28 Նոյեմբեր, Եշ
10 Օգոստոս, Շբ Եփեսոսի Սբ. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր
Եկեղեցական ժողովների շարքում իրենց կարևորությամբ առանձնանում են տիեզերական ժողովները: Կոչվում են տիեզերական, քանի որ մասնակցել են տիեզերական կամ ընդհանրական եկեղեցու ներկայացուցիչները: Հայ եկեղեցին ընդունում է միայն Նիկիայի (325թ.), Կ. Պոլսի (381թ.) և Եփեսոսի (431թ.) տիեզերական ժողովները, և դավանում միայն նրանց որոշումներն ու վարդապետական բանաձևումները:
Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովի տոնակատարությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Վերափոխման բարեկենդանի շաբաթ օրն է: Ժողովը գումարվել է հունիսի 22-ին՝ Հոգեգալստյան տոնի օրը Բյուզանդիայի Թեոդոսիոս Բ կայսեր հրամանով, 200 հայրապետների մասնակցությամբ: Ժողովը գլխավորել է Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին: Ժողովի առիթ է հանդիսացել Կ. Պոլսի պատրիարք Նեստորի հերետիկոսական մոլար ուսմունքը, ըստ որի՝ Քրիստոսն ունի երկու բնություն և երկու անձ, ի տարբերություն ուղղափառ վարդապետության, որը մեկ միավորյալ բնություն և մեկ անձ է ընդունում Քրիստոսի մեջ: Դեռևս Նոր Կտակարանում հստակորեն ասված է, որ Աստվածային բնությունը Սբ.Կույսից ծնվելով ստանձնել է մարդկային կատարյալ էություն։
Նեստորը 428-431թթ-ին Կ. Պոլսի պատրիարքն էր, իսկ մինչ այդ քահանա էր եղել Անտիոքում (Սիրիա)։ Նա Քրիստոսին ընդունում էր լոկ որպես մարդ, որը հաղթահարել է մարդկային թուլությունները և մեսիա դարձել։ Ելնելով սրանից, նա Կույս Մարիամին չէր համարում Աստվածածին, այլ՝ մարդածին։ Նա պնդում էր, որ Քրիստոսի մեջ մարդկային և աստվածային սկիզբերը գտնվում են լոկ հարաբերական միության մեջ՝ երբևէ լիովին չմիաձուլվելով։ Եկեղեցու հայրերը Քրիստոսի աստվածությունը և մարդկությունը կոչել են բնություններ։
Նեստորականության գաղափարական ակունքները գալիս են անտիոքյան քրիստոսաբանության մեջտեղ գտած մոլորություններից, որոնք հետևանք էին ապողինարիզմի դեմ պայքարի չափազանցությունների: Ապողինարիզմին հակադիր այս ծայրահեղության գաղափարախոսներ են համարվում Դիոդորոս Տարսոնացին և հատկապես Թեոդորոս Մոփսուեստացին, որոնք հետագայում ճանաչվել են նեստորյան նախակարապետներ: Նրանք Քրիստոսին չափազանց մոտեցնում էին սովորական մարդկանց՝ ակնհայտորեն սխալ մարդաբանական շեշտադրումներ կատարելով աստվածամարդու խորհրդի մեկնաբանության մեջ: Ի վերջո, ողջ անտիոքյան դպրոցը գայթակղվել է մարդապաշտությամբ և այս գայթակղությունից դուրս է սողոսկել նեստորականությունը: Նեստորը որպես քարոզիչ օժտված էր խոսքի շնորհով: Միայն արտաքին պատմական հանգամանքներն են մղել նրան աստվածաբանական շարժումների կենտրոն և ամենից առավել այն փաստը, որ նա Կ. Պոլսի արքեպիսկոպոսն էր: Այդ իսկ պատճառով նրա խոսքերը հնչում էին իշխանությամբ և տարածվում ամենուր: Նեստորը ելնում էր այն բանից, որ Քրիստոսի մեջ աստվածությունը և մարդկությունը գոյություն ունեն յուրաքանչյուրն իր հատկության, անձնավորության և էության մեջ, և մարդկությունը Քրիստոսի մեջ այնքան լիարժեք է, որ կարող է ինքնուրույն ապրել և զարգանալ: Նա ընդունում էր երկու բնություն և սա նրա համար փաստորեն նշանակում էր երկու դեմք, թեպետև նա գործածում էր «միացության դեմք» արհեստական եզրը: Նեստորը, բաժանելով Քրիստոսին երկու բնությունների, միացնում էր նրանց խոնարհման մեջ: Ըստ Նեստորի՝ Քրիստոսի մեջ Աստված երբեք չի գործել առանց մարդու: Սակայն նախևառաջ սա կամային միացում է, միացում է սիրո մեջ, նրա համար մարմնավորման ողջ իմաստը սպառվում է կամքի և ներգործության միությամբ և հենց այս միությունն է Նեստորի համար նշանակում միացության դեմք: Այդ միությունը նա սահմանում է որպես կերպարների փոխադարձ գործածություն, աստվածությունը օգտվում էր մարդկային դեմքից, իսկ մարդը աստվածային դեմքից: Այս իմաստով Նեստորի համար գոյություն ուներ միացության դեմքը: Այս միացությունը նրա համար զարգացող միություն է, կատարյալ միավորմանը նախորդում է ճգնությունների և պայքարի ժամանակը, երբ դեռ Օծյալը ժառանգության և իշխանության իրավունք չուներ, երբ դեռ կրքերը չէին հաղթահարվել և այլն: Քրիստոսը դեռ հրաշքներ չէր գործում, ուսուցանելու իշխանություն չուներ, այլ միայն ենթարկվում էր և կատարում պատվիրանը: Միայն Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելուց և անապատում փորձվելուց հետո, հոգով բարձրանալով առ Աստված իր կամքը համաձայնեցնում է նրա կամքի հետ և իր հաղթանակի համար պարգև ստանում՝ քարոզելու և ավետարանալու Երկնքի Արքայությունը: Նեստորը Քրիստոսի մեջ ուրիշ ոչինչ չէր տեսնում, բացի մարդկային ճիգերից: Հատկանշական է, որ Նեստորը հակադրում էր Բանն Աստված և Քրիստոս անունները: Նա խուսափում էր Քրիստոսին անվանել մարմնացյալ Բան, այլ սահմանափակվում էր՝ «Էմմանուել»՝ «Մեզ հետ է Աստված» անվամբ: Աստվածածին անվան ժխտումն անհրաժեշտորեն հետևում էր Նեստորի ենթադրություններից: Դրան նա հակադրում էր Քրիստոսածին անունը, որը ցույց էր տալիս այն բնությունը, որով ծնեց նրան Մարիամը: Նեստորի մոլորությունը գալիս է նրա մարդաբանական ենթադրություններից, Քրիստոսի խորհրդի սխալ ընկալումից: Նեստորի գլխավոր գրություններն իր նամակներն ու քարոզներն են, որոնք մասամբ են պահպանվել: 1895թ-ին հայտնաբերվել և ապա 1910-ին հրատարակվել է Նեստորի ջատագովության ասորերեն բնագիրը «Հերկլիդեսի գիրքը» վերնագրով: Այսպիսի վերնագրի ընտրությունը հավանաբար պայմանավորված էր գրվածքի ոչնչացման վտանգով և դա պատահական չէր, քանի որ այդ գրության, ինչպես նաև Նեստորի բոլոր գործերի հունարեն բնագրերն անհետացել էին: Նեստորի աղանդի դեմ եկեղեցին լարված պայքար է ծավալել: 431թ-ին Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովը նզովել է Նեստորին և նրա հետևորդներին: Ժողովի որոշման տակ ստորագրել են ավելի քան 200 եպիսկոպոսներ։ Հռոմի Աթոռը և կայսրը ընդունել են Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացու որոշումները: Աթոռազրկված Նեստորին Եփեսոսի ժողովից հետո թույլատրվել է վերադառնալ Անտիոքին մոտ գտնվող մի վանք, իսկ 435թ-ին աքսորվել է Եգիպտոս: Հայտնի է, որ Բյուզանդիայի Մարկիանոս կայսերը հրավիրել էր նրան մասնակցելու Քաղկեդոնի ժողովին, սակայն ճանապարհին մահացել է: Եփեսոսի ժողովից անմիջապես հետո Կյուրեղ Ալեքսանդրացին ձեռնամուխ է եղել Նեստորի նախորդների քրիստոսաբանական հայացքների քննադատությանը և վերլուծմանը: Նեստորի աղանդին եկեղեցին պատասխանեց Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու շուրթերով և պատասխանեց հավատքի ջերմ ու պայծառ խոստովանությամբ: Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովը հավատքի նոր հանգանակ չհաստատեց, սակայն ժողովը ընդունեց և հավանություն տվեց Կյուրեղի քննադատական թղթերին և գլուխներին: Դրանք իրենցից ներկայացնում էին նզովքներ՝ ուղղված Նեստորի դեմ, որոնք հետագայում երկարատև վեճերի առարկա դարձան:
Սուրբ Կյուրեղը Աթանասի «Մի բնութիւն Աստծոյ Բանին մարմնացելոյ» ձևակերպման ջերմ պաշտպանն էր, որը մեր եկեղեցու քրիստոսաբանական խոստովանության հիմնական դրույթներից մեկն է: Միայն մեկ Քրիստոսը՝ մարմնացյալ Բանը՝ Աստվածամարդը, և ոչ թե աստվածակիր մարդը կարող է լինել ճշմարիտ Փրկիչ և Քավիչ, քանզի փրկությունը նախևառաջ կայանում է արարածի նորոգման և վերակենդանացման մեջ: Եվ այս իսկ պատճառով ինքնագո կյանքը պետք է անբաժանելիորեն բացահայտվեր ապականվող բնության մեջ: Կյուրեղը Քրիստոսին անվանում է նոր Ադամ՝ ընդգծելով նրա ընդհանրությունը և եղբայրությունը բոլոր մարդկանց հետ: Սուրբ Կյուրեղը Նեստորի աղանդի մեջ տեսնում էր Քրիստոսի աստվածության և մարդեղության անաղարտ և գոյաբանական միացման ժխտումը, մեկ Քրիստոսի ժխտումը, նրան երկու որդիների բաժանումը: Սբ. Կյուրեղը միշտ պնդում էր, որ Քրիստոսը՝ աստվածակիր մարդ, այսինքն՝ Աստծուն կրող չէ, այլ՝ մարմնացյալ Աստված: Միածինը դարձավ մարդ, և ոչ թե միայն հագավ մարդուն: Բանը դարձավ մարմին, ուրեմն մեկ է Քրիստոսը: Քրիստոսն ապրեց, տառապեց և մեռավ ինչպես Աստված մարմնի մեջ և ոչ թե որպես մարդ: Քրիստոս Սբ. Կյուրեղի համար ամենից առավել նախաքահանա է: Այս փրկական քահանայագործումը կատարում է մարմանցյալ Բան Որդին:
Սբ. Կյուրեղի 10-րդ նզովքը, որը նրա աստվածաբանության դրույթներից է, ասում է. «Մեր խոստովանության առաքյալը և քահանայապետը, ըստ Աստվածաշնչի, Քրիստոսն է Իր Արյամբ, և մեզ համար Իր անձը մատուցեց որպես անուշահոտություն Հայր Աստծուն: Արդ, եթե մեկն ասի, թե մեր խոստովանության առաքյալը և քահանայապետը Բանը չէ, որ Հայր Աստծուց է, որ մարմին եղավ և մեզ պես մարդ, այլ մեկ ուրիշը կնոջից կամ թե ինքն իր համար իրեն պատարագ մատուցեց, ոչ թե մեզ համար, նա, որ պատարագների կարոտ չէր, որ մեղք չէր ճաշակել, նզովյալ լինի»: Իր էությամբ այն նեստորականության խորագույն ժխտումն է: Սրա հետ կապված է 12-րդ նզովքը. «Եթե մեկը չի խոստովանում, որ Աստծո Բանը մեռավ մարմնով, խաչվեց և մարմնով ճաշակեց մահը, որ մեռյալներից անդրանիկ եղավ, որ կենդանի է և կենդանարար, նզովյալ լինի»: Այս ժխտումների սուրը ուղղված է մարդկային քահանայագործության և զոհի դեմ: Մարդկային մահը չի կարող բավարար լինել և մարդկային զոհաբերությունը չունի փրկարար զորություն: Ահա թե ինչ է ուզում ասել Սբ. Կյուրեղը. «Ո՞ւմ մահով ենք մկրտվել, ո՞ւմ հարությամբ և հավատքով ենք արդարանում: Մի՞թե մենք մկրտվել ենք հասարակ մահով և պատասխանելով՝ ոչ, հայտարարում է՝ մարմնացյալ Աստծո մահվամբ»: Իր 4-րդ նզովքում հատուկ կտրականությամբ մերժում է ցանկացած բաժանում և հերձում Քրիստոսի մեջ. «Ով երկու դեմքերի և զորությունների է բաժանում Սուրբ Գրքի ավետարանիչների և առաքյալների խոսքը, որ Քրիստոսի մասին ասվել է սուրբի կողմից կամ ինքն է իր մասին ասել, մարդուն վերաբերողը առանձին, իսկ Բանինը, որ Հայր Աստծուց է, առանձին, նզովյալ լինի»: Մի է Քրիստոսը, Բանը մարմնացյալ և ոչ թե աստվածակիր մարդ, մի է մարմնի հետ և սա էական և բնական միացում է: Ոչ թե պատվով, իշխանությամբ և զորությամբ առնչված կապ: Այս միտքը Սբ. Կյուրեղը մեծ սրությամբ արտահայտում է երկու նզովքներում. «Ով Տեր Հիսուս Քրիստոս ասի Բանին, որ Հայր Աստծուց է և միանգամայն չխոստովանի Աստված և մարդ՝ Մարմնացյալ Բան, ըստ գրոց, նզովյալ լինի»: Ապա շարունակում է այս միտքը 9-րդ նզովքում. «Ով ասի, որ մեկ Տեր Հիսուս Քրիստոսը՝ Աստծուց փառավորյալը, այլ զորությունից կամ ուրիշից է ընդունում զորությունը, պիղծ այսերի վրա կարողանալու և մարդկանց մեջ աստվածագործ նշաններ կատարելու համար, ով ասի, որ Հոգին իրենը չէ, որով զորություններ և աստվածագործ նշաններ էր կատարում, նզովյալ լինի»: Շեշտադրումը այստեղ դրվում է օտար և հարազատ հակադրության վրա: Մարդկանց համար Հոգին օտար է, որ գալիս է դեպի մեզ Աստծուց: Սա ոչ մի դեպքում չի կարելի ասել Քրիստոսի մասին, քանզի Սուրբ Հոգին հարազատ, սեփական և համագո է Նրան այնպես, ինչպես Հայր Աստծուն: Եվ Բանը գործում է Սուրբ Հոգու միջոցով, ինչպես սեփականատեր և ոչ թե Սուրբ Հոգու զորությունը գործում է Նրա մեջ, որպես թե նրանից բարձր մի էություն: Այստեղից Սբ. Կյուրեղը հետևություններ է անում. «Նախ ամենասուրբ Կույսին հարկ է Աստվածածին խոստովանել» (1-ին նզովք), քանզի նա ծնեց մարմնացյալ Բանին մարմնով, քանզի նա ծնեց ոչ թե սկզբնավորելով Քրիստոսի գոյությունը, այլ այնպես, որ նա, դառնալով մեզ նման, փրկեց մեզ մահվանից և ապականությունից: Եվ Կույսից ծնվում է Բանը և ոչ այլ մեկը, ոչ թե էության փոփոխության, այլ՝ տեսանելի արարածի հետ միանալով: Երկրորդ՝ արժանավայել չէ ասել Քրիստոսի մարդեղությանը երկրպագելու մասին, այլ պետք է ասել Մարմնացյալ Բանին մեկ երկրպագությամբ երկրպագելու մասին: 8-րդ նզովք. «Եվ երրորդ՝ Քրիստոսի Մարմինը կենարար Մարմին է»: 9-րդ նզովք. «Սա վերաբերում է նաև Սուրբ Հաղորդությանը, որում մենք փառաբանում ենք ոչ թե սովորական և մեզ նման մարդու մարմինն ու արյունը, այլ Բանի սեփական Մարմինն ու Արյունը, որ կենսագործողն է ամենայնի»:
Սուրբ Կյուրեղի նզովքների միջով անցնում է մի միասնական և կենդանի դավանաբանական թել, որն է մեկ Քրիստոս, մեկ դեմք, մեկ անձ և միացյալ մեկ բնություն: Հայ եկեղեցին անմասն չի մնացել հականեստորական պայքարից, որի վկայություններից է Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի թղթակցությունը Կ. Պոլսի Պրոկղ պատրիարքի հետ: Նեստորականությունը Հայ եկեղեցին դատապարտել է Դվինի 506թ-ի և 554թ-ի ժողովներում:
Նեստորի հետևորդները, երբ հալածանքի են ենթարկվում, նրանցից մի խումբ ապաստանում է Պարսկաստանում, և դեռևս մինչև այսօր, նեստորականների մի մասը ապրում է Պարսկաստանում: Ներկայումս նեստորականներ կան նաև Իրաքում, Սիրիայում և Հնդկաստանում։ Նեստորականների պետը կոչվում է Մարշիմոն, որի աթոռանիստը, մինչև 1915թ-ը գտնվում էր Տաճկահայաստանում (Ջուլամերիկ գավառում). այժմ հաստատված է Միացյալ Նահանգներում (Կալիֆոռնիա):
Կազմեց Կարինե Սուգիկյանը