1 Ուրեմն, իմ սիրելի եւ ցանկալի՛ եղբայրներ, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատո՛ւն մնացէք ի Տէր, սիրելինե՛ր: 2 Խնդրում եմ Եւոդիային եւ խնդրում եմ Սիւնտիքին, որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր: 3 Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են: 4 Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք: 5 Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց: Տէրը մօտ է: 6 Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն: 7 Եւ Աստծոյ խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով: