Ասում են, որ աբբա Ագաֆոնն, իր աշակերտների հետ, երկար ժամանակ խուց էր կառուցում իր համար: Եվ շինարարության ավարտից դեռ մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ աբբան այդ վայրում հոգու համար վնասակար ինչ-որ բան նկատեց և իր աշակերտներին Տիրոջ ասած խոսքն ասաց.
- «Դե՛հ, վե՛ր կացեք գնանք այստեղից» (Հովհ. 14:31):
Աշակերտները շատ տխրեցին ու ասացին.
- Եթե այստեղից տեղափոխվելու մտադրություն ունեիր, ապա ինչո՞ւ այսքան չարչարվեցինք և խուց կառուցեցինք քեզ համար: Մարդիկ գայթակղվելով՝ կասեն. «Նրանք կրկին տեղափոխվում են: Ոչ մի տեղ չեն հարմարվում»:
Ծերը պատասխանեց.
- Եթե մեր տեղափոխությունը գայթակղություն լինի որոշների համար, ապա մյուսների համար էլ որպես խրատ կծառայի: Կգտնվեն մարդիկ, որ կասեն. «Երանելի են այս վանականները, որ իրենց սեփականությունն արհամարհում են հանուն Աստծո և տեղափոխվում են հանուն Նրա»: Ես վճռակնորեն ասում եմ, որ անհապաղ հեռանում եմ այստեղից: Ով կամենում է՝ թող գա, իսկ ով չի ուզում՝ թող այստեղ մնա:
Աշակերտները նրա ոտքերն ընկան՝ խնդրելով, որ իրենց էլ իր հետ վերցնի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի