25 Նոյեմբեր, Բշ
Աբբա Հովհաննեսը կատարյալ հեզության էր հասել՝ իր մեջ եղած աստվածային բարեշնորհության առատության շնորհիվ: Մի անգամ նա մի վանական եղբորից մի ոսկե դրամ վերցրեց պարտքով և իր ձեռագործերի համար վուշե կտոր գնեց:
Դրանից հետո մեկ ուրիշ եղբայր եկավ նրա մոտ ու խնդրեց.
- Աբբա, ինձ մի փոքր այդ կտորից տուր, որպեսզի ինձ համար շապիկ կարեմ:
Աբբան սիրով տվեց: Հետո մեկ ուրիշն եկավ ու նույնպես խնդրեց.
- Աբբա, մի փոքր կտոր տուր սրբիչի համար:
Ծեր վանականն այս մեկին էլ տվեց, և շատ այլոց նույնպես, քանի որ շատ հեզ էր սրտով: Վերջապես այն եղբայրը, ով նրան պարտք էր տվել, եկավ իր դրամը ետ ուզելու:
Վանականը պատասխանեց.
- Հիմա կգնամ, կբերեմ:
Չիմանալով, թե ումից պարտք վերցնի՝ աբբա Հակոբի մոտ գնաց, ով պատասխանատու էր ողորմություն բաժանելու համար, որպեսզի նրանից մի ոսկե դրամ խնդրի՝ պարտքը վերադարձնելու համար: Աբբայի մոտ գնալու ճանապարհին մի ոսկե դրամ տեսավ գետնին ընկած: Ձեռք չտվեց, բայց աղոթք արեց ու վերադարձավ իր խուցը: Եղբայրը կրկին եկավ իր պարտքը ստանալու:
- Ես աշխատում եմ այդ ուղղությամբ,- պատասխանեց ծերունին ու կրկին աբբա Հակոբի մոտ գնաց:
Ճանապարհին տեսավ, որ ոսկե դրամը նույն տեղում էր: Աղոթեց ու ետ վերադարձավ: Եղբայրը երրորդ անգամ եկավ իր դրամը ետ ուզելու:
- Անպայման կբերեմ,- պատասխանեց ծեր վանականն ու գնաց այն տեղն, ուր դրամն էր ընկած: Աղոթք ասաց ու վերցնելով՝ աբբա Հակոբի մոտ բերեց:
- Աբբա, ճանապարհին այս ոսկե դրամը գտա: Բարի եղիր ու շրջակայքում հարցուփորձ արա, թե ով է կորցրել: Եթե գտնես կորցնողին, ետ վերադարձրու:
Աբբա Հակոբը երեք օր շրջեց՝ հայտարարելով գտնված դրամի մասին, սակայն չգտնվեց մեկն, ով կորցրել էր այն: Այդժամ ծերն ասաց աբբա Հակոբին.
- Եթե ոչ ոք չի կորցրել այդ դրամն, ապա այսինչ եղբորը տուր, ում ես պարտք եմ: Ես քեզ մոտ էի գալիս գումար խնդրելու, որպեսզի պարտքս տամ ու գտա այդ ոսկե դրամը:
Զարմացավ աբբա Հակոբը, որ պարտք լինելով հանդերձ, ծեր վանականն իր գտած դրամը չէր վերցրել ու նույն պահին վերադարձրել պարտքը: Մեկ այլ զարմանալի սովորություն էլ ուներ աբբա Հովհաննեսը. եթե ինչ-որ մեկը գալիս էր նրանից ինչ-որ բան փոխ առնելու, ապա իր ձեռքով չէր տալիս, այլ ասում էր. «Գնա, վերցրու ինչ անհրաժեշտ է քեզ»: Երբ մարդը ետ էր բերում իր վերցրածն, ապա ասում էր. «Դիր այնտեղ, որտեղից վերցրել ես»: Իսկ եթե մեկն իր պարտքը չէր վերադարձնում, ապա վանականը նրան չէր էլ հիշեցնում այդ մասին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի