17 Դեկտեմբեր, Գշ Սուրբ Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի ու չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր
Թեոպոմպոս Եպիսկոպոս
Հայտնի չէ նույնիսկ, թե որ քաղաքի եպիսկոպոսն է եղել: Ապրել է Դիոկղետիանոսի ժամանակներում: Երբ սա հրամայեց իր քաղաքի բնակիչներին երկրպագել կուռքերին, Թեոպոմպոսը չկարողացավ հանդուրժել, այլ առաջ գալով մատնացույց արեց կռապաշտության անամոթությունը: Երբ թագավորը հարցնում է, թե ո՞վ է սա, պատասխանում են. «Սա քրիստոնյաների վարդապետն ու եպիսկոպոսն է»: Երբ թագավորը զայրացած հարցրեց. «Ինչպե՞ս համարձակվեցիր իմ ներկայությամբ այդպիսի բաներ ասել», Թեոպոմպոսը սաղմոսի խոսքերով պատասխանեց. «Վկայում եմ Քրիստոսի մասին «թագավորնների առջև և չեմ ամաչելու»: Այս խոսքի վրա նրան բորբոքված հնոցը նետեցին, որտեղ նա երեք մանուկների օրհներգությունն էր երգում: Նրա չայրվելը կախարդության վերագրեցին և բանտարկեցին, որտեղ քսան օր մնաց անոթի: Դարձյալ թագավորի մոտ տարան և նրա հարցաքննությանը պատասխանեց ասելով. «Իմ Խաչված Աստծո հանդեպ հույսս հաստատուն է, սակայն քեզ հավիտենական տանջանքներ են սպասվում»: Աչքերը հանելով բանտ նետեցին որտեղ շարունակեց սոված մնալ: Ապա կանչեցին Թեովնաս կախարդին և մեծ քանակությամբ ոսկի խոստացան, եթե կարողանա հաղթել Թեոպոմպոսին: Սակայն նրա կախարդությունները սրբին չվնասեցին, որից հետո Թեովնասը հայտարարեց. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը և հաղթական է Նրա զորությունը, հավատում եմ Խաչյալ Հիսուս Աստծուն»: Թեոպոմպոսը տակավին շատ այլ չարչարանքների ենթարկվելով գլխատվեց: իսկ Թեովնասը, երբ իր նոր հավատքի մեջ անդրդվելի մնաց, ողջ-ողջ թաղվելով նահատակվեց:
Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
Թեովնաս
Թեովնասը նախ կախարդ էր, որին կանչեցին, որպեսզի հակազդի Թեոպոմպոս Եպիսկոպոսին, որը տոկացել եր անսովոր չարչարանքներին և կրակից չէր այրվել: Սակայն հաղթվելով Թեոպոմպոս Եպիսկոպոսի իմաստությունից և բարոյականությունից՝ քրիստոնեություն ընդունեց և նահատակվեց նույն Եպիսկոպոսի հետ 308 թ.-ին:
Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
Բասոս, Եվսեբ, Եվտիք և Բասիլիդես զինվորներ
Սրանք չորս զինվորներ էին, որոնք Թեոպոպմոս Եպիսկոպոսին հսկելու էին կարգված և տեսնելով չարչարանքների ընթացքում նրա ցուցաբերած համբերությունն ու քաջությունը, այնքան ազդվեցին, որ իրենք էլ քրիստոնյա դարձան: Դիոկղետիանոսը նրանց իր մոտ կանչեց և նախ զրկեց նրանց զինվորական բոլոր պատիվներից և ապա հարստությունից և բանտ նետեց: Բասոսը նահատակվեց մարմինը սրով կտոր-կտոր արվելով: Եվսեբի մարմինը մուրճով ջարդեցին: Եվտիքեսին չորս ցցերից կապելով և ձգելով մարմինը կտոր-կտոր արեցին: Իսկ Բասիլիդեսի փորը ճեղքեցին և փորոտիքը դուրս թափեցին: Այսպիսի չարաչար տանջանքներով մարտիրոսացան Քրիստոսի քաջարի զինվորները:
Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը