23 Դեկտեմբեր, Բշ
2. Զի մի՛ ևս ըստ մարդկան ցանկութեանց՝ այլ ըստ կամացն Աստուծոյ կեցցէ զա՛յլ ևս ժամանակն։
Եվ իր կյանքի մնացած ժամանակն այլևս չի ապրում մարդկային ցանկություններով, այլ Աստծու կամքի համաձայն։
«Մենք այնպիսին պիտի լինենք,- ասում է առաքյալը,- որ մեր կյանքի ողջ ժամանակն անցկացնենք Աստծու կամքը կատարելով ու Նրան հաճելի ձևով կենցաղավարելով»: Այսինքն՝ առաջին հերթին պիտի մեր ուսերին առնենք ու պատվով կրենք Աստծու պատվիրանների լուծը և երբևէ չանգիտանանք՝ մարմնի ցանկությունների կատարմանը «ենթարկելով» մեր անձերը:
«Սակայն քանի որ այդպես չեք վարվում,- շարունակում է առաքյալը,- այլ մեղքի սովորությանն եք տրվում ու զանազան անկարգություններ եք գործում, պարտավոր եք չարչարանքներով «վճարել» Աստծուն և արդարանալ՝ «ձեր կյանքի մնացած ժամանակը» Աստծու կամքի կատարմանը նվիրելով»:
Իսկ ահա անցյալում գործած չարիքների համար հարկ է ապաշխարել և մեծաձայն ողբով ու արտասուքներով «ծածկել» այդ նախկին ամբարշտությունները: Դրա համար է ասում. «Եվ իր կյանքի մնացած ժամանակն այլևս չի ապրում մարդկային ցանկություններով, այլ Աստծու կամքի համաձայն»։
Զուր չէ, որ առաքյալը «ցանկություն» բառը հոգնակի թվով է գործածում, այլ որպեսզի այդպիսով ցույց տա ցանկությունների զանազանատեսակ ու բազմապատիկ լինելը: Երանելին ոչ միայն պոռնկական տռփանքն է մարդկային ցանկություն համարում, այլ նաև ագահությունը, արծաթասիրությունը, հափշտակությունը, զրկանքներն ու սրանց նման այլ հեշտասիրություններ, քանի որ սրանք բոլորը ցանկասիրությամբ են կատարվում: Մինչդեռ «Աստծու կամքի» դիտավորությունը մեկն է՝ մարդկանց փրկությունը: Դրա համար էլ երանելին եզակի թվով է գործածում այս վերջին արտահայտությունը:
Աստծու կամքը մարդկանց բարի գործերն են, մարմնական կարիքներից ու մեղքերից ամբողջովին ազատվելը, սրտի սրբությամբ, մտքի մաքրությամբ և հոգու խոնարհությամբ Տիրոջը ծառայելը «կյանքի մնացած ժամանակում»՝ մեղքի շրջափուլը փոխարինելով աստվածպաշտության ժամանակաշրջանով:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը