Գրքեր
22 Մայիս, Կիր Եղիա Մարգարեի հիշատակության օր

Կրակե մարգարե՝ կրակի պես այրող և մաքրող: Մի այլ «գագաթ» Հին Կտակարանում և ամենահզոր դեմքը մարգարեներից: Արտաքին տեսքից ահազդու է և գործերով ահեղ, Աստծո արդար զայրույթի մարմնացումը երկրի վրա: Ապրում էր քաղաքակրթության այլասերիչ ազդեցությունից հեռու՝ բնության մեջ:

Ոչ մի խոսք չկա նրա կյանքի սկզբի մասին: Եվ հանկարծ Աստվածաշնչյան ասպարեզ է իջնում արդեն կայացած Աստծո մարդը՝ Եղիան:

Եղիայի օրերի Երուսաղեմի թագավոր Աքաաբը ընդհանուր առմամբ վատ թագավոր չէր, բաց նրա չար «մասը» իր թագուհին էր՝ Փյունիկեցի կռապաշտ Հեզաբելը: Այս կինն իր հարսանեկան օժիտի և նաժիշտների հետ Իսրայել էր բերել նաև իր երկրի չաստվածներին և քուրմերին, որոնց թիվը հազարի էր հասնում: Արքունիքից սկսած ամբողջ երկիրը թաթախվել էր Իսրայելի պատմության մեջ ամենածանր կռապաշտությունով: Այս ահավոր կացության դեմ պայքարելու համար Աստված ասպարեզ հանեց Ահավոր Եղիային:

Հանկարծ ներկայանալով Աքաաբին՝ հետևյալ միտքն է հայտնում. «Երկիրը կռապաշտությամբ ողողեցիր և հետևաբար Աստծո բարկությունն էլ քո վրա բերեցիր: Ոչ մի կաթիլ անձրև չպիտի տեղա այս երկրի վրա մինչև իմ հաջորդ այցը քեզ» (հմմ Գ. Թագ. 17): Նույն հանկարծակիությամբ էլ անհետանում է թե՛ թագավորի մոտից և թե՛ երկրից: Եղիան գիտեր, որ սպանելու համար պիտի փնտրեն իրեն, ուստի հեռանում է երկրի հյուսիսային սահմանները՝ Փյունիկեցիների, Սարփթա քաղաքը, որտեղ որոշ ժամանակ մի այրի կնոջ հյուրասիրությունն է վայելում, որի սափորի ալյուրը և պնակի յուղը այդ երաշտի տարիներին չեն վերջանում և որի զավակին էլ հարություն է տալիս:

Երաշտի երրորդ տարում Եղիան ներկայանում է Աքաաբին, որը նրան հետևյալ բառերով է ընդունում.

- Այդ դու՞ ես, Իսրայելի ավերող:

- Ավերողը դու և քո հոր տունն է,- պատասխանում է Եղիան,- որ մոռացաք ձեր Աստծուն և սկսեցիք պաշտել Բահաղներին: Արդ մարդիկ ուղարկիր և ամբողջ Իսրայելի մարդկանց հավաքիր Կարմելոս լեռան վրա, կանչիր նաև Բահաղի և Աստարտեի քուրմերին որոնք Հեզաբելի սեղանից են կերակրվում:

Արդարև, այսօրվա Հայֆա քաղաքի մոտ գտնվող Կարմելոս լեռան վրա էր, որ տեղի ունեցավ այդ դրամատիկ պայքարը Եհովայի և Բահաղի միջև, ի դեմս Եղիայի և Բահաղի քուրմերի, իսկ թագավորը և բազմահազար ժողովուրդը եղան այդ դրամայի հանդիսատեսը:

Եղիան իր հսկա հասակով կանգնեց բոլորի դիմաց և ասաց.

- Մինչև երբ պիտի երկու ոտքից կաղաք՝ հակվելով մե՛կ Աստծո, մե՛կ Բահաղի կողմը: Եթե Եհովան է ճշմարիտ Աստվածը ապա հետևե՛ք Նրան, իսկ եթե Բահաղն է՝ կապվեք նրա հետ: Իբրև Տիրոջ մարգարե միայն ես եմ, իսկ Բահաղը և Աստարտեն ունեն ինը հարյուր հիսուն մարգարեներ: Այժմ տվեք մեզ մեկական եզներ՝ մեկը ինձ մյուսը նրանց: Դրանք պատրաստենք և մեզնից յուրաքանչյուրը թող իր զոհը իր զոհասեղանին դնի և Այն աստվածը, որը երկնքից կրակ կուղարկի և կայրի Իր զոհը, Նա է ճշմարիտը:

Բոլոր ներկաները միասնաբար համաձայնվեցին Եղիայի առաջարկի հետ:

Բահաղի քուրմերը իրենց եզը մորթելով դրեցին իրենց կառուցած բագինի վրա: Առավոտից մինչև երեկո հանգերգելով գոռացին-կանչեցին «Բահաղ լսի՛ր մեզ»: Եղիան չկարողանալով պահել իր հեգնանքը բարձրաձայն ասաց.

- Ավելի բարձրաձայն գոչեք, քանզի վերջ ի վերջո աստված է, երևի գործեր ունի, կամ զբոսանքի է գնացել, կամ ճանապարհորդության, կամ գուցե քնած է և նրան պետք է արթնացնել…:

Ինը հարյուր հիսուն քուրմերի դեմ մեն-մենակ կանգնած լինել և այդպիսի խոսքեր ասել՝ հասարակ մահկանացուի արարք չէ; Բահաղի քուրմերը, իրենք իրենց գերազանցելով, զոհասեղանի շուրջ ծիսական պարեր էին պարում և իրենց աստծո գութն արթնացնելու համար իրենց մարմինները սրերով և նիզակներով վիրավորում էին:

Արդեն կեսօրն անցել էր և հասել էր երեկոյան իսրայելյան զոհ մատուցելու կանոնական ժամը. Եղիան ասաց.

- Այլևս մի կողմ քաշվեք, հերթը իմն է:

Եվ տասներկու քարերով սարքեց Տիրոջ զոհասեղանը: Վրան դասավորեց փայտը և դրա վրա էլ իր պատրաստած զոհը և իրեն շրջապատողներին ասաց.

- Ջուր բերե՛ք և լցրե՛ք զոհի վրա,- բերեցին և չորս սափոր ջուր լցրեցին և ասաց- կրկնե՛ք, երրորդ անգամ էլ արե՛ք,- այդպես արեցին:

Ջուրը ողողեց զոհին, փայտերը, ամբողջ սեղանը և լճացավ սեղանի մոտ փորված փոսի մեջ:

Եղիան այսպես աղոթեց. «Տեր Աստված, Աբրահամի, Իսահակի և Հակոբի, թող այսօր ամեն մեկը հասկանա, որ Դու ես Իսրայելի Աստվածը և ես էլ Քո ծառան: Տեր կրակով լսիր ինձ…»

Հազիվ էր ավարտել իր աղոթքը, երբ «Տիրոջից կրակ իջավ և կերավ ողջակեզը, փայտի շերտը քարերը և հողը և լափեց սեղանի շուրջը եղած, փոսում լճացած ջուրը» (Գ. Թագ. 18:38): Երբ ժողովուրդը տեսավ այս «իրենց երեսի վրա ընկան և ասացին՝ արդարև Տերն է ճշմարիտ Աստվածը»: Եվ Եղիան օգտագործելով հոգեբանական պահը գոչեց.

- Բռնեք Բահաղի քուրմերին, նրանցից ոչ մեկն ապրելու արժանիք չունի:

Նրանց բռնելով իջեցրին մոտական հեղհեղատը և նրանց կոտորելով մարմինները գետը նետեցին: Ապա Եղիան աղոթեց և տեղաց երեք ու կես տարիներ սպասված անձրևը:

Բնականաբար կատաղեց Հեզաբելը և այսպիսի լուր ուղարկեց Եղիային. «Եթե դու Եղիան ես, ես էլ Հեզաբելն եմ և թող աստվածները պատուհասեն ինձ, եթե վաղը նույն վիճակին չարժանանաս, ինչ վիճակին, որ իմ քուրմերին արժանցրիր»:

Եղիան, հակառակ իր խիզախության և հրաշագործ կարողության, «մեր նման մարդ էր՝ չարչարելի» ասում է Հակոբոս առաքյալը (5:17), հետևաբար Հեզաբելի սպառնալիքներից «վախեցավ Եղիան և առանձնացավ», այս անգամ գնալով երկրի հարավային կողմը՝ մինչև Սինա լեռը և այնտեղ, գրեթե հուսակտուր, առանձնացավ մի այրում  և սպասեց Աստծո հետագա պատգամներին: Իբրև Աստծո ներկայության նշան մի հողմ բարձրացավ՝ «մեծ և ուժգին մի հողմ, որ լեռներն էր առանձնացնում և ժայռերը խորտակում, դրան հաջորդեց երկրաշարժ և կրակ» ճիշտ դրանից 500 տարի առաջվա պես, Մովսեսի օրերի նման: Սակայն այս բոլորի հետ մեկտեղ Եղիան չզգաց Աստծո ներկայությունը: Ապա լսվեց «մի մեղմ օդի ձայն» և Եղիան զգաց Աստծո ներկայությունն այդ խաղաղ զեփյուռի մեջ, գլուխը ծածկելով իր մաշկեղեն ծածկոցով, վեր կացավ, կանգնեց իր քարայրի մոտ: Ձայնը ասաց նրան.

- Ի՞նչ գործ ունես այստեղ, Եղի՛ա:

- Վառվեցի Ամենակալ Տիրոջ նախանձախնդրությամբ, քանզի Իսրայելի որդիները մոռացան ուխտդ, քանդեցին զոհասեղաններդ, մարգարեներիդ կոտորեցին և ես միայնակ մնացի, այժմ էլ վերացնելու համար ինձ են փնտրում:

Աստվածային ձայնն ասաց. «Վերադարձիր երկիր»: Եվ նոր հրահանգներ տրվեցին Եղիային, որոնց նպատակն էր, նախ հաստատել այն ճշմարտությունը, թե ջարդով ոչինչ չենք կարող շահել, ինչպես, որ ինքն էր արել, կոտորելով Բահաղի քրմերին, այլ անհրաժեշտ է գործունեություն ծավալել: Այս գործունեության մաս էր կազմում Իսրայելի մեջ հեղափոխական շարժում կազմակերպելով՝ նոր թագավոր օծել և Հեզաբելին ու իր չարագործությունները երկրից վերացնել: Սրա մաս էր նաև, իրեն հաջորդ ընտրելը, որը իրենից հետո կշարունակեր իր գործը, քանզի արդեն հասել էր ասպարեզը զիջելու ժամանակը:

Եղիան իրեն հաջորդ ընտրեց Եղիսե անունով մի մեծահարուստ հողագործի: Երբ սա իր տասներկու եզներով և օգնականներով արտ էր վարում՝ Եղիան իր մաշկեղեն պատմուճանը նրա վրա գցեց: Եղիսեն, հասկանալով այս անխոս արարքի իմաստը, հրաժեշտ տալով ընտանիքին, նույն տեղում եզներից երկուսին մորթեց և գութանի փայտերով եփեց և իբրև մատաղ բաժանեց բոլորին ու հետևեց Եղիային (Գ. Թագ. 19:19-21)

Եղիան, զգալով իր վախճանի մոտ լինելը, մեկ առ մեկ այցելեց մարգարեների խմբերին, Եղիսեին նրանց ներկայացրեց և վերջինիս հանձնարարեց, որ նրանց հետ մնա, քանզի Աստված իրեն այլ տեղ է կանչում: Սակայն Եղիսեն պնդեց, որ մինչև վերջին վայրկյանը նրանից չպիտի հեռանա: Հորդանանը հրաշքով անցնելուց հետո, երբ զրուցելով գնում էին «Հանկարծ  մի կառք և հրեղեն երիվարներ երևացին և մրրիկի միջոցով երկինք վերացավ» (Դ Թագ. 11): Այսպիսով եղավ  Ենովքից հետո Աստվածաշնչի երկրորդ անձը, որ երկրի վրա մահ չճաշակեց այլ երկրից երկինք տեղափոխվեց:

Անսովոր վախճան ունեցող Եղիայի համար անսովոր տոնակատարություն է սահմանել մեր Եկեղեցին: Մինչ բոլոր մյուս սուրբերի տոնակատարությունը տոնում ենք շաբաթվա ուտիք օրերին, Եղիան բացառապես հիշատակվում է հոգեգալուստին հաջորդող կիրակի օրը, որը նաև սկիզբն է պարզ հարության կիրակիների:

Եղիան բոլորովին նախօրինակն էր Հովհաննես Կարապետի՝ ոչ միայն զգեստներով և արտաքին կերպարանքով, այլև կենցաղով, բարքով և նախանձախնդրությամբ (հմմ. Դ. Թագ. 1:8, Մտթ. 3:4)

Եղիայի հիմնական հատկանիշներն են նախանձախնդրությունը, համարձակությունը և արդարության պաշտպանությունը, որը հատկապես դրսևորվեց, երբ Հեզաբելի մեքենայություններով և զրպարտություններով սպանվեց Նաբովթ անունով մի հասարակ քաղաքացի և նրա այգին արքունական կալվածքների մեջ առնվեց: Եղիան ներկայացավ թագավորին և խիստ խոսքերով հանդիմանեց նրան, անարգ մահ կանխագուշակելով թե՛ թագավորի և թե՛ թագուհու համար, ինչը որ, ի վերջո, կատարվեց (Գ. Թագ 21)

Եղիան ապրել և գործել է մինչ Քրիստոս 9-րդ դարի առաջին կեսերին:

 

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․