23 Նոյեմբեր, Շբ
24. Քանզի ամենայն մարմին իբրև զխոտ է. և ամենայն փառք մարդոյ իբրև զծաղիկ խոտոյ. խոտն ցամաքեցաւ և ծաղիկն թօթափեցաւ:
25. Եւ բան Տեառն մնայ յաւիտեան:
Ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ թափում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան:
Տեսնո՞ւմ ես, թե որքան նվաստացրեց մարդու պատիվը, առօրյա կյանքը և անցավոր հարստությունը, և ավել բան չհամարեց, քան արագ թառամող խոտ և արագ այրվող ցողուն: Քանզի գլխավորապես գարնանային եղանակին, երբ աճում է խոտը, գեղեցիկ է ու վայելուչ, և հատկապես, երբ ծաղկի գեղեցկությունն ու պայծառությունն իր գագաթին որպես թագ է կրում, առավել ևս վայելուչ է և տեսնողների համար ցանկալի, որովհետև իրենց զվարթերես և ուրախ են ցույց տալիս անցնողների առջև՝ զանազան և երփներանգ գույներով, սակայն մի վայրկյան հետո, երբ փչում է տապախառն քամին ու բախվում խոտին, չորանում է և կորցնում իր վայելչությունը:
Նմանապես նաև ամեն մարմին մանկության ժամանակ առույգանալով գեղեցիկ ծաղկի պես փառքով, ունեցվածքով, ուսմամբ և ամեն տեսակի կենցաղային հեշտալի գործերում, որ շրջապատում են մարմնին և թվում է, թե դրանք նրա իրերն են: Սակայն մահը կամ զանազան հիվանդություններ՝ ինչպես տապախառն հողմը, հարվածում են և կորում է նրա ողջ վայելչությունը: Դրա համար էլ ասում է. ամեն մարմին նման է խոտի:
Ամեն ասելով՝ բոլոր մարմինների մասին է ասում, այլ ոչ թե որոշների մարմինը հեշտությամբ թառամող խոտի պես է, իսկ մի մասինը՝ պատվական և մնայուն, այլ ամեն մարմին է ասում. հարուստ թե աղքատ, ծառա թե ազատ, ռամիկ թե թագավոր, տղամարդ թե կին, որ բոլորը նույնանման մարմին ունեն՝ թառամող և չորացող ու փառքը ավելի հեշտությամբ են թոթափում, քան ամեն տեսակի ծաղիկ: Եվ ինչպես որ ոչինչ չեն բերում կենցաղ, այդպես էլ չեն կարող մարմնավոր որևէ բան տանել՝ ո՛չ ունեցվածք, ո՛չ փառք, ո՛չ կրթություն և որևէ այլ հեշտալի բան, որով երբեմն բորբոքվել էին, քանի որ ապականացու մարմնի հետ սրանք նույնպես ապականվում և կորչում են:
Ապա, որպեսզի որևէ մեկն ամեն ինչ անցավոր ու կորստյան մատնվող չհամարի, և կարծի, թե ոչինչ մնայուն չէ, այդ պատճառով ավելացնում է. բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան:
Եվ որպեսզի որևէ մեկը տարակուսանքի մեջ չընկնի, ասելով, թե՝ ո՞ր խոսքի մասին է, քանի որ տերունական խոսքերը շատ են ու բազմօրինակ, ապա երանելին իրենից ավելացնում է՝ ասելով.
Այսինքն է՝ բանն որ ի ձեզ աւետարանեցաւ:
Այսինքն՝ այն խոսքը, որ ավետարանվեց ձեզ:
Այս ասելով՝ նրանց երկյուղի հետ ուրախություն է խառնում, քանի որ արդարև խնդության արժանի է այնպիսի բանի հաղորդակից լինելը, որ մնայուն է և հավիտենական, արքայության, անմահության և անճառ բարիքների առիթ: Սակայն կիսատ չէ Աստծու խոսքը, այլ կա նաև այն մասին, որ երկյուղի է արժանի, այսինքն՝ սպառնալիք և տանջանք, գեհենի մատնում, քանի որ այս խոսքերն ամենուր ավետարանեց և միշտ ավետարանում է, որ եթե արդարների, սրբերի և առաքյալների դասերը, որ առաքինության օրինակ ցույց տվեցին և զոհաբերեցին իրենց անձերն, ու Քրիստոսի չարչարանքներին մասնակից եղան, և փառքին նույնպես հաղորդակից են լինելու՝ երկինք մտնելուն և հարսանյաց առագաստին, անճառելի ուրախություններին ու փեսայի ցնծությանն են արժանանալու, իսկ մեղավորները՝ տանջանքների, գեհենի և խավարի են արժանի, որտեղ որդը չի մեռնում և կրակը չի հանգչում: Եվ այս երկուսը մեկ խոսքով ավետարանվեց, ըստ սաղմոսերգուի, թե. «Մի անգամ խոսեց Աստված, և երկու անգամ լսեցինք այս բանը» (Սղմ. 61:12), և հատկապես Տերունական խոսքը, որ դատաստանի ժամանակ ասելու է իր աջ և ձախ կողմերում գտնվողներին. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ» (Մատթ. 25:34), և թե՝ «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից» (Մատթ. 25:41): Եվ այս խոսքը, որ ավետարանեց ու ասաց, կա և մնում է հավիտյան, ըստ որում հերթով ասաց, թե արդարները հավիտենական կյանք կգնան, իսկ մեղավորները՝ հավիտենական տանջանք, և նորից, անքակտելի է այն խոսքը, որ ասաց. «Երկինքը և երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի» (Ղուկ. 21:33), և նորից՝ «Ավելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թե օրենքից մի նշանախեց ընկնի» (Ղուկ. 16:17):
Հորդորակ
Այս ամենն իմանալով, սիրելինե՛րս, զգույշ լինենք մեր անձերի նկատմամբ՝ Աստծու երկյուղով, և բարվոք տնօրինենք մեր կյանքը: Իմանանք, որ ոչնչով առավել չենք դյուրաթառամ խոտից, և մեր փառքը, գեղեցկությունը, հարստությունն ավելի արագ է անցնում, քան խոտածաղիկը, և տապախառն փորձությունների զանազան հովեր են մեզ շրջապատում, և չարաչար ու հեշտացնող ախտերը մեզ դեպի ներքև են քաշում, ու խաբող գողը և նրա օգնական մեր մարմինը, զգայարանները՝ խայթող և հեշտությունները՝ ձգող, կարիքը՝ մոտ և անմտությունը՝ մերձ, իսկ ծուլությունը՝ խավարեցնող:
Այս ամենից իրապես ազատվելը որևէ մեկի համար անհնար է, քանի որ եթե մեկ անգամ մարմին է ստացել և ոտքը երկրի վրա հաստատել, չի կարող այս ամենից սուրբ և անարատ դուրս գալ: Եվ եթե դա այնպես է, ինչպես ասվեց, և ճշմարիտ իսկ է, ապա նայենք ինքներս մեզ, նաև աստվածային օրենքը և ինքն իսկ՝ Աստված է մեզ պատվիրում, հետևաբար, նայենք ինչպես հարկն է: Արժե իմանալ ու ճանաչել մեր կյանքը, որ ունայնություն է և ստվեր, ու գոլորշու և ծխի պես ցնդում է, իսկ մեր փառքը սարդոստայնի պես է, հարստությունը՝ ինչպես անպետք ավազ կամ ինչպես փոշի, որ անում է մրրիկը:
Արդ, այս իմանալով, չանմտանա՛նք և երկրի վրա չշրջե՛նք ցնորվածների պես, որ իրենց որդիներին են հոշոտում և իրենց տներն այրում: Մարմնի ցանկություններին չհետևե՛նք և անասունների պես մեր պորտերին ու որովայնին չնայե՛նք, ամոթալիքներին չսպասարկե՛նք ինչպես չար տիկնոջ և չփառավորե՛նք [ստամոքսը], մեր աչքերը չպարարտացնե՛նք հեշտալի տեսարաններով և գեղեցիկ պատկերին չհառե՛նք, որտեղից անհայտ պոռնկություն է ծնվում: Մեր ականջները չբացե՛նք չար բաներ լսելու համար և ոչ էլ պոռնկական երգեր ունկնդրենք, որպեսզի չլինի թե մեր հոգու ամրությունը թուլացնեն և միտքը գերեվարելով՝ տանեն: Չպղծե՛նք մեր լեզուն շատախոսությամբ և ոչ էլ մեր շուրթերը՝ դատարկաբանությամբ, մեր շոշափելիքը չփափկացնե՛նք ողորկությամբ և չպղծե՛նք ամոթալի բաների մեջ գործածելով: Չլցնե՛նք մեր սիրտը չարությամբ և ամբարշտության գանձեր չհավաքենք նրանում: Մեր ոտքերը չշեղե՛նք չար ուղղությամբ և ոչ էլ անօրինության շավիղներով քայլենք:
Ինքներս մե՛զ նայենք և մեր անձերից հեռո՛ւ վանենք բոլոր աղտեղությունների պատճառները, ամեն տեսակի մեղքերն ատե՛նք ու անարգե՛նք, իսկ մեր մեջ ընկածներն ապաշխարության դառը դեղով փսխե՛նք: Սրբե՛նք մեր բոլոր անդամները, բոլորը Աստծո՛ւն զոհաբերենք ընդունելի պատարագով, առավել իրական, քան օրենքի զոհաբերությունն էր և մեղքերի համար մատուցվող ողջակեզները: Սրբե՛նք մեր աչքերը, սրբե՛նք ականջները, շուրթերն ու լեզուն, սրբե՛նք ձեռքերն ու ոտքերը, սրբե՛նք սիրտը չար խղճմտանքից, որպեսզի կարողանանք տեսնել Աստծուն: Ամբողջ մարմինը լվանանք արտասուքների ջրով, խոնարհեցնե՛նք մեր պարանոցը Քրիստոսի քաղցր լծի տակ, և մեր թիկունքը՝ նրա թեթև բեռի տակ: Ամեն ինչ ընծայաբերենք Աստծո՛ւն՝ հոգին, մարմինը և միտքը, քանի որ սրանք Աստծու համար ավելի հաճելի են, քան հազարավոր գառների զոհաբերությանը: Լուսավորե՛նք մեր միտքը գիտության լույսով, և ինքներս մե՛զ նայենք, ուրիշներին չդատե՛նք և ոչ էլ ընկերոջ շյուղը քննենք, ինքներս մե՛զ դատենք և մե՛ր գերանը մաքրենք: Որովհետև Դատավորը դռան առջև է, դատաստանը պատրաստ է և քննությունը՝ անսխալ, իսկ մենք արժանի ենք բազում դատապարտությունների՝ հատուցել ոչ միայն գործերի համար, այլև՝ խոսքերի, խորհուրդների և սրտի շարժումների, և ոչ միայն գործերի համար հատուցել, այլև՝ կրկնապատիկ տոկոսների: Եվ ինչո՞ւ, որովհետև գիտակցաբար և [ազատ] կամքով ենք մեղանչում, այլ ոչ թե ակամա և անգիտակցաբար, քանզի ասում է. «Այն ծառան, որ գիտե իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի» (Ղուկ. 12:47), ու առանց ողորմության կտանջվի, իսկ ահա մենք ոչ միայն գիտենք, այլև ուրիշներին էլ ենք սովորեցնում, իսկ մեր անձերը չենք վարժեցնում: Կարծում եմ, թե Պողոսն էլ մեզ՝ հիմարներիս, սաստում է՝ ասելով. «Դո՛ւ, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում. քարոզում ես՝ չգողանալ, գողանում ես. ասում ես՝ չշնանալ, շնանում ես. գարշում ես մեհյաններից, տաճարներն ես կողոպտում. օրենքով պարծենում ես՝ օրենքը խախտելով Աստծուն ես անարգում» (Հռոմ. 2:21-23):
Տեսնո՞ւմ ես սպառնալիքների սաստկությունը, թե որքան լի է դառնությամբ, և այս ամենից հետո մենք [սեփական] կամքով անգիտանում ենք, հետևաբար բյուրավոր սպառնալիքների ենք արժանի: Քանի որ ուրիշներին խրատում ու դաստիարակում ենք, զգուշացնում ամեն տեսակի ախտավոր կրքերից, սակայն մենք նույն աղտեղության մեջ ենք մնում, և նույնիսկ՝ առավել վատ, և ոչինչ ենք համարում այն: Չենք ակնածում Պողոսից, որ խրատում է. «Նախ երկրագործը պիտի վայելի իր պտուղը» (Ա Տիմ. 5:18), նաև՝ «Նա, որ վարդապետության համաձայն է ուսուցանում» (Հռոմ. 12:7): Իսկ մենք սրանցով ուրիշների դաշտերն ենք մաքրում փշերից, իսկ մեր հոգին, որ խիտ անտառ է դարձել փշերով, մոլախոտեր և փշերի զանազան տեսակներ են աճել, սակայն մենք չենք զգում, չենք մտաբերում, և հառաչելով՝ մարգարեի հետ չենք ասում. «Ես կրկին ընկա թշվառության մեջ, քանզի փշերն ինձ ծակեցին» (Սղմ. 33:4): Արդարև, բոլոր մեղքերը հոգու համար փշեր են, որ խոցում ու վիրավորում են այն անբուժելի հարվածներով և ավելի անտանելի են ցավեցնում, քան մարմնի խոցերը:
Հետևաբար, նայենք ինքներս մեզ, որովհետև արթնանալու ենք ինչպես երազից կամ ուրվականի անշունչ պատկերից: Եվ անմահների պես չապրենք աշխարհում, ու ոչ էլ Աստծու ներողամտությունն ու համբերատարությունն արհամարհենք, չիմանալով, որ մեզ ապաշխարության է կանչում, այլապես, ըստ մեր խիստ ու անզեղջ սրտի՝ բարկություն կգանձենք Աստծու արդար դատավորության բարկության օրը, որ հատուցելու է յուրաքանչյուրին՝ ըստ իր գործերի:
Արդ, եթե իրոք սա է մեզ սպասվում, ապա, աղաչում եմ՝ զղջա՛նք, արտասվե՛նք, ողբա՛նք մեր հոգու մեռելության վրա, ինքներս մե՛զ նայենք և սպանե՛նք մեր մարմնավոր անդամները երկրի վրա, որով հավիտյան կենդանանալու է հոգին: Անգո՛րծ թողնենք չարի բոլոր ներգործությունները, առաքինության հե՛րկ հերկենք, և նրանում սերմանենք ողորմության սերմն ու այնտեղից կյանքի պտուղներ հավաքենք: Քանզի չկա այլ առաքինություն, որ մարդուն այդքան նմանեցնի Աստծուն, որքան ողորմածությունն է: Եվ բոլոր առաքինությունների լրումը Աստծուն նմանվելն է, ինչպես որ ասում է. «Նմանվե՛ք ձեր Հորը, որ երկնքում է, քանի որ նա իր արեգակը ծագում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:45):
Տեսնո՞ւմ ես ողորմության օգուտը, թե քեզ ում նման է դարձնում և ում մոտ է կանգնեցնում: Սրանով են բացվում մեր առջև երկնքի դռները և մտնում ենք լուսո առագաստի մեջ, սրանով են պայծառանում մեր լապտերները և ցնծությամբ դուրս ենք գալիս փեսային ընդառաջ, սրանով են ջնջվում մեր մեղքերը և ծածկվում մեր անօրինությունները: Սրանով մեզ առաջ է կանչում թագավորը և գովության արժանացնում և իրենն է համարում մեր ողորմության շնորհն ու օրհնությամբ պատվի է արժանացնում մեզ, և բյուրապատիկ տոկոսներով հատուցում պարտքը:
Հետևաբար, եթե այսպիսի անարգամեծար Տեր ունենք, որովհետև փոքրն առնում և մեծ պարգևներ է շնորհում. ոսկի է առնում և մեղքերի թողություն է տալիս, արծաթ է առնում և արքայություն է պարգևում, մեկ հացի նկանակ է առնում և անմահական սեղանին նստեցնում, մեկ բաժակ ջուր է վերցնում և համագոյական աղբյուրից խմեցնում, զգեստ է վերցնում և առաջին լուսեղեն պատմուճանով է զարդարում: Թող մարդկանցից ոչ ոք իրեն զրկված չհամարի սրանցից աղքատության պատճառով, սակայն թեև արտաքինից ոչինչ չունի, սակայն բնությունից ահա ամեն ինչ լիարժեք ու կատարյալ ունի: Եվ ոչինչ չի կարող մարդուն արգելել դրանցով ողորմություն անելուց, բացի կամքից. ո՛չ ժամանակ, ո՛չ պակասություն և ոչ մի այլ հակառակ բան: Ոսկի չունես ողորմություն տալու, սակայն ձեռք ունես՝ օգնելու կարոտյալին և վտանգվածի կարիքները հոգալու: Արծաթ չունես, սակայն խոսք ունես, որն ավելի պատվական է քան արծաթը, որով ընկերոջ ցավը կմխիթարես, սգավորի սուգը կսփոփես, որով մեղավորին ետ կկանգնեցնես՝ խրատելով ու հուշելով: Աղքատին կերակրելու հաց չունես, սակայն լեզու ունես, որով կքաղցրացնես նրա հոգևոր հացը, որով կմատուցես նրան աստվածային ըմպելիք, որով հասարակաց օգտի համար աղոթք կանես: Զգեստ չունես մերկին հագցնելու համար, սակայն արտասուք ունես՝ թափելու թշվառի, մերկի և աղքատի համար: Տուն չունես՝ աղքատներին հավաքելու, սակայն մի բաժակ ջուր տալու և հյուրերին սպասավորելու կարողություն ունես: Հիվանդներին խնամելու կարողություն չունես, սակայն հիվանդին տեսության գնալուն քեզ ոչինչ չի արգելի: Հնարավորություն չունես բանտարկյալին ազատելու, սակայն ոտք ունես նրան տեսության գնալու, քաջալերելու և մխիթարելու, նրա վրա հոգոց հանելու և հառաչելու, Աստծուն աղաչելու, նրա վշտերին վշտակից լինելու, իսկ կապանքներին՝ արձակող:
Ահա այս ամենը հարստությունից պակաս ողորմություն չեն, եթե հոժարությամբ կատարվեն, քանզի Աստված ոչ թե տրվածին է նայում, այլ՝ կամքի հոժարությանը: Եվ եթե այս տեսնի, քիչն ավելի կհարգի, քան ավելցուկից տալը, և սա հայտնի է այն այրի կնոջ [առակից], որ երկու լումա գցեց գանձանակը, որի մասին Աստված ինքն իսկ վկայեց, թե. «Այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա իր չքավորությունից գցեց ամեն ինչ, որ ուներ՝ իր ամբողջ ապրուստը» (Մարկ. 12:43:44):
Տեսնո՞ւմ ես, որ Աստված սրտի հոժարությանն է նայում, այլ ոչ թե տրվածի մեծությանը, քանի որ եթե փոքր մեղքերի համար դատաստան է պահանջվելու մեզնից, այսինքն՝ դատարկ խոսքերի, հիմար ասելու (տե՛ս Մատթ. 5:22), անառակ նայվածքի (տե՛ս մատթ. 5:28) և բամբասելու համար, ապա օգտակար բաներ խոսելու, խրատելու, վշտակից լինելու, հիվանդին տեսության գնալու, ողորմություն տալու ցանկություն ունենալու համար, թեև այս ամենը ոմանց փոքր բաներ են թվում, սակայն սրանցով արքայություն ենք ժառանգելու և արժանի ենք լինելու խոստացված բարիքներին, որոնք ողորմածների համար են պատրաստված՝ շնորհով և մարդասիրությամբ ու ողորմությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի: Որի հետ նաև Հորը և միասնական Սուրբ Հոգուն փա՜ռք, պատիվ և իշխանություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը