12 Հոկտեմբեր, Շբ Սուրբ թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու հիշատակության օր

Եղիշե վարդապետ

Վարդանանց շարժման դյուցազներգու և հոգելից պատմագիրն է: Ըստ հնագույն տոնացույցների Եղիշեն Ս. Մեսրոպի միակ տոնակիցն է, մյուս տոնակից ընկերները հետագայում են ավելացել. «ԺԴ դարերի ձեռագրերն էլ իրենց մեջ չունեն Դավթի և Մովսեսի անունները, որոնք ավելի ուշ են ավելացել» (Ազգ. էջ 435): Համարվում է, որ ծնվել է Ե դարի սկզբներին, այնպես որ Հայոց գրերի հորինման ժամանակահատվածում նա հազիվ 4-5 տարեկան մի մատաղահասակ մանուկ էր: Հավանաբար վաղ երիտասարդությունից է, որ Սահակ-Մեսրոպյան աշակերտների խմբի անդամն է եղել և իր երկու մեծ վարդապետների մահվան ժամանակ շուրջ քառասնամյա հասուն տղամարդ է եղել: Համարվում է, որ երիտասարդության ժամանակ Վարդան Մամիկոնյանի զինակիցը կամ քարտուղարն է եղել:

«Հայաստանում իր ուսումն ավարտելուց հետո, Մովսես Խորենացու և նրա ընկերների հետ գնացել է Ալեքսանդրիա (Եգիպտոս): Այս առիթով շրջել է Պաղեստինի տնօրինական սրբավայրերում, հատկապես այցելել է Թաբոր Լեռ, որի մասին ճշգրիտ նկարագրություն է տալիս, իր Այլակերպության ճառում» (Նորայր եպս. Պողարյան, Հայ գրողներ էջ 24):

444 թ.-ին գումարված Շահապիվանի ժողովում հիշատակվում է «Եղիշե Դրան երեց», իսկ 450 թ.-ին Աշտիշատում գումարված ժողովում հիշատակվում է «Եղիշե Ամատունյաց Եպիսկոպոս»: Երկուսն էլ նույնացվում են Եղիշե պատմիչի հետ: Համարվում է, որ ինչպես Ղևոնդյանց խմբի պարագայում տեսանք, որ Մուշե քահանան Արծրունյաց նախարարության Դրան երեցն էր, այդպես էլ Եղիշեն Մամիկոնյան նախարարության Դրան երեցը: «Հայ նախարարների և զինվորների հետ, որոշ ժամանակ՝ 442-449 թթ.-երը, եղել է նաև Պարսկաստանում: Դրան երեցության բերումով ծանոթ է եղել մի շարք նախարարների և ազնվականների տիկինների հետ» (նույն տեղում):

Ս. Հովսեփ Հողոցմեցուն հաջորդող երկու Մանազկերտցի կաթողիկոսները տիրող Պարսկական պետությանը հավատարիմ և Վարդանանց հակառակ քաղաքականությանն են հետևել, և այդ իսկ պատճառով չեն քաջալերել, այլ ընդհակառակը հալածել են Թարգմանիչների սերնդին: «Որպես Վարդանի և այդ շարժման փառաբանող՝ Եղիշեն, եղել է հալածվողներից գլխավորը» (Ազգ. էջ 437) և նա իրեն նվիրել է ճգնությանը և գրական գործունեությանը: Իսկ նրա ճգնության վայրը համարվում է Մոկաց և Ռշտունյանց լեռները՝ Վանա ծովի հարավային կողմում: Այս կողմերում էլ նա վախճանվում է՝ սրբությամբ և գրեթե բոլորից մոռացված: Նրա գերեզմանը պահպանված էր Չարահան Ս. Նշան Վանքում՝ Վանա ծովի հարավ-արևելյան անկյունում գտնվող Ոստան կոչվող քաղաքում: Պատմվում է, որ Մոկաց իշխանը, որի երկրում նույնպես ճգնել է Եղիշեն, եկել և գերեզմանից վերցրել է նրա գլուխը, աջ ձեռքը և տարել, թաղել է Մոկաց աշխարհի այն քարայրում որտեղ ճգնել է նա, և այդ այրի վրա կառուցել է «վայելուչ եկեղեցի»: Այնպես որ Եղիշեն իր անունով երկու գերեզման և երկու վանք է ունեցել:

Ինչպես որ ակնարկեցինք, Թարգմանիչ Վարդապետներից Եղիշեն առաջին անգամ արժանացավ տոնակից դառնալ իր մեծ վարդապետին՝ Ս. Մեսրոպին, «որպես Վարդանանց փառաբանող, որպես հալածված և ճգնավոր» (Ազգ. էջ 438): Համարվում է մահացած ըստ Օրմանյանի 461 թ.-ին, իսկ ըստ Պողարյան Սրբազանի՝ 464-ին: Սրբազանը, իր «Հայ Գրողներ» գրքում, Եղիշեին նվիրված գլխի վերջավորության մեջ, «ժամանակագրական մոտավոր կարգավորությամբ», մեկ առ մեկ տալիս է Եղիշեի գրական գործերի անունները, որոնցից առհասարակ տպագրվածները հետևյալներն են.

  1. Տիրոջ հայտնությունը Թաբոր լեռան վրա, գրված 445թ.-ին:
  2. Վարդանանց պատերազմի պատմություն: Գրել է Մամիկոնյան Դավիթ Երեցի խնդրանքով, որը Արտաշատի ժողովի մասնակիցներից մեկն էր: Գիրքը յոթ մասից է բաղկացած, որոնց վրա 454 և 464 թթ-երին ութերորդ գլուխն էլ է ավելացվել: Վարդանանց պատմությունը, գրական մեծ արժեքով, Եղիշեի գլուխգործոցն է: Գրվել է 451 թ.-ին:
  3. Խրատի խոսք մենակյացների համար: Գրել է գրական գեղեցիկ ոճով 455 թ.-ին:
  4. Քրիստոսի Չարչարանքների, Խաչելության, Թաղման և Հարության վարդապետություն, գրված 456 թ.-ին:
  5. Հեսուի և Դատավորների գրքերի մեկնություն: Գրել է այլաբանական ոճով 460 թ.-ին:
  6. Մարդկանց հոգիների մասին՝ 460 թ.-ին:
  7. Ծննդոց գրքի մեկնություն: Մինչ այժմ այս երկը չի գտնվել, սակայն Վարդան Վարդապետի նույն գրքի Մեկնության մեջ բազմաթիվ պատառիկներ են պահպանվել:
  8. Հարցեր և պատասխաններ Ծննդոց Գրքի վերաբերյալ:
  9. Եղիշեն Կաթոլիկ հանրագիտարանում հիշատակվում է որպես պատմագիր (Հատոր Ե, էջ 387), նրա պատմությունը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, իտալերեն և ֆրանսերեն: Հայսմավուրքներում հիշատակվում է փետրվարի 27-ին: Ունի յուրահատուկ շարական:

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԵՍ ՔԵՐԹՈՂԻ ԵՎ ՊԱՏՄԱՀՈՐ

Նախքան վարքագրությանն անցնելը անհրաժեշտ ենք համարում հետևյալ նկատառումն անել:

«Մովսես Քերթող» անունով տոնացույցի մեջ ընդգրկված սուրբը նույնանում է Ե դարում ապրող հռչակավոր Մովսես Խորենացի մեծ պատմիչի հետ, ինչը որ արդարացիորեն արել են մեր ժամանակների հանրությանը ծանոթ Մ. Օրմանյանը, Ե Դուրյանը, Թ. Գուշակյան Պատրիարքը և ուրիշներ: Սակայն Խորենացու կյանքի և իր աշխարհահռչակ «Հայոց պատմություն» երկի գրության պարագաների մթին, տարտամ և վիճելի լինելու պատճառով, վերջին ժամանակների քննադատները նրա անձը և պատմագիրքը տարուբերում են Զ-Թ դարերի միջև: Ըստ երևույթին, տարբեր ժամանակներում ապրող մեկից ավելի Մովսեսների անձերը իրար հետ շփոթում են: Իսկ «նրա Պատմության մեջ հետագայում կատարված միջամտությունները, բանասիրական դժվարին խնդիրներ ստեղծեցին և կրքոտ ու երկարատև քննադատությունների պատճառ դարձան» (Հայ գրողներ, էջ 16):

Մովսես Քերթողի, կամ Մովսես Խորենացու անունը չի հիշատակվում Հայսմավուրքի մեջ, միայն Լիակատարում կա (էջ 492): Չի հիշատակվել նաև Ե դարի հեղինակների մոտ: Ղազար Փարպեցին, Ե դարի գլխավոր պատմիչը, իր գրվածքը Ագաթանգեղոսի և Փավստոսի Պատմություններից հետո գրված լինելով, համարում է «երրորդ պատմություն», և Խորենացու ծանոթ պատմության գոյության մասին անտեղյակ է: Մինչդեռ Խորենացու անունով հայտնի պատմության հեղինակը իրեն ներկայացնում է որպես Ե դարի գրող և Սահակ-Մոսրոպյան աշակերտներից. «որի համար Սահակ Մեծը և Մեսրոպը մեզ վերցնելով ուղարկեցին Ալեքսանդրիա» (Խորենացի գիրք Գ, 61 գլխում: Իսկ հաջորդ 62 գլխում նկարագրում է իր ճամփորդությունը): Որևէ խարդախ հեղինակ, կամ կեղծ դեմք չէր կարող սրբերի դասերը անցնել: Վերջերս Լատին եկեղեցին մի շարք կասկածելի սրբեր է դուրս հանել իր տոնացույցից: Նորայր Արքեպիսկոպոս Պողարյանը իր «Հայ Գրողներ» արժեքավոր գործի մեջ, ընդունելով երկու Մովսեսների գոյությունը, մեկը Ե դարում, մյուսը Զ դարում, թվում է, թե գտել է այս դժվար հարցի լուծումը: Մենք որդեգրում ենք այս լուծման տարբերակը և ներկայացնում ենք երկուսի համառոտ կենսագրությունը, քանի որ համոզված ենք, որ երկուսն էլ, թե՛ իրենց վարքով և թե՛ իրենց գրական գործերում արտահայտված ոգով և թե՛ մանավանդ իրենց մշակած արժեքավոր կրոնական, աստվածաբանական, իմաստասիրական գրականությամբ, արժանի են տոնացույցի մեջ ընդգրկվելու համար:

Այս երկու Մովսեսներից մեկը մեզ ծանոթ է որպես «Պատմահայր», իսկ մյուսը որպես «Քերթողահայր» տիտղոսներով: Որքան էլ, որ հանրածանոթը «Պատմահայր»-ն է, մենք կարծում ենք, որ տոնելին «Քերթողահայր»-ն է, ինչը որ Տոնացույցն էլ է հաստատում, Մովսեսի համար իր կիրառած «Քերթող» ածականով: Արդարև «Քերթողն» է, որ առավելաբար մշակել է կրոնական խոր գրականություն, որը կարևոր դեր է կատարում անձի սրբացման գործում: Այս երկու Մովսեսներին ներկայացնելու ժամանակ (երբեմն բառ առ բառ) հետևելու ենք Նորայր Արքեպիսկոպոսի վերոհիշյալ գրքին:

 

Մովսես Խորենացի պատմահայր

Ծնված է համարվում Դ դարի վերջերին, հավանաբար 390 թ.-ին, ըստ ոմանց՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում, իսկ ըստ այլոց՝ Սյունյաց նահանգի Խորյան գյուղում, որից էլ ստացել է Խորենացի ածականը: Իր նախնական կրթությունը ստացել է Սահակ Հայրապետի մոտ և հետևաբար նրա 60 աշակերտներից մեկն է համարվում: Ապա նրան ուղարկել են Ալեքսանդրիա՝ բարձրագույն ուսում ստանալու, հավանաբար 435 թ.-ին: Մովսես Խորենացին ճանապարհին նախ մտնում է Եդեսիա և այնտեղ ծանոթանում տեղի նշանավոր գրադարանին: Այնտեղից Անտիոքի վրայով գնում է Պաղեստին, Սրբավայրերին երկրպագություն և կարճատև ուսումնասիրություն կատարելու համար: Ապա Եգիպտոս է գնում և այնտեղ մի քանի տարի ուսանելուց և հունարենի ու իմաստասիրության մեջ հմտանալուց հետո ճանապարհ է ընկնում դեպի Հելլադա: Բայց ճանապարհին փոթորիկներից քշվելով Իտալիայի ափ են դուրս գալիս, որտեղ այցելում է Ս. Պողոսի և Ս. Պետրոսի գերեզմաններին: Հռոմում կարճատև մնալուց հետո անցնում է Հելլադա: Որոշ ժամանակ մնում է Աթենքում և ձմեռվա վերջանալուն պես ուղևորվում է դեպի Բյուզանդիա և այնտեղից՝ հայրենիք:

Հայրենիք գալով տեսնում է, որ Սահակ Մեծը և Մեսրոպը վախճանվել են (440) և ազգն ու եկեղեցին տխուր վիճակի են մատնված: Մովսեսը գրական աշխատանքի է նվիրվում և զանազան թարգմանութուններ է կատարում, հավանաբար այդ թվում նաև Փիլոնի որոշ գործեր. 1. Նախախնամության մասին 2. Բանավորների և անբանների մասին 3. «Ելք»-ի խնդրի մասին, Իրենիոսի գրվածքները, Գրիգոր Նազիանզացու ճառերը, Ալեքսանդր Մեծի պատմությունը:

Այդ ժամանակ հրավիրվում է վարել Բագրևանդի եպիսկոպոսությունը (446), բայց իր պաշտոնավարությունը կարճատև է լինում, քանի որ իր դեմ գրգռած հակառակորդների հալածանքները սաստկանում են և շուտով մահը վերջ է դնում նրա հայրենանվեր կյանքին: Մովսեսի գերեզմանը համարվում է, որ տեղ է գտել Տարոնի Առաքելոց վանքի մեջ, մյուս թարգմանիչների կողքին:

Խորենացու գլուխգործոցը «Հայոց Պատմություն»-ն է, որը գրվել է երիտասարդ և ուսումնատենչ Սահակ Բագրատունի իշխանի խնդրանքով, երբ ինքը արդեն ծերունազարդ և հիվանդ էր (482):

Այդ գրքի շնորհիվ Մ. Խորենացին արժանացել է «Հայոց Պատմահայր» փառավոր տիտղոսին: Այն ի հայտ է բերում ոչ միայն պատկառանքի արժանի հմտություն, այլ նաև հայրենասիրական բարձր ոգին: Իր ազգասիրությամբ նա կարող է իր բոլոր արյունակիցների համար օրինակ լինել:

Խորենացուն է վերագրվում նաև «Սուրբ Հռիփսիմյանների պատմությունը» պատմական երկը (Եպս. Պողարյան, Հայ Գրողներ, էջ 14-15);

Ոմանք Խորենացում նույնացնում են Ղազար Փարպեցու կողմից Վահան Մամիկոնյանին գրված նոթում հիշատակված Մովսես Փիլիսոփայի հետ:

«Երանելի Մովսես Փիլիսոփան, երբ արդարև մարմնի մեջ էր, շարունակաբար երկնային զորքերի (հրեշտակների) քաղաքացին էր: Հայոց (հետադիմական) աբեղաները նրան հալածում էին տեղից տեղ: Նրա լուսավորող և տգիտությունը հալածող գրքերը տգիտաբար ՓԱԹԱՂԻԿԵՍ (ճակատագրապաշտական, կամ մոլորական- Շ. Գ) էին անվանում և դեռևս բազում ձևերով թշնամություն էին ցույց տալիս նրա հանդեպ և ի վերջո ամոթալի և խաբեբայական միջոցներով նրան եպիսկոպոսական աթոռից իջեցրին և թույն խմեցնելով՝ խեղդամահ արեցին սրբին» (Փարպեցի, «Թուղթ ուղված Վահանին», էջ 686):

Մովսես Խորենացին հիշատակվում է նաև Կաթոլիկ Հանրագիտարանում և Օքսֆորդի բառարանում: Նրա պատմությունը բազմաթիվ լեզուների է թարգմանված: Մեր Հայսմավուրքներում չի հիշատակվում: Լայնածավալ հիշատակություն ունի Լիակատարում, որտեղ ի թիվս մնացածի՝ ասվում է.

«Այն ժամանակներում կատարյալ առաքինությամբ և կատարյալ իմաստությամբ քաջափայլեց Աստծո մարդը՝ Սուրբ Մովսես Խորենացին, ածականով Քերթող, կամ Քերթողահայր, այսինքն խոսք հյուսող և խոսք ստեղծողների գլխավորը, լոկ նա է որ գալիս է իր վարդապետներից՝ Սահակից և Մեսրոպից հետո, իր գրական գործերով… նույնպես սքանչելի էր սուրբ կենցաղավարությամբ և հոգևոր վարդապետությամբ» (էջ 493);

Իսկ ուսմունքի մասին ասում է.

«Բոլոր տեսակ հմտություններին տիրացավ և ամեն տեսակ հնությունների քաջատեղյակ եղավ, գրիչով զորավոր էր և խոսքով հզոր, սրբակրոն վարքով առավելապես փայլեց շատերից: Որի արժանի գովքի մասին քիչ բառերով, բայց տիրապես անդրադառնում է Վասպուրական նահանգի երևելի հայ իշխան Սահակ Արծրունին, երբ նրան իր Թղթի մեջ անվանում է «Քրիստոսի փառքի դեսպան և սպասավոր, երկրի վրա երկնային կենցաղ ունեցող մեկը եղար և խավարյալներիս լուսավորիչը… որ մեզ որպես երկրորդ Սահակ և Մեսրոպ տրվեցիր, նրանց առ Աստված գնալուց հետո»:

Այս ներբողը արժանապես կարող է պատշաճ լինել երկու Մեսրոպներին էլ:

 

Մովսես Քերթողահայր

Մովսես Քերթողի մասին կենսագրական ստույգ տեղեկություններ չկան: Իր ծնունդը համարում ենք 470 թ.-ը իսկ մահը՝ 530թ.-ը, երկուսն էլ ենթադրաբար: Ըստ Ասողիկ պատմիչի նա Բագրևանդ գավառի Եպիսկոպոսն էր (ինչպես որ նաև Մ. Խորենացին էր եղել):

Իր երկերից դատելով՝ Մովսեսը հմուտ էր հունարեն լեզվի մեջ և մանավանդ եռյակ ուսումների՝ քերականություն, հռետորություն և իմաստություն:

Մովսես Քերթողի աշակերտներից հայտնի են Թոդորոս Քերթողը, Պետրոս Քերթողը (557) և Եզրաս Անդեղացին, որը Զ դարի երկրորդ քառորդում (529-557) նշանավորվել է իր ճարտասանության դասերով և բազմաթիվ աշակերտներ է ունեցել:

Մովսես Քերթողահայրը, որը մեծապես հայտնի էր որպես իմաստասեր և բանաստեղծ այր, բացի իր ուսուցչական արդյունավետ գործունեությունից, նաև գրական կարևոր աշխատանք է կատարել, որպես թարգմանիչ և հեղինակ գրական հարուստ ժառանգություն է թողել: Որոնցից կարող ենք հիշել հետևյալները.

  1. Դիոնեսիոս Թրակացու քերականությունը (Ք. ա. Բ դար), որը թարգմանաբար հարմարեցրել է մեր լեզվին:
  2. Դ. Թրակացու քերականության մեկնություն:

Հավանաբար Փիլոն Եբրայեցու որոշ ճառերի թարգմանիչը ինքն է հանդիսանում, ինչպես.

  1. Տեսական կյանքի վարքի մասին, կամ Հեսայանների մասին:
  2. Աստվածային օրենքների այլաբանության մասին:
  3. Իմաստունների կյանքը:
  4. Առանց պատրաստության Սամսոնի մասին:
  5. Գիրք Պիտոյից, որը Ափթոնիոս անունով մի հույն հռետորի (Ք. հ. Գ դար.) գործին հետևելով, հորինել է որպես հռետորության դասագիրք:
  6. Մարմնացյալ Բանի մեկ բնության մասին: Կատարյալ մարդանալու մասին և ինչո՞ւ մեկ բնություն:
  7. Շարականներ՝ նվիրված Աստվածհայտնության Ճրագալույցին, Ս. Ծննդյան, կամ Աստվածհայտնության մեկից մինչև ութ օրերի համար, Հարության կարգերը մեծացուսցեներով հանդերձ ԱՁ-ԴԿ, Տեառնընդառաջի և Վերափոխման Առաջին օրվա շարականներ:

Մովսես Քերթողի շարականներից որոշները, որպես բանաստեղծություն լավագույնն են իրենց գեղեցիկ և յուրահատուկ եղանակներով: Հարության շարականների մեջ էլ հանդիպում ենք աստվածաբանական բանաձևումներ, որոնք հմուտ կերպով տարածում են Հայ եկեղեցու դավանաբանական և վարդապետական բազմաթիվ կետեր (Ն. Եպս. Պողարյան, Հայ գրողներ, էջ 39-41):

 

Դավիթ Անհաղթ փիլիսոփա

Այս նշանավոր մատենագրին էլ են միշտ շփոթել իրեն համանուն այլ Դավիթների հետ, օրինակ Է դարում ապրող և «Հարքից» կոչված մի Դավթի հետ, որը «զարգանում էր իմաստասիրական և աստվածաբանական ուսման մեջ» (Հայ Գրողներ, էջ 86): Ե դարի հեղինակների մոտ նրա մասին հիշատակություն չկա, ոչ մահվան պարագաներն են հայտնի և ոչ էլ ստույգ է, թե որտեղ է ապրել: Ավանդությունը նրան Մովսես Խորենացու մորեղբոր զավակն է ընդունում, որի մոտ էլ ուսանած է համարվում: Ըստ Պողարյան Սրբազանի՝ նա ծնված է համարվում Զ դարի վերջերին՝ 590 թ.-ին և մահացած 660 թ.-ին, բայց երկու թվականներն էլ հարցականով է նշված: Ծնվել է Տարոն գավառի Ներգին գյուղում, որի համար էլ անվանվել է Ներգինեցի, կամ Տարոնեցի:

«Դավիթը Ալեքսանդրիայում իմաստասիրական ուսում է ստացել և նոր Պլատոնական Դավիթ Փիլիսոփային (550?- 620?) աշակերտն է եղել: Դավիթ Ներգինացին իր հռետորական և փիլիսոփայական հզոր տաղանդի շնորհիվ վաստակել է «Անհաղթ» ածականը» (Հայ Գրողներ, էջ 73): Սրա մասին Օրմանյանը գրում է. «Անհաղթ Փիլիսոփա, կամ պարզապես Անհաղթ ածականը ստացել է հատկապես հունական իմաստասիրության մեջ փորձառու լինելու համար» (Ազգ, էջ 440): Իսկ Գուշակյանը ասում է. «Փիլիսոփայական գիտության մեջ նրա ձեռք բերած մեծ հմտությունը անհաղթահարելի էին դարձրել նրան, այս է նրա Անհաղթ տիտղոսի բացատրությունը» (Սուրբք և Տոնք, էջ 219):

«Մեր մեծագույն թարգմանիչներից մեկն է եղել» Դավիթը և «կյանքի է կոչել իմաստասիրական մի ամբողջ մատենաշարի թարգմանություն: Սակայն նրա լեզուն չափազանց հունաբան է և կորցնում է բուն հայերեն վայելչությունը և ճաշակը» (Հայ Գրողներ, էջ 73):

Տոնելի սուրբ լինելու հանգամանքից Օրմանյանը ենթադրում է, որ «հալածված է եղել»: Սակայն սրա մասին որևէ հիշատակություն չկա: Մենք ենթադրում ենք, որ տոնելի է դարձել որպես «մի բարձր մատենագիր և մաքուր հավատացյալ, որը իր անձն ու իր գրիչը արժևորեց Ավետարանին ծառայելու դաշտի մեջ»,- ինչը որ հաստատում է Գուշակյան Պատրիարքը իր «Սուրբք և Տոնք» գրքում (էջ 219): Նրա գերեզմանը համարվում էր «Տերինկատարի Ս. Առաքելոց վանքի պարսպի տակ», մյուս թարգմանիչների հետ միասին: Որևէ եկեղեցական, կամ վարչական պաշտոն վարելու մասին տեղեկություններ չկան:

Թեև մեր Հայսմավուրքներում նա չկա, այլ Լիակատարի մեջ լիովին ներկայացված է, որտեղ իր վարքագրության մեջ ասվում է. «Հելենական ուսմամբ բոլորին գերազանցել էր»: Իմաստասիրությամբ և աստվածաբանությամբ անխտիր փայլեց թե՛ հայերի և թե՛ հելենացիների մեջ: Հավասարապես հմուտ էր թե՛ հայերեն և թե՛ հունարեն գրելու մեջ: Գրել է մի շարք ճառեր վսեմ ոճով, որոնցից հիշվում են երկու ներբողներ, մեկը Ս. Ծննդյան վերաբերյալ, մյուսը Ս. Խաչի մասին «Բարձրացուցեք» սկզբնավորությամբ: Համարվում է, որ վերջինս գրվել է Գյուտ Կաթողիկոսի խնդրանքով: Այս վերջին ներբողը նրա ամենանշանավոր և քաջածանոթ գործն է, որին Ներսես Շնորհալին տաղաչափված ձև է տվել:

Պողարյան Սրբազանը հիշատակում է նրա թարգմանչական գործերը հետևյալ հաջորդականությամբ.

Ա. - Իր ուսուցիչ Դավիթ Փիլիսոփայից, չափավոր հունաբան լեզվով թարգմանել է.

1. Իմաստասիրության սահմանները:

2. Պորփյուրի ներածության վերլուծություն;

3. Արիստոտելի Վերլուծականի մեկնություն:

Բ. - Արիստոտելի (384-321) երկերից.

1. Ստորոգություններ:

2. Մեկնության վերաբերյալ – Պերիարմենիաս: Երկուսն էլ չափազանց հունաբան:

3. Պատմություն աշխարհի մասին:

4. Առաքինությունների մասին:

Գ. - Պորփյուրի (233-304) երկերից.

Արիստոտելի Ստորոգության ներածություն:

Դ. Համբղիքոսի (շ. 283- շ. 333) երկերից.

1. Արիստոտելի Ստորոգության մեկնություն (թերի):

2. Պերիարմենիասի մեկնություն.

Այս երկուսն էլ չափազանց հունաբան լեզվով են թարգմանվել:

Ե. Ոլիմպիոդորոսի երկերից.

Արիստոտելի Ստորոգության մեկնություն:

Սրանցից բացի նաև ունի.

  1. Դ. Թրակեցու Քերականի մեկնություն:
  2. Ս. Բարսեղի ճառը Փրկչի Ծննդյան վերաբերյալ, թարգմանել է Դամասկոսում, Մամիկոնյան Համազասպ Կյուրապաղատի (656-9) հրամանով, որը ըստ Սեբեոսի «ընթերցասեր և ուսումնասեր» մի իշխան էր:
  3. Ս. Բարսեղի հարցերը, թարգմանել է Մամիկոնյան Համազասպ Կյուրապաղատի հրամանով:
  4. Ներբող Աստվածընկալ Ս. Խաչին.- Բարձրացուցեք (ը)զՏեր Աստված մեր:
  5. Գովեստ ներբող Սուրբ Կաթողիկե եկեղեցուն,- Վասն որո մեր ի մաղթանս հայցյալ: (Հայ Գրողներ, էջ 14-15):

Սուրբ Թարգմանիչների շարական, առաջին տուն.

Որք զարդարեցին տնօրինաար զիմաստ Անեղին.

Հաստատելով (հ)յերկիր (ը)զԳիր Կենդանի.

հովուել (ը)զհօտ Նոր Իսրայէլի.

Երգով քաղցրութեան հնչմամբ զԱստված օրհնեցեք:

 

Գրիգոր Նարեկացի

Հայոց Եկեղեցու հրեշտականման վարդապետը և Հայ ժողովրդի մեծանուն և սիրելի Սուրբը ծնվել է 950-ական թթ.-երին, Վասպուրականի նահանգի (Վանի շրջան) Անձևացած գավառում՝ Վանա ծովի հարավ-արևելյան կողմում: Այս գավառը այդ օրերին փոքր թագավորություն էր: Խոսրով Անձևացու կրտսեր որդին էր, որ կնոջ մահվանից հետո Եկեղեցու վարդապետ է դարձել, ապա իր շրջանի եպիսկոպոս: Անձևացին մեր կարևոր և գիտնական մատենագիրներից մեկն է, որ գրել է Ս. Պատարագի և ժամերգությունների մեկնությունները: Գրիգորը իրենից ավագ երկու եղբայրներ էլ է ունեցել՝ Մարտիրոսը և Սահակը, որոնք նույնպես ուսանել են Նարեկավանքում և ընդգրկված են եղել եկեղեցական ասպարեզում, առաջինն իր հետ միասին մնացել է Նարեկավանքում և ապա դարձել է վանքի վանահայրը: Իսկ երկրորդը հոր օգնականն է եղել, հատկապես կատարելով նրա առատ գրական գործերի ընդօրինակումը: Այսպիսով Գրիգորի ընտանիքը եզակի օրինակ է տվել, որտեղ տան բոլոր անդամները (հայրը և որդիները) մտել են եկեղեցական ծառայության սրբազան պարտեզը:

Մանուկ հասակում աշակերտեց իր հանգուցյալ մոր մոտիկ ազգական Անանիա Նարեկացի վարդապետին, որը Ժ դարի սկզբներին Նարեկավանքի պայծառացնողը և Նարեկյան դպրոցի հիմնադիրը եղավ: Շուրջ 25 տարեկան հասակում կուսակրոն քահանա ձեռնադրվեց: Եկեղեցավարչական, կամ քարոզչական որևէ պաշտոն ստանձնելու մասին տեղեկություններ չկան: Իր ամբողջ կյանքը Նարեկավանքում անցավ, աղոթքներով, առաքինական և ճգնողական կյանքով ուսանելով և ուսուցանելով, ինչպես նաև գրական գործեր հորինելով, աճելով և առաջադիմելով սրբության և իմաստության մեջ: «Գրիգորը շատ ընթերցասեր էր և խորապես հմտացավ Ս. Գրքի, ինչպես նաև հայոց հին մատենագրության մեջ» (Հայ Գրողներ, էջ 157):

Նարեկացու հանրածանոթ գլուխգործոցը իր աղոթագիրքն է, կամ ինչպես ինքն է անվանում. «Դրություն Հոգնաթախանձ Բանից Օգտակարաց», որը գրվել է «բազում միայնակյաց հայրերի և անապատականների խնդրանքով»: Օրմանյանը հետևյալ տեսակետն է արտահայտում սույն աղոթամատյանի վերաբերյալ:

«Սքանչելի աղոթագիրք… մի կողմից իր քերթողական ավյունով գրական հաջողության և բարեպաշտական զգացմունքների վեհությունն է հաստատում, մյուս կողմից ցույց է տալիս Նարեկավանքի համեստ վանական Գրիգորի այն սրբության և կարողության համբավը, որը վայելում էր…: Ազգի մեջ գրեթե Ս. Գրքին համահավասար պատիվ է ընծայվել այդ գրքին և նրա ամեն մի գլխին մի սքանչելագործ հատուկ զորություն է վերագրվում: Այդ աղոթագիրքը Գրիգորի առաքինազարդ կյանքը արտացոլելով, նրա անունը տոնելի սրբերի դասերում դասակարգելու մեծ փաստ է հանդիսացել» (Ազգ, էջ 1181):

Իսկ Թորգոմ Պատրիարքը հետևյալ բառերով է արժևորում Նարեկացու անձը և տաղանդը. «Նարեկացին, որպես մտածող, տիեզերական հանճարներից մեկն է, առաջին միստիկ մտածողը հայերիս մեջ և մեծագույն բանաստեղծ» (սուրբք և Տոնք, էջ 259):

Իր մասին ժողովրդական քնքուշ ավանդություններ են հյուսվել, որոնք հաստատում են նրա սրտի սրբությունը և ժողովրդի կողմից սիրված և հարգված անձնավորություն լինելը: Ինչն առհասարակ բոլոր մեծարժեք մարդկանց հետ է պատահում, այդպես էլ Նարեկացին իրեն նախանձողներից և զրպարտիչների հարձակումներից զերծ չի մնացել: Բայց ի վերջո ճշմարտությունը հրաշալի հայտնություններով իհայտ է եկել՝ նրա սրբության և մեծության համբավը բոլորի մոտ ավելի բարձրացնելով:

«Եվ նա այսպիսի սքանչագործություններով և ճշմարտասեր մտքով, խստակրոն վարքով և աստվածաբան քարոզչությամբ արեգակի պես փայլեց մեր աշխարհում: Մի ազգային ավանդության համաձայն, Վանա ծովի Առտեր կղզում, որը Նարեկավանքի դիմացն է, արժանացավ մանուկ Աստծուն տեսնել ամենօրհնյալ Աստվածածնի գրկում; Այս դեպքի վերաբերյալ քողարկված կերպով ակնարկություն կա իր աղոթագրքի գլուխներից մեկում» (Լիակատար, էջ 496):

Համարվում է, որ վախճանվել է 1003 թ.-ին. «և երկրավոր հրեշտակը խառնվեց երկնավոր հրեշտակների հետ»: Մարմինը ամփոփվել է Նարեկի վանքում, որի բուն անունը Ս. Սանդուխտ է, և սրբուհու գրերեզմանն էլ է համարվում այդ վանքի մեջ: 1021 թ.-ին Արծրունյանց Սենեքերիմ թագավորի հետ Վասպուրականի ժողովրդի մեծ մասը գաղթեց Փոքր Հայքի Սեբաստիայի շրջանը: Սրանց մեջ էին նաև Նարեկի վանքի միաբաններից շատերը, որոնք իրենց հետ վերցրեցին Սրբի նշխարների մի մասը, հաստատվեցին Ակնա գյուղի մոտակայքում, վանք կառուցեցին և այն Նարեկ կոչեցին, որը հետագայում մեծ ուխտատեղի դարձավ և անունը աղավաղվելով դարձավ «Արեկա», կամ «Արակա» վանք:

Ըստ Նորայր Արքեպիսկոպոսի՝ Նարեկացու հայտնի գրվածքները, իրենց թվականներով, հետևյալն են.

  1. 977- Մեկնություն Երգ Երգոցի, որը գրել է Անձևացյաց Գուրգեն թագավորի (968-1003) խնդրանքով:
  2. Ներբող Ս. Առաքյալներին, գրել է Աղոթամատյանից առաջ:
  3. շ. 1000- Պատմություն Ապարանի Խաչի (Ներբող Սուրբ Խաչի): Գրել է Մոկաց Ստեփանոս Եպիսկոպոսի խնդրանքով: Սրանց, ինչպես նաև մյուս ներբողների և գանձերի աշխարհաբար փոխադրությունը տպագրվեց 1955 թ.-ին Պոլսում:
  4. 1002- Աղոթագիրք՝ Նարեկ: Բաղկացած է 95 գլխից և բաժանված 367 հատվածների: Կերտվել է իր անդրանիկ եղբոր՝ Հովհաննեսի՝ «Նարեկի մեծափառ և բարձրապատիվ ուխտի վանականի» աջակցությամբ: Նրա մասին մի ուրիշ տեղ ասում է. «որ գիտնական և հանճարեղ իմաստասեր է, ինձնից ամեն ինչում առավել»: Նարեկը հայոց հոգևոր գրականության բարձրակետն է համարվում: Այն միջազգային չափանիշներով առաջնակարգ և անհամեմատելի մի աղոթագիրք է: Նարեկը բազմաթիվ աշխարհաբար փոխադրություններ է ունեցել, որոնցից են Քասիմի, Թորգոմ Արք. Գուշակյանի և Գարեգին Արք. Տրապիզոնի թարգմանությունները, որոնց մեջ լավագույնը համարվում է Թորգոմ Արք. Գուշակյանի հրատարակածը: Արևելյան աշխարհաբարի էլ է վերածվել: (Լավագույնը Վազգեն Գեորգյանի փոխադրությունն է, Երևան 1979 թ):
  5. Ներբող Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետին:
  6. Թուղթ, որ գրեց հոյակապ և ականավոր Կճավի ուխտին: Թոնդրակյանների աղանդի մասին:
  7. Երեք գանձեր՝ Ա. Սուրբ Հոգու գալստյան, Բ. սուրբ Եկեղեցու, Գ. Աստվածընկալ Սուրբ Խաչի:
  8. Մոտ երկու տասնյակ տաղեր և մեղեդիներ: Սրանցից մի քանիսը հորինվել են ժողովրդական երգի նմանությամբ և բանաստեղծական բարձր արժեք են ներկայացնում: Արևելահայերենի են փոխադրվել Արշավիր Մխիթարյանի կողմից և 1957 թ.-ին տպագրվել են «Հայ Գրողներ»-ում (էջ 158-159):

Տոնախմբում ենք Թարգմանիչ Վարդապետների հետ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Հայսմավուրքներում հիշատակվում է փետրվարի 27-ին:

 

Ներսես Շնորհալի

Ս. Ներսես Շնորհալին մեր եկեղեցու ամենահոգելից և մեծագույն մատենագիրներից մեկն է: Սերում էր նոր Պահլավունիներ կոչված ազնվական ընտանիքից, նա իրեն համարում էր Ս. Գրիգոր Լուսավորչից սերած: Այս ազնվական գերդաստանը, որը մեր պատմության թատերաբեմում երևան է գալիս Ժ-ԺԱ դարերին, մեր եկեղեցուն տալիս է յոթ կաթողիկոսներ, որոնցից կենտրոնականը Ներսես Շնորհալի Հայրապետն է: Այս կաթողիկոսներից առաջինը՝ Գրիգոր Բ Վկայասերը (1065-1105) երջանկություն է ունենում դիմավորելու հայ պետականության վերջին շրջանի արշալույսը. 1080 թ.-ին Ռուբեն իշխանի կողմից Տավրոսի լեռնաշղթայի բարձունքների վրա հիմնված իշխանապետությամբ, իսկ վերջինը՝ Գրիգոր Զ Ապիրատը (1119-1203), հանձինս Լևոն Մեծագործ արքայի, 1198թ.-ին Սիսում այս իշխանության առաջին թագավորին իր ձեռքով օծելու երջանկությունն է ունենում, Սիսը այնուհետև դառնում է Կիլիկյան Հայոց թագավորության մայրաքաղաքը և ապա Հայ Կաթողիկոսության կենտրոնը:

Գրիգոր Նարեկացու ննջելուց շուրջ հարյուր տարի հետո, հյուսիս-արևելյան Կիլիկիայում 1102 թ.-ին Ծովք դղյակի մեջ, որը իրենց փոքրիկ իշխանապետության կենտրոնն էր, այս կյանքում իր աչքերն է բացում Ներսեսը: Իր հայրը՝ Ապիրատ իշխանը, սպանվեց մի պատերազմում, երբ Ներսեսը տակավին մանուկ էր, կամ մատաղահասակ մի պատանի: Ունեցել է երեք եղբայրներ, որոնցից երկուսը՝ Վասիլը և Շահան, կամ Զորավարը, մտել էին աշխարհիկ, կամ զինվորական ասպարեզ, իսկ նրան նախորդող եղբայրը՝ Գրիգորը, և ինքը առաջին երկու Պահլավունի Կաթողիկոսների՝ Գրիգոր Վկայասերի և նրան հաջորդող Բարսեղ Անեցու (1105-1113) հոգածությամբ և հոգևոր հայրությամբ, պատրաստվել են եկեղեցական ասպարեզի համար: Երկու եղբայրները իրենց կրթությունը ստանում են Տավրոսի լեռներում գտնվող Կարմիր վանքում, Ստեփանոս Մանուկ կոչվող գիտնական վարդապետի մոտ: Բարսեղ կաթողիկոսի արկածային մահից հետո, երիտասարդ հասակում, երբ նոր միայն 20 տարեկան էր, կաթողիկոս է դառնում նույն ինքը Ներսեսի մեծ եղբայր Գրիգորը և մեր կաթողիկոսներից ամենաերկար գահակալած կաթողիկոսն է լինում (1113-1166): Ներսեսը իր հոգևոր բոլոր աստիճանները (18 տարեկան հասակում սարկավագություն և քահանայություն, 30 տարեկանում եպիսկոպոսություն) իր Կաթողիկոս եղբորից է ստանում, որի զորեղ աջակիցը, կամ փոխարինողն է հանդիսացել կաթողիկոսական բոլոր գործերում:

Իր պապենական դղյակից դուրս առաջին ճամափորդությունը լինում է 1141 թ.-ին, երբ իր եղբոր հետ ներկա է լինում Անտիոքում գումարված Լատին եկեղեցու ժողովներից մեկում, որտեղ պաշտոնապես հրավիրված էր իր Կաթողիկոս եղբայրը: Այնտեղից Գրիգոր Կաթողիկոսը իր ճանապարհը շարունակում է դեպի Երուսաղեմ, իսկ Ներսեսը, Հայրապետանոցում ընդահանուր գործերի վրա իր հսկողությունը շարունակելու համար, վերադառնում է Ծովք:

1150 թ.-ին նախախնամության տնօրինությամբ, իրենց գերդաստանի ձեռքն է անցնում Կիլիկյան Եփրատի վրա, արևելյան կողմից Ուրֆայից, իսկ արևմուտքից Այնթափից ոչ շատ հեռու գտնվող Հռոմկլայի ամուր բերդը: Ներսեսի անունը սերտորեն կապվեց այս դղյակի հետ, այդ իսկ պատճառով պատմության մեջ նաև հիշվում է որպես Ներսես Կլայեցի անունով: Այստեղ փոխադրվելուց հետո, Ներսեսը նախ մահացու հիվանդացավ, բայց Աստծո ողորմությամբ առողջացավ: Կյանքի մնացած մասը (գրեթե քառորդ դար) անցկացրեց այս տոթ և դժվար տանելի բերդում: Մի անգամ միայն առիթ ունեցավ դուրս գալու այս «բերդարգելարանից», մի կարևոր առաքելությամբ. 1164 թ.-ին Կիլիկիայի երկու մեծ հայ իշխանները՝ Թորոս Լևոնի Ռուբինյանը և Լամբրոն բերդի տեր Օշինը, իրար դեմ զինվել էին: Շնորհալին գնաց, որպեսզի նրանց հաշտեցնի, որոնք հեռու կամ մոտ խնամիական կապերի մեջ էին իրենց գերդաստաններով: Շնորհալու առաքելությունը հաջողությամբ պսակվեց, երկու իշխանները հաշտվեցին և վերջ տվեցին եղբայրասպան կռվին:

Վերադարձի ճանապարհին, Մամեստիա քաղաքում, Շնորհալին հանդիպեց Բյուզանդիայի կայսեր փեսա և ներկայացուցիչ Ալեքս Դուքսին, որը հետաքրքրվեց հայերի դավանությամբ և երկու եկեղեցիների բաժանման պատճառներով, ինչը, որ Ներսեսը գրավոր բացատրեց նրան: Այստեղից նամակագրությամբ և կայսեր կողմից ուղարկվող պատգամաբերների միջոցով սկիզբ է առնում միարարական բանակցությունները Հայոց Հայրապետարանի և Բյուզանդիայի կայսեր և հույն պատրիարքի միջև: Բանակցությունները տևեցին Ներսեսի ողջ կյանքի ընթացքում: Այս բանակցության թղթագրությունը պահպանվել է թե՛ մեր և թե՛ հունաց մոտ: Սրանց հայերեն մասը հրատարակվել է Շնորհալու «Ընդհանրական Թուղթք» կոչված գործի երկրորդ մասում 1871 թ.-ին, Երուսաղեմի Հայոց տպարանում:

Գրիգոր Կաթողիկոսը, ծերության պատճառով իրեն անակարող զգալով, 1166 թ.-ին Ներսեսին իր փոխարեն կաթողիկոս է օծում և որոշ ժամանակ անց մահանում: Ներսեսը խաղաղ պաշտոնավարության 7-8 տարիներ ունեցավ, վախճանվեց 1173 թ.-ին և թաղվեց իր եղբոր մոտ, Հռոմկլայի բերդում: Նրա գերեզմանը մեծ ուխտատեղի էր մինչև առաջին աշխարհամարտը:

Սակայն Ներսես Շնորհալի Հայրապետը առավել հայտնի է իր առատ գրականությամբ, որոնք օծված են կրոնական ազնիվ հոգով և ծողովրդական բարձր տրամադրությամբ: Որքան մեծ աստվածաբան է Շնորհալին, նույնքան էլ ընտիր բանաստեղծ է: Որքան շատ և բովանդակալից են իր արձակ գրությունները, նույնքան առատ և սքանչելի են իր քերթողական (բանաստեղծական Վ. Դ.) երկերը:

Մեր Ժամագիրքը և Շարակնոցը ճոխացնողներից ամենալավը եղավ Ս. Ներսես Շնորհալին: Շարակնոցի մեջ ամենաշատ շարականներ զետեղողը եղավ նա, թվով ավելի քան 30 կտոր: Հայ Ժամագրքի գրեթե բոլոր երգերը (ավելի քան 15 հատ) նրա գրչին են պատկանում:

Ավելի նշանավոր է 24 տներից բաղկացած «Հավատով խոստովանիմ» սկզբնավորությամբ աղոթքների ընդհանրությունը, որը մեր ժամագրքի մեջ ընդգրկվել է, որպես հսկումի ժամերգության մի հատված և որը Վենետիկի Հայրերի հոգածությամբ թարգմանվել է 36 լեզուների, ինչպես նաև «Հիսուս Որդի» աղոթագիրքը, որ բազում հրատարակչություններ է ունեցել և թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն և մեր կողմից աշխարհաբար՝ 1974 թ.-ին: Իր «Ընդհանրական Թուղթ»-ը, որն իր անդրանիկ կոնդակն է, և մյուս «Թղթերը» հայեցի դավանության և իմաստուն խորհուրդների անսպառ շտեմարաններ են: Նշանավոր է նաև իր «Ատենաբանություն»-ը, որը Կաթողիկոս ընտրվելու կապակցությամբ, կարդացել է եպիսկոպոսական ժողովին հավաքվածների մոտ: Նաև ձեռնարկել է Մատթեոսի Ավետարանի մեկնությունը, սակայն կարողացել է հազիվ ավարտել նրա առաջին հինգ գլուխները:

Բացի վերոհիշյալներից, Ներսես Շնորհալին ունի բազմաթիվ այլ գործեր, միշտ կրոնաբույր ոճով, բայց ոչ անպատճառ կրոնական բովանդակությամբ: Օրինակ «Վիպասանություն»-ը, որը իր գրական գործերից անդրանիկն է, և քերթողական ոճով գրված իր ազգատոհմի պատմությունն է: «Ողբ Եդեսիայի», որը գրվել է այլազգիների կողմից այս քաղաքի քրիստոնյաների ջարդի առթիվ; Ունի նաև Հայ այբուբենի տառերով սկսվող խրատներ, հանելուկներ և այլն: «Հաղագս Երկնից և Ջարդուց» գրական գործը, «Վկայաբանություններ», ներբողներ և այլ գրություններ:

1973 թ.-ին նշվեց Շնորհալու մահվան ութ հարյուր ամյակը և անգամ Վատիկանը մասնակցեց այս դարակազմիկ հանդիսությանը՝ հիշատակին նվիրված Շնորհալու պատկերով դրոշմանիշների շարք թողարկելով: Իսկ Թուրքիայի Հայոց Պատրիարքությունը գունավոր տպագրությամբ մի «Հուշագրքույկ» հրատարակեց, որտեղ խտացված ներկայացվում է Շնորհալու անձի և վաստակի վերաբերյալ գրեթե բոլոր տեղեկությունները: Մեր այս վարքագրությունը ավարտում ենք մեր կողմից Շնորհալու մասին պատրաստած «Հեզահամբույր Անձ» գրության երեք փոքր հատվածներով:

«Շնորհալի Հայրապետը մեզ կտակել է կրոնական, բարոյական և մշակութային հսկա հարստություն: Այդ կտակի կարևորագույն և սրբազնագույն մասը, ըստ մեզ, նույն ինքը՝ նրա շնորհաշատ Անձն է: Այո, անձերն էլ կարող են որպես ժառանգություն մնալ գալիք սերունդների համար, մանավանդ երբ վեհ և ցանկալի մի գաղափարի մարմնացումն են եղել նրանք: Ներսեսը մարդկային ազնվականության, Ավետարանկան կատարելության և ժողովրդանվեր ողջակիզումի անգերազանցելի օրինակ եղավ: Եվ այդ իսկ պատճառներով, որպես անկործանելի բարոյական կոթող, միշտ կանգուն մնաց, որքանով որ մեր պատմության և մատենագրության էջերի մեջ, նույնքանով և իր ժողովրդի զգացմունքների և երախտագիտության մեջ: Եվ Հայոց Եկեղեցին և մեր ժողովուրդն այդ անմահ անձնավորությամբ իրեն ավելի հարուստ ավելի հզոր և ավելի հպարտ է զգում, այս բառերի բարոյական և ազնվական իմաստներով»:

«Մեր եկեղեցու պատմության մեջ, Ս. Գր. Լուսավորչի, Ս. Սահակի, Ս. Մեսրոպի և Ս. Գր. Նարեկացու նման ոչ ոք այնքան մեծարանք և սեր չի վայելել իր ժամանակակիցների և հաջորդ սերունդների կողմից, որքան Ներսես Շնորհալի Հայրապետը, որպես Սուրբ և մատենագիր: Իր շնորհի և սրբության համբավը տարածվել էր մինչև Բյուզանդական արքունիք, որտեղ, երբ իմացան նրա մահվան մասին, օրվա կայսրը հառաչանքով ասաց. «Մի մեծ և արթուն զգայարան վերցրվեց Աստծո եկեղեցուց: Հայերը զրկվեցին իրենց երկրորդ Լուսավորչից: Ո՜վ երանելի վարդապետ, ինչպե՞ս իմ փափագը անկատար թողնելով Քրիստոսի մոտ գնացիր: Սակայն մենք պիտի տնօրինենք, որ քո անունը առաջին սրբերի հետ հիշատակվի, Քրիստոսով ուրախությամբ տոնելով»:

«Երախտավոր ենք Աստծուն, որ, ինչպես հաստատում է նրա կենսագիրը, մեր պատմության գրեթե ամենատագնապալի մի շրջանում, մեզ Ներսեսին ընծայեց, որը մի շրջադարձային դեր կատարեց մեր պատմության մեջ. «Վերջին ժամանակների այս Երանելի Հայրապետը, երբ մեղքերի ձմեռն էր տիրում մեր աշխարհի վրա և սրի և գերության թշվառության մեգը պաշարում էր մեզ, հայտնվեց ջահավորված վարդապետությամբ և լուսավոր վարքով, և մեղքերի մրրիկը ցրեց աշխարհի վրայից և ձմեռային մեռելությունից, հոգևոր աճով և Քրիստոսանման հասակով, վերստին կանաչազարդեց մեզ»:

Շնորհալին Մարզվանցու «Հայսմավուրքում», գրեթե նույն բառերով սեղմ, մեկ սյունակից մի քիչ ավելի, հիշատակվում է երկու անգամ՝ հունիսի 13-ին և օգոստոսի 5-ին: Իսկ Փեշտիմալճյանի մոտ օգոստոսի 13-ին: Ներսեսը հիշատակվել է նաև «Սրբոց Բառարան»-ի մեջ, որպես «Հայաստանի ֆենելոնը և ԺԲ դարի առաջնակարգ գրողը և բանաստեղծը, նա լուրջ ջանքեր թափեց իր եկեղեցին մեկուսացած վիճակից դուրս բերելու համար»: Հիշվում է նաև «Կաթոլիկ Հանրագիտարան»-ի մեջ:

Տոնում ենք Թարգմանիչների հետ, Ս. Խաչին հաջորդող հինգերորդ կիրակիին նախորդող Շաբաթ օրը:

Քանի որ իր մասին գրված շարական չկա՝ ներկայացնում ենք Հրեշտակների մասին հորինած շարականից մեկ տուն.

Որ պաշտոնյաներիդ ոչնչից ստեղծեցիր

Վերածելով այրող կրակի, ով Անեղ Կրակ,

Նրանց հետ մենք էլ՝ հողեղեններս, օրհնում ենք Քեզ:

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․