Գրքեր
26 Հոկտեմբեր, Բշ Սբ. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օր

Անաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և Քրիստոսի խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով Տիրոջ Խաչի միջոցով կատարվող հրաշքները, դարձի է գալիս: Ապա նա Երուսաղեմ է գնում, մկրտվում Մոդեստ պատրիարքի կողմից` վերակոչվելով Անաստաս, և որպես վանական մտնում է Սբ. Սաբայի վանք: Քարոզության առաքելությամբ նա, Պաղեստինյան Կեսարիա գնալով, որ գտնվում էր պարսիկների իշխանության ներքո, մոգերի է հանդիպում և փորձում նրանց քրիստոնյա դարձնել, սակայն ձերբակալվում է: Պարսից Խոսրով արքան խոստանում է ազատել նրան, եթե թեկուզ մեկ մարդու մոտ ձևական հրաժարվի Քրիստոսից, բայց ի պատասխան լսում է սրբի ազդու խոսքը. <<Ոչ ոքի առջև, ո՜չ ուրիշի, ո՜չ բացահայտ, ո՜չ գաղտնի, ո՜չ խոսքով, ո՜չ մտքով, ո՜չ անգամ քնի մեջ ես չեմ ուրանա իմ Փրկչին>>: Նրան տանում են Պարսկաստան և կտտանքների ենթարկելով գլխատում 70 այլ քրիստոնյաների հետ: Հերակլ կայսեր (610-641) օրոք նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և Հռոմ:

Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 մենակյացները ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան:

Թեոդիտեն ու նրա որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304թ.: Թեոդիտեն այրի բարեպաշտ կին էր, որ բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակներով, որոնց դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության առաջարկ է անում, սակայն մերժվում է: Այս բանի համար նրա աչքի առաջ զավակներին չարաչար տանջում են, որոնք սակայն, քաջաբար դիմանում են և չեն ուրանում իրենց հավատը: Ի վերջո, բոլորին կրակն են նետում:

 

https://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․