23 Դեկտեմբեր, Բշ
10․ Իւրաքանչիւրոք որպէս և ընկալաւ շնորհս ինչ՝ ՚ի միմեա՛նս զնոյն մատակարարել, իբրև զբարւոք հազարապետս պէսպէ՛ս շնորհացն Աստուծոյ։
Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշին թող նույնը մատակարարի որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես:
Այս խոսքերը քարոզելուց հետո էլ Պետրոս առաքյալն իր ունկնդիրներին հիշեցնում է Աստծու բազմապատիկ շնորհների մասին, որպեսզի այդպիսով խոնարհություն ուսուցանի նրանց, քանի որ դա է պահանջում մեզնից Աստծու կամքը. ստացած շնորհները սեփական արժանիքների «պտուղ» չկարծել, այլ գիտակցել, որ դրանք Աստծուց են մեզ տրված, իսկ մենք սոսկ տնտեսն ու մատակարարն ենք Աստծու այդ շնորհների: Եվ արդ երանելին ասում է. «Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշին թող նույնը մատակարարի»:
Իր այս խոսքով առաքյալը կամենում է ժողովրդին խոնարհությամբ «կրթել», որպեսզի բոլորը այդ առաքինությունն ունենան և Տեր Աստծուց իրենց ստացած շնորհները բավական համարեն՝ գոհանալով ունեցածից: Նաև չնախանձեն ընկերոջ շնորհներին, եթե վերջինս «ավելին» ունենա, այլ սեփական անձն անարժան համարեն մեծագույն շնորհներին տիրանալու համար: Ուստի անհրաժեշտ է ապավինել Հոգու իմաստությանը, քանի որ Նա գիտի Իր իմաստությամբ կշռել և յուրաքանչյուրին բաշխել իրենց հարկավոր շնորհներն ըստ «ամանի» չափի ու արժանավորության՝ մեծ և փոքր, պիտանի և ոչ այնքան պիտանի, հոգևոր ու մարմնավոր:
Ահա թե ինչու է երանելին ասում. «Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշին թող նույնը մատակարարի»: Իր այս խոսքով Պետրոսը կարծես հիշեցնում է, որ այնժամ մարդիկ առաքյալների կատարած մկրտությամբ էին շնորհներ ընդունում: Յուրաքանչյուրը, հավատքի գալով և առաքյալների ձեռքով սրբարար ավազանում մկրտվելով, առանց շնորհի չէր մնում, այլ ամեն ոք շնորհներ էր ստանում ըստ իր արժանավորության:
Եվ քանի որ Աստծու շնորհները զանազան ու բազմատեսակ են, ամենքն էլ լիովին պարգևատրվում են այս կամ այն շնորհի զորությամբ, որը երբեք չի «տկարանում», և այդ շնորհներից որևէ մեկը մյուսին չի «խոչընդոտում»: Աստվածային բազմազան շնորհները լրացնում են միմյանց և գործում են անբաժանելիորեն, քանի որ միևնույն Հոգուց են սերում:
Շնորհների՝ միևնույն Հոգուց բխելու մասին խոսում է նաև Պողոս առաքյալը: Նա, թվարկելով հոգեբուխ, մասնավոր շնորհները, որոնք տրվում էին ըստ յուրաքանչյուրի արժանավորության ու զորության, այնուհետև ասում է. «Եվ այս բոլորը հաջողում է միևնույն Հոգին, Որ յուրաքանչյուրին բաժանում է այնպես, ինչպես կամենում է»:
Ուստի երանելի Պետրոսը ևս ասում է. «Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշին թող նույնը մատակարարի»: Այսինքն՝ ամեն ոք պարտավոր է իր ստացած շնորհները ծառայեցնել ի շահ և հօգուտ ընկերոջ, այլ ոչ թե հանուն սեփական անձի փառավորության, քանի որ այդ շնորհները բաշխվել են ոչ թե յուրապատկան կարիքները բավարարելու, այլ հասարակության օգտի և Եկեղեցու բարօրության համար:
«Ուրիշին թող նույնը մատակարարի,- ասում է,- որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես»:
«Եթե վարվեք այնպես, ինչպես խրատեցի և ուսուցանեցի ձեզ,- ասում է առաքյալը,- Աստծու շնորհների բարի տնտես կլինեք»: Նույնն ասում է նաև Պողոսը: «Մենք Աստծու շնորհների տնտեսներ ենք, ուստի պարտավոր ենք հավատարիմ լինել մեր այդ կոչմանը»:
Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի մեծ պարտավորություն է բարի տնտես լինելը, քանի որ տնտեսները շատ են, սակայն նրանցից քչերն են հավատարիմ իրենց կոչմանը: Այդպիսի հավատարիմ սպասավորներին մեր Տերն էլ է գովում ու երանության արժանացնում. «Ո՞վ է այն իմաստուն և հավատարիմ տնտեսը, որին տերն իր ծառաների վրա վերակացու կարգեց ժամանակին կերակուր տալու համար: Երանի՜ է այն տնտեսին, որին իր տերը, երբ գա, այդպես արած կգտնի: Ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրա վերակացու կկարգի»: Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ տնտեսը իր սրտում ասի. «Իմ տերն ուշանում է գալ», և սկսի ծեծել ծառաներին...
Այդպիսի անհավատարիմ տնտեսին սաստիկ պատուհաս է սպառնում: Իսկ տեսա՞ր, թե ինչպիսի՜ երանություն է սպասվում հավատարիմ ծառաներին, որոնք կատարում են տիրոջ հրամանները:
Արդ դու, որ Աստծու պես-պես շնորհների բարի տնտես ես, երկնչի՛ր վերոնշյալ պատուհասներից և կատարի՛ր Տիրոջ հրամանները, քանի որ Տերը քեզ համար պատմեց այդ առակը: Ուստի դու, ո՛վ ծառա Քրիստոսի, որ շնորհներ ես ստացել սեղանակիցներիդ բաշխելու համար, պարտավոր ես արթուն լինել և զգուշությամբ մատակարարել այդ շնորհներն առանց չարաշահումների, փառասիրության, ագահության և մարդահաճության, այլ հանուն Պարգևատուի փառքի:
Իսկ եթե այդպես չվարվես և շնորհները բարվոք չտնօրինես, կդատապարտվես ու տնտես լինելդ քեզ որևէ «շահ» չի բերի: Չէ՞ որ Աստծու շնորհների «հազարապետներ» են նաև նրանք, ովքեր դատաստանի ժամանակ ասելու են. «Տե՜ր, Տե՜ր, արդյո՞ք Քո անունով չէր, որ մարգարեացանք, դևեր հանեցինք և մեծամեծ հրաշքներ գործեցինք»: Սակայն քանի որ այդ «հազարապետները» բարի տնտեսներ չեղան, Տիրոջից լսելու են այս խոսքերը. «Չեմ ճանաչում ձեզ, հեռո՛ւ գնացեք Ինձնից, անօրենությա՛ն մշակներ»:
Տեսնո՞ւմ ես, որ նրանք տնտես լինելուց որևէ օգուտ չունեցան, այլ դեռ վնասվեցին, քանի որ Աստծու շնորհները բարուն և մյուսների օգտին չծառայեցրին, այլ Աստծու շնորհների «վաճառականներ» եղան՝ դրանք բաշխելով և փոխարենը ունեցվածք, փառք, կերակուր կամ նմանատիպ այլ «բարիքներ» ստանալով, մինչդեռ հարկավոր էր ստացած շնորհները Աստծու փառքին ու ընկերների օգտին ծառայեցնել, քանի որ այդ շնորհները ձրի էին ստացել և պարտավոր էին նմանապես էլ սփռել ու տալ:
Ահա թե ինչու է երանելի առաքյալն ասում. «Որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես»:
Բարի տնտեսները կամ հազարապետները նրանք են, ովքեր մշտապես աստվածահաճո բաների մասին են խորհում, ջանում են հանուն Աստծու փառքի, ովքեր, շնորհները վերցնելով, չեն թաքցնում հողի տակ ու գրվանի մեջ չեն դնում, այլ դնում են աշտանակի վրա, և մերձավորների ցավն իրենցն են համարում, հեծեծում են ուրիշների մեղքերի համար ու արտասվում մարդկության համընդհանուր թշվառության պատճառով: Նրանք, ովքեր չեն թաքցնում Աստծու բարկության սուրը, այլ անօրենին ամբաստանում են անօրենության համար և արդարների անձերը հաստատում են Աստծու երկյուղով:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը