Ողորմությունն առաքինություն է Աստծուն հաճելի, բայց այն կարող է կորցնել իր արժեքը, եթե ողորմությունը կատարվի հպարտությամբ կամ ի ցույց մարդկանց: Նման դեպքում այն չի վարձատրվի երկնային պարգևներով՝ Քրիստոսի խոսքի համաձայն. «Քո ողորմությունը ծածուկ արած կլինես, և քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես» (Մատթեոս 6.4):
Սբ. Հովհան Ոսկեբերանը հարուստներին մատնանշում է, որ իրենց ունեցածը կարող է իրենց համար լավագույն միջոց դառնալ երկինք գնալու, ըստ նրա՝ հարստության լիարժեք սեփականատերը նա է, ով այն բաժանում է աղքատներին: Նույնիսկ չափազանց կարիքավոր լինելու դեպքում էլ է կարևորում ողորմություն տալը, երկու լումա տալու դեպքում էլ ամեն բան կատարած է համարում՝ կարևորելով ոչ թե քանակը, այլ բարի տրամադրվածությունը. «Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստա՛հ եղեք, որ իր վարձը չի կորցնի» (Մատթեոս 10.42):
Իսկ թե ինչքան է անհրաժեշտ ողորմել, Սողոմոն Իմաստունն ասում է. «Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից» (Առակներ 3.3):
Գանձարանը նաև խրատում է, որ առանց դատելու և քննելու ողորմենք: Եկեղեցու հայրերը անօգուտ են համարում պահքը, աղոթքը առանց ողորմության, այս առաքինությունն է, որ կարող է հարթել մեղքերը և ազատել դատաստանից:
Ողորմությունը մարդուն Աստծո նմանությամբ վեր է բարձրացնում. «Այդպիսով դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա» (Մատթեոս 5.45):
Կազմեց Կարինե Սուգիկյանը