28 Նոյեմբեր, Եշ
15 Սեպտեմբեր, Կիր Խաչվերաց
Խաչվերացի տոնը Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Քրիստոնյա բոլոր եկեղեցիները այն նշում են սեպտեմբերի 14-ին, իսկ Հայ եկեղեցին՝ սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը:
Խաչվերաց նշանակում է խաչի վեր բարձրացումը, կանգնեցումը: Ըստ եկեղեցական ավանդության, ի ցույց մարդկանց Քրիստոսի խաչը երեք անգամ է հանդիսավորապես կանգնեցվել: Նախ, ինչպես տեղեկանում ենք Թորգոմ Գուշակյանից, Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս առաքյալն էր, որ ժողովրդին զգուշության նպատակով (այն ժամանակ սրված էր քրիստոնյաների դեմ հալածանքը) Քրիստոսի խաչի նմանակը ցույց տվեց ու առաջին անգամ երգեց «Խաչի քո Քրիստոս, երկիր պագանեմք» տաղը:
Երկրորդ անգամ այն բարձրացվեց Կոստանդիանոս Մեծ կայսեր մոր՝ Հեղինեի և Կյուրեղ եպիսկոպոսի կողմից Գողգոթայի վրա 326 թ-ին: Եվ երրորդ առիթը եղավ՝ խաչի վերադարձը պարսկական գերությունից, որից հետո էլ վերջնականապես հաստատվեց «Խաչվերաց» տոնը:
610թ-ին Պարսկաստանի Խոսրով Բ Փարվեզ (590-628թթ.) ամբարիշտ թագավորը, Հռոմի Հերակլ կայսեր հետ պատերազմելիս, հաղթանակ տարավ, գրավեց Երուսաղեմը և տիրացավ Փրկչական խաչին ու փոխադրեց Պարսկաստան: Սրի քաշվեց ողջ բնակչությունը, շատերն էլ գերեվարվեցին: Կոտորվեց 57000 մարդ և գերի վերցվեց 35000-ը: Գերեվարվեց նաև Զաքարիա պատրիարքը:
Տերունական Սուրբ Խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ: Քրիստոսի Խաչափայտի ժամանումը կռապաշտ երկիր ուղեկցվեց զարմանահրաշ նշաններով, այնպես որ ամենուրեք խոսում էին, թե «Քրիստոնյաների Աստվածն է եկել Պարսկաստան»: Ինքը՝ Խոսրով արքան մեծ երկյուղածությամբ էր մոտենում այդ Սրբությանը, այն մեծ պատվով պահում էր գանձարանում և Խաչի առջև անշեջ կանթեղ էր մշտապես պահում ու չէր համարձակվում անգամ հանել Խաչափայտը: Պարսիկները, հեթանոս լինելով հանդերձ, չէին համարձակվում վնասել Խաչափայտը: Շատերն էլ դիմելով տեղի քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը՝ քրիստոնեությունն են ընդունում: Շուրջ 14 տարի Սբ. Խաչը անձեռնմխելի վիճակում մնաց գերության մեջ:
Ի վերջո, 628թ-ին Հերակլ կայսրը հսկայական զորքով ներխուժեց Պարսկաստան: Հանուն Խաչափայտի սրբազան պատերազմ մղվեց: Բանակում կար նաև հայկական մի գունդ՝ հայ նախարար Մժեժ Գնունու ղեկավարությամբ: Կայսրը այդ պատերազմում հաղթանակեց և երկու կողմերի միջև հաշտության դաշինք կնքվեց, որի կարևոր կետերից էր Խաչափայտի վերադարձը: Այսպիսով, Սբ. Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով վերադարձվում է Երուսաղեմ: Ետ դարձի ճանապարհին այն անցնում է քաղաքից քաղաք՝ ամենուրեք ցնծություն և ոգևորություն տարածելով: Վերադարձի ճանապարհին Խաչափայտը անցնում է նաև Հայաստանով, որտեղ ժողովուրդը մեծ ուրախությամբ դիմավորում է ազատագրումը Տիրոջ «հրաշակերտ և զօրեղ փայտ խաչի»: Ավանդությունից հայտնի է, որ Սբ. Խաչը Հայաստանի տարածքով անցկացնելիս՝ պարսիկները նորից են փորձում ետ վերցնել խաչը, բայց հայերը թողնելով այն Կարնո դաշտում՝ դիմագրավում են թշնամուն ու հետ մղում նրանց հարձակումը: Երբ հաղթանակած ետ են վերադառնում, ապա տեսնում են խաչի տեղը մի նորաբուխ վճիտ աղբյուր: Այդ վայրը հետագայում դառնում է ուխտատեղի: Մինչև օրս Կարինի-Էրզրումի արևելյան կողմը խոյացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ է կոչվում: Նույն լեռների ստորոտում է նաև կառուցված Խաչկա վանքը:
Ողջ ճանապարհին Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում էր բարեպաշտ հավատացյալներին: Այս դեպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերաց» տոնի հաստատման համար:
Սբ. Խաչը գերությունից վերադարձվեց 628թ-ի սեպտեմբերի 14-ին:
Այդ ժամանակներից սկսած Խաչվերացը տոնում են քրիստոնյա աշխարհի բոլոր եկեղեցիները: Բյուզանդիայում այդ տոնը գրեթե պետական դարձավ, իսկ Խաչը՝ որպես կայսրության խորհրդանիշ, տեղադրվեց կառավարական շենքերի պատերից և անցավ պաշտոնյաների հագուստների զարդանախշերում: Տոնակատարության օրը եպիսկոպոսների ու քահանաների կողմից հրապարակավ Խաչ էր կանգնեցվում:
Խաչի բարձրացման հանդիսավոր այդ արարողությունը մինչև օրս կատարվում է եկեղեցիներում: Հայ եկեղեցում մեծ հանդիսավորությամբ է կատարվում կիրակի երեկոյան Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը:
Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերին հայր է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»:
Ինչպես դավանում են եկեղեցու սուրբ հայրերը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկչական Խաչի նշանը մեր վրա պատկերելիս, պետք է ունենանք կայուն ու կենդանի հավատ:
Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. «Պետք է միշտ և ամենուր մեզ հետ ունենանք այդ հաղթաբեր զենքը՝ Քրիստոսի Խաչը և երբեք չհանենք այն մեզնից, ո՛չ քնի, ո՛չ արթնության, ո՛չ աշխատանքի և ո՛չ էլ ճանապարհի ընթացքում: Միշտ պետք է օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով: Այդ ժամանակ չենք վախենա ոչնչից, ո՛չ խավարից, ո՛չ մարմնային վերքերից (խոսք Տիրոջ կենարար ու ազնիվ խաչի):
«Տեսե՛ք, թե ինչպես է զինել Երկնային Արքան իրեն հետևող զինվորին, ո՛չ վահան է տվել, ո՛չ սաղավարտ, ո՛չ աղեղ, ո՛չ զրահազգեստ, ո՛չ ուրիշ նման բան, այլ Խաչի ուժը՝ սատանաներին հաղթանակող նշանն է պարգևել» (Հովհ. Ոսկեբերան «Հավատի քար» խոսք խաչի պաշտամունքի):
«Եթե այդ նշանը մեծ հավատով դրոշմենք, ապա ոչ մի անմաքուր ոգի չի մոտենա» (Սբ. Հովհան Ոսկեբերան):
Կազմեց Կարինե Սուգիկյանը