23 Դեկտեմբեր, Բշ
7. Ամենեցուն վախճան մերձեալ է. զգաստացարո՛ւք այսուհետև՝ և լերո՛ւք զուարթո՛ւնք յաղօթս։
Ամենքի վախճանը մոտեցել է, ուստի այսուհետև զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար։
«Ամենքի վախճան» ասելով՝ երանելին նկատի ունի կա՛մ հասարակության համընդհանուր վախճանը, կա՛մ յուրաքանչյուրինը առանձին, կամ էլ և՛ մեկը, և՛ մյուսը, և այս երկուսն էլ հույժ երկյուղալի են արարածների համար:
Եթե առաքյալը մահվամբ վախճանի մասին է խոսում, ապա այն ամենքին էլ մոտ է և, ըստ Տերունական խոսքի, որպես որոգայթ պատուհասում է ամենքին: Ու քանի որ մեզ հայտնի չէ այս մարմնից դուրս գալու ժամանակը, ուստի պարտավոր ենք ամենայն արթնությամբ տնօրինել մեր կյանքը, որպեսզի հանպատրաստի «թակարդը» չընկնենք: Իսկ ահա մահը արտաքին ազդեցությունների «հետևանք» չէ, այլ մենք մեր մարդկային բնությամբ արդեն մահկանացու ենք:
Հետևաբար մենք մեծ զգուշություն և արթնություն, առավել ևս մեծ իմաստություն պիտի ցուցաբերենք, որպեսզի մեր կյանքի ճանապարհին օրըստօրե պաշար հավաքենք և այդպես ապահովված դուրս գանք մարմնից ու գնանք Աստծու մոտ:
Ընդունելի տեսակետ է նաև, որ խոսքը համընդհանուր, ամենքի վախճանի մասին է, քանի որ այդ վախճանը ևս մոտ է: Այս մասին նաև Պողոսն է վկայում. «Տերը մոտ է,- ասում է նա,- ոչնչի մասին մի՛ հոգացեք»: Եվ դարձյալ. «Ժամանակը կարճ է, և Դատավորը դռան հետևում է»:
Պետրոսը ևս, այս մտքին հարելով, ասում է. «Ամենքի վախճանը մոտեցել է, ուստի այսուհետև զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար»: Այսպիսով՝ երանելին սարսափազդու խոսքերով իր ունկնդիրներին վախեցնելուց և ամենքի մոտակա վախճանի մասին հիշեցնելուց հետո նրանց արթնության կոչ է անում ու հորդորում է առաքինություններ գործել հանկարծակի մահվան թակարդը չընկնելու և վախճանի ժամին քնի մեջ չլինելու համար:
«Զգաստացե՛ք»,- ասում է, այսինքն՝ դե՛ն նետեք մարմնին թշնամի ծուլությունը, մտքի արբեցությունը, որը ցանկասիրության է հանգեցնում, հոգու ողջ թմրությունը, որը թանձր քնի է մատնում մարդուն: Իսկ «այսուհետև» ասելով էլ՝ երանելին նկատում է. «Քանի որ ես արդեն իսկ այս ամենն ասացի և ձեզ հիշեցրի ահավոր Ատյանի, արդարներին ու մեղավորներին սպասվող Դատաստանի և յուրաքանչյուրի անվրեպ հատուցման մասին, ուստի դուք մի՛ մնացեք նախկին անգիտության ու անմտության մեջ, այլ նոր միտք և ոգի՛ ստացեք: Եվ զգաստացե՛ք՝ փութալով ապաշխարության ու մեղքերի խոստովանության, արտասվալի ողբասացության և սրտի հառաչանքների, մտքի պաղատանքների ու հոգու խոնարհության»:
Այնուհետև, նույն միտքը շարունակելով, առաքյալը հավելում է. «Արթո՛ւն եղեք աղոթքի համար»:
Իր այս խոսքով երանելին հրաժարեցնում է անուշադիր և ծույլ աղոթքներից ու Աստծու համար ընդունելի աղոթքի օրինակ է բերում, ա՛յն, որն արթնությամբ է բարբառվում: «Արթո՛ւն եղեք,- ասում է,- աղոթքի համար»: Առաքյալը խրատում է հեռու վանել բոլոր մարմնական զբաղումները, որոնք խիտ ամպի նման սողոսկում են սրտի ու մտքի մեջ՝ պղտորելու, աղտեղելու աղոթքը, և ուղղամիտ արթնությամբ ու սուրբ սրտով աղոթել:
Այդպիսով աղոթքի ժամանակ մենք կնմանվենք երկնային հրեշտակներին՝ երկյուղածությամբ կանգնելով Աստծու առջև և դողահար խոսելով Նրա հետ, բեկյալ սրտով ու արտասվալից պաղատանքներով, պարզ մտքով և անբիծ խորհուրդներով Տիրոջն աղոթքներ վերառաքելով:
Սա է օրինադրում նաև մեր Տերը՝ պատվիրելով արթուն լինել. «Արթո՛ւն եղեք,- ասում է,- քանի որ չգիտեք՝ ձեր Տերը երբ կգա»: Դարձյալ. «Ինչ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում, արթո՛ւն կացեք»: Սա է իր աշակերտին գրում նաև Պողոսը և այդպիսով խրատում է մեզ բոլորիս. «Արթո՛ւն եղիր,- ասում է,- ամեն ինչի դիմացի՛ր, ավետարանի՛ր, հավուր պատշաճի կատարի՛ր ծառայությունդ»:
Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի արթնություն է պահանջվում մեզնից. համբերություն ունենալ, պաշտամունք մատուցել և կատարյալ աղոթքի մեջ լինել: Ահա թե ինչու նաև Պետրո՛սն է նույնը պահանջում՝ ասելով. «Այսուհետև զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար»:
Մեր թվարկած «պատճառներին» կամենալով հավելել նաև մշտապես աղոթելու հրամանը՝ երանելի առաքյալը արթուն լինելու պատգամին զուգակցում է զգաստ լինելու հորդորը: Մշտապես աղոթելու խրատն Ինքը՝ Տերն էր տվել Իր առաքյալներին՝ ասելով. «Ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի փորձության չմատնվեք»: Փրկիչը նաև դատավորի ու բարեկամի մասին առակներն էր պատմում՝ մեզ անդադար աղոթելու հորդորելով:
Չէ՞ որ այդժամ մարդ իր աղերսանքներով և ցավագին պաղատանքներով ոչ միայն արդարադատ Աստծուն կարող է «համոզել» ու ստանալ իր խնդրածը, այլև ունակ է ազդել անիրավ դատավորի վրա, որն Աստծուց չէր երկնչում և մարդկանցից չէր ամաչում:
Պողոս առաքյալը սրա մասին գրում էր նաև հետևյալը. «Կամենում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր առանց բարկության և երկմտության»: Քանի որ արդարև Քրիստոսի աշակերտի կերպարանքն ունեցող մարդուն է հատուկ միշտ ապագայի մասին խորհելը, աղոթքի մեջ հարատևելը, գիշեր-ցերեկ Աստծուն պաղատելը: Այդպիսին էին առաքյալները, այդպիսին էր Կոռնելիոսը, այդպիսին էին Պողոսը և Շիղան, որոնք գիշերվա մեջ օրհնում էին Աստծուն:
Այդպես էլ յուրաքանչյուր աստվածասեր ոգի, պաշտամունքի ժամին կամ տարաժամ Աստծուն դիմելով, իր անձի փրկության և մարդկանց օգուտի, Եկեղեցու անսասանության, ուղղափառ հավատի խոստովանության, մարդկանց՝ Աստծու կամքը կատարելու, ապաշխարության և մեղքերի թողության, աստվածապաշտության, Երկնքի արքայության ու Աստծուն տեսնելու համար թող աղոթի:
Ձեր աղոթքներում հիշեք նաև թագավորներին ու իշխաններին, թշնամիներին և ատելիներին, նրա՛նց, ովքեր հալածում ու լլկում են մեզ: Այդպիսով դուք կնմանվեք մեր Տիրոջը, ինչպես նաև սուրբ Ստեփանոսին և բոլոր նրանց, ովքեր բարեպաշտության այս սխրանքը գործեցին՝ նեղություններ կրելով ու չարչարվելով, բայց և անոխակալությամբ աղոթելով իրենց չարչարողների համար:
Արդ, սա՛ է զգաստությամբ և արթուն մտքով աղոթելը, որի մասին խոսելուց հետո երանելի Պետրոսը շարունակում է իր խրատական պատգամները՝ հորդորելով առաքինի գործեր կատարել, որպեսզի այդպիսով Աստված փառավորվի, քանի որ բոլոր բարեգործությունների նպատակը Աստծուն փառավորելն է:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը