Գրքեր
7 Հունիս, Կիր Տոն Կաթողիկե Սբ. Էջմիածնի

Հայոց եկեղեցու մեծ տոներից է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սբ. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սբ. Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, եւ այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր եւ ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին: Տոնի օրը մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաեւ նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի եւ տաճարի կառուցման մասին է:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․