիելը Եսայի մարգարեի նման մարգարե եղավ, այսինքն, որքանով որ պետական պաշտոնյա էր, այդքանով և ավելի Աստծո մարդն էր: Իր գրքի երկրորդ կեսը խորհրդավոր և պատկերալից տեսիլքներ են, որոնք, պատռելով ապագայի թանձր վարագույրը, լույս են սփռում գալիքի և Աստծո ծրագրի վրա: Նրա տեսիլքները հայտնութենական բունութագիր ունեն:
Նոր Կտակարանում առնվազն մեկ անգամ հիշվում է նա՝ Քրիստոսի վերջին հայտնութենական քարոզի մեջ. (Մրկ. 13:14): Իսկ իր տեսիլքներում հայտնված «Մարդու Որդին», որին «Իշխանություն, պատիվ և արքայություն տրվեց, և որին պիտի ծառայեն բոլոր ազգերը և լեզուները, և որի իշխանությունը հավիտենական է, իսկ թագավորությունն աննվազելի» տառացիորեն նմանվում է Նոր Կտակարանյան «Մարդու Որդու»՝ Քրիստոսի հետ:
Դանիելը մեր եկեղեցում տոնվում է իր երեք ընկերների հետ:
Երեք մանուկներ՝ Սեդրակ, Միսաք և Աբեդնագով
Սրանք Դանիել մարգարեից անբաժան են՝ թե՛ տոնակատարությամբ և թե՛ պատմությամբ:
Տեսանք, որ այս երեք մանուկներ կոչվածները՝ Անանիան, Ազարիան և Միսայելը, Դանիելի և ուրշների հետ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի հրամանով ընտրվել էին, որպեսզի բարձր ուսում ստանային և հետագայում բարձր պաշտոններ զբաղեցնեին: Արդարև իրենց ուսման ավարտին որպես իշխաններ նշանակվեցին «բաբելացիների աշխարհի գործերի վրա»: Այդ բարձր դիրքում էլ երբեք չմոռացան Աստծուն և շարունակեցին Նրա օրենքներին հավատարիմ մնալ, ինչը որ բացահայտվեց մի հանդիսավոր առիթով:
Նաբուգոդոնոսոր արքան մի ոսկի արձան էր կանգնեցնել տվել և դրա նավակատիքի, այսինքն բացմանը մասնակցելու համար հրավիրել էր երկրի բոլոր մեծամեծներին, որոնց թվում նաև այս երեք երիտասարդ գործակալներին: Միջոցառումը այս արձանի երկրպագությունն էր, որը հանդիսանում էր Բաբելոնյան կուռքերի գերագույն մարմնացումը:
Երեք ընկերները երկրպագելը մերժում են՝ ասելով. «Մենք երկնքում մեր Աստվածը ունենք, որին արդեն պաշտում ենք, և այս թող քեզ հայտնի լինի, արքա, որ մենք քո կուռքերին չենք կարող պաշտել և ոչ էլ երկրպագել կարող ենք քո կանգնեցրած ոսկե արձանին»:
Թագավորը բնականաբար կատաղեց և հրամայեց նրանց բորբոքված հնոցի մեջ նետել: Այն հրաշքը պատահեց, որին որ մանուկները հավատում էին, որ պիտի պատահի, եթե Աստված կամենա:
Հնոցում ոչ միայն չայրվեցին, այլև Աստծուն օրհնաբանող երգեր երգեցին: Նաբուգոդոնոսորը, լսելով նրանց օրհնաբանության ձայները, անչափ զարմացավ, բայց առավել ևս զարհուրեց, երբ նրանց հետ մի չորրորդ էակ էլ նշմարեց, «Որը իր տեսքով նման էր Աստծո Որդուն»: Ուստի դուրս կանչեց «Բարձրյալ Աստծո ծառաներին… և տեսան, որ կրակը նրանց մարմիններին ոչ մի վնաս չէր հասցրել, չէին խանձվել նրանց մազերը և անգամ այրվածի որևէ հոտ չէր գալիս նրանց վրայից» (Դան 3 գլուխ):
«Եվ Նաբուգոդոնոսոր թագավորն Աստծո առջև երկրպագելով՝ ասաց. «Օրհնյալ թող լինի Սեդրակի, Միսակի և Աբեթնագովի Աստվածը, որն իր հրեշտակին ուղարկեց և փրկեց իր ծառաներին, քանզի նրանք Իրեն հուսալով՝ թագավորի հրամաններին չհնազանդվեցին և իրենց մարմինները այրվելու մատնեցին, որպեսզի չպաշտեն ուրիշ աստվածների՝ բացի իրենց Աստծուց: Եվ այժմ ես հրաման եմ արձակում, բոլոր ազգերի և լեզուների համար, թե ով որ որևէ հայհոյական խոսք ասի Սեդրակի, Միսակի և Աբեթնագովի Աստծուն, կորստի պիտի մատնվի, քանզի չկա մեկ այլ Աստված, որ կարողանա այնկերպ փրկել»:
Եվ ավելի բարձրացրեց և փառավորեց այս հավատացյալ և քաջարի երիտասարդներին: Այս դեպքից հետո, երեք երիտասարդները, իրենց ամենասրբազան դերը կատարած լինելով, իրադարձությունների բեմից մի կողմ են քաշվում և այլևս չեն հիշատակվում:
«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը