8 Հոկտեմբեր, Գշ Սուրբ Թեկղի, Վառվառա և Պեղագեա կույսերի հիշատակության օր

Թեկղա կամ Թեկղի

Հայ Եկեղեցու համար Քրիստոնեական Եկեղեցու իգական սեռի առաջին սրբուհին՝ նույն ինքը Ս. Սանդուխտ կույսն է, իսկ մյուս եկեղեցիների համար, որոնք չունեն Ս. Սանդուխտի տոնակատարությունը, առաջին իգական սեռի սրբուհին Թեկղին, կամ ավելի ստույգ ձևով Թեկղան է:

Այս սրբուհու մասին մեր ունեցած տեղեկությունները ստանում ենք «Պողոսի և Թեկղի գործերը» անունով մի գրքից: Այս գիրքը քրիստոնեական հնագույն շրջանում շատ ժողովրդականություն էր վայելում, այդ իսկ պատճառով, Աստվածաշնչի նման, հունարենից թարգմանվել էր գրեթե բոլոր հին կարևոր լեզուներով, օրինակ լատիներենով, ասորերենով, արաբերենով, հայերենով և այլ լեզուներով: Ըստ այդ գրքի՝ Թեկղը Գոնյայից էր և Պողոս Առաքյալի քարոզչությամբ դարձի էր եկել, երբ վերջինս, Բառնաբասի հետ իր առաջին առաքելական ճամփորդության ժամանակ այստեղ էր եկել (Գործք 13:51):

Դարձի մանրամասնությունների մասին հետևյալն է պատմվում: Գոնյայում Պողոս առաքյալն իր քարոզչության կենտրոնն էր դարձրել իր աշակերտ և հավատարիմ բարեկամ Ոնոփորոսի տունը (Բ Տիմ. 1:16), որը Թեկղայենց տան մոտ էր: Պողոսի քարոզների ժամանակ Թեկղան իրենց տան պատուհանին նստած ուշադրություն էր դարձրել Պողոսի բոլոր խոսքերին և դրանցից տպավորված՝ դարձի էր եկել և որոշել էր իրեն կուսական կյանքին նվիրել: Մայրը, որ մի մեծահարուստ այրի կին էր, մտադրվել էր նրան քաղաքի ազնվական ընտանիքներից մեկի տղայի հետ ամուսնացնել: Երբ տեղեկացավ իր աղջկա որոշման մասին, խիստ նեղսրտեց և իր աղջկան նման որոշումից հետ պահելու համար՝ գործի դրեց իր մայրական ամբողջ հեղինակությունը և իրավունքները, սակայն իր մայրական հորդորները, սպառնալիքները և ծեծերը աղջկան մտափոխելու համար անօգուտ եղան: Ի վերջո տեղեկանալով, որ Պողոս առաքյալն է իր աղջկան ներշնչել այս անդառնալի որոշումը, որպես ազդեցիկ կին, քաղաքի մեծամեծներին դրդում է և սրանք Պողոսին պատժի են ենթարկում և քաղաքից վտարում են: Իսկ Թեկղան, երբ իր չամուսնանալու որոշման մեջ հաստատակամ է մնում, դատապարտվում է կրակով մահվան: Սակայն հրաշքով ազատվում է կրակից և գնում է Պիսիդյան Անտիոք քաղաքը, որը Գոնյայից հեռու չէր և որտեղ, Գոնյայից վտարվելուց հետո, գնացել էր Պողոս Առաքյալը (Գործք 13:14):

Իր ընտանիքի անդամները այնտեղ էլ են հետապնդում նրան և մատնում իրենց հարազատ դատական իշխանությունը: Այստեղ որոշում են նրան վերացնելու համար գազանների առջևը նետել: Սակայն այստեղ գազանները նրան չեն վնասում, որի պատճառով իր կյանքը շնորհվում է իրեն և դրանից հետո նա իր ամբողջ կյանքը նվիրում է Ավետարանի քարոզչությանը:  Իր ավետարանչական երկարամյա և արդյունավետ գործունեության համար Հույն Եկեղեցում հայտնի է «հավասար առաքյալ» ածականով: Արդարև մեր Հայսմավուրքներն էլ են հաստատում. «Մեծ սքանչելագործություններով հեթանոսներից անբավ բազմություն լուսավորեց… Նրանց քահանաների ձեռքով մկրտել էր տալիս, հիվանդներին առողջացնում էր և Քրիստոսի անունով դևեր էր հանում»:

Ի վերջո հաստատվում է Կիլիկիայի Սելևկիա քաղաքում և 90 տարեկան հասակում խաղաղ մահվամբ ավարտում է իր կյանքը:

Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

 

Վարվառա կույս

Անվան լատինական և եվրոպական տարբերակը Բարբարա-ն է:

Ապրել է Բ դարի վերջերին, Մաքսիմինոս կայսեր օրերին: Հայրը հեթանոս էր, բայց ինքն ինչ-որ կերպ քրիստոնյա էր դարձել: Հայրն իրենց պարտեզում երկու պատուհաններ ունեցող մի բաղնիք էր կառուցել: Հոր բացակայության ժամանակ Վարվառան խաչանիշ ձողերով երրորդ պատուհանն էլ է կառուցել տալիս: Հայրը, երբ այդ նկատեց, բացատրություն պահանջեց: Վարվառան ասաց, որ իր հավատացած Ս. Երրորդության խորհրդով է կառուցել այն: Իսկ խաչն այն փրկության գործիքն էր, որի վրա մարդկանց փրկության համար Իր արյունն էր թափել Քրիստոսը: Այսպես նրա քրիստոնյա լինելը հայտնի դարձավ, որից հայրը սաստիկ զայրանալով, չարչարանքի ենթարկեց իր դստերը: Երբ նա ամուր մնաց իր հավատքի մեջ, տանը բանտարկեց նրան: Ապա նրան դատական ատյանի առջև տարան, որտեղ նույնպես նրան առաջարկեցին քրիստոնեությունից հեռանալ և իրենց աստվածներին վերադառնալ: Կույսը մերժեց: Բազում և աննկարագրելի չարչարանքներից հետո, ասում է վարքագիրը, իր հոր ձեռքով գլխատվեց, որը տեղն ու տեղը կայծակահար լինելով՝ մոխրի վերածվեց:

Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

 

Պեղագեա կույս

Այս անունով առնվազն երեք կույս վկաներ կան և դժվար է ճշտել, թե նրանցից որն է մեր Եկեղեցում տոնվողը, ուստի երեքին էլ համառոտ ներկայացնում ենք:

Առաջինը Տարսոնից է, Դիոկղետանոսին ժամանակակից (284-305) և բարձրաստիճան ընտանիքի դուստր: Մի տեսիլքով առաջնորդվելով, մկրտվում է քաղաքի եպիսկոպոսի ձեռքով, և իր թանկարժեք հագուստները վաճառելով և աղքատներին բաշխելով, ինքը աղքատի հագուստներով տուն է վերադառնում: Որպես քրիստոնյա մատնվեց Դիոկղետիանոսի ատյանին: Երբ հավատի մեջ ամուր մնաց, մի պղնձե շիկացած հնոցում փակեցին նրան և այրվելով նահատակության պսակ ստացավ:

Երկրորդը Անտիոքացի մի պոռնիկ էր: Զղջումի գալով, սրտանց ապաշխարեց, իր ունեցածը աղքատներին բաշխելով և որպես այր ծպտված գնաց Երուսաղեմ և Ձիթենիների լեռան վրա ճգնողական կյանքով կնքեց իր մահը:

Երրորդն էլ էր Անտիոքից, որը մատաղ հասակում քրիստոնյա էր դարձել և իրեն կուսական կյանքին էր նվիրել: Երբ քրիստոնյաներ որոնող զինվորները նրանց բնակարան մտան, մտածելով, որ կգան և իրեն կբռնաբարեն, իրեն պատուհանից վայր նետեց և մահացավ: Թեև ինքնասպանությունը ծանր մեղք է, բայց հաշվի առնելով, որ մատաղահասակ Պղեգիան այս քայլն արել էր իր անմեղությունը և կուսությունը պահպանելու գովելի նկատառությամբ, Եկեղեցին նրա արարքը նահատակության համազոր և հիշատակության արժանի է համարել:

Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․