Աչալուրջ լինելու մասին

Մի անգամ, երբ հայր Արսենը դեռ Կանոպոսում էր բնակվում, Հռոմից մի մեծահարուստ իշխանի կույս դուստր եկավ տեսնելու հայր Արսենին: Կույսին ընդունեց եպիսկոպոսապետ Թեոփիլոսը, և աղջիկն աղաչեց նրան համոզել ծերին` ընդունելու իրեն: Եվ հայր Թեոփիլոսը գնաց ծերի մոտ, աղաչեց նրան և ասաց. «Մի կույս է եկել, որը Հռոմի սենատորներից մեկի աղջիկն է և կամենում է Ձեզ տեսնել և օրհնվել Ձեր կողմից»: Հայր Արսենը չհամաձայնեց ընդունել նրան: Եվ երբ Թեոփիլոսը աղջկան ասաց, որ ծերը չհամաձայնեց ընդունել իրեն, աղջիկը հրամայեց պատրաստել երիվարը` այսպես ասելով. «Հավատում եմ Աստծուն, որ կտեսնեմ նրան, որովհետև չեկա այստեղ մարդ տեսնելու, իմ քաղաքում էլ մարդիկ շատ կան, այլ եկա մարգարե տեսնելու»: Եվ երբ եկան ծերի խցի կողմը, Աստծո շնորհով ծերը նրանց հանդիպեց դրսում, իսկ աղջիկը նրան տեսնելուն պես ընկավ նրա ոտքերը: Նա բարկությամբ վեր  բարձրացնելով՝ նայեց նրան և ասաց. «Եթե իմ երեսն ես կամենում տեսնել, ահա՛ տեսար»: Իսկ աղջիկն ամոթից չնկատեց նրա դեմքը: Ծերն ասաց նրան. «Չե՞ս լսել իմ գործերի մասին, քանզի դա է կարևոր տեսնել: Ինչպե՞ս համարձակվեցիր ծովը կտրել­անցնել, չգիտե՞ս, որ կինարմատ ես և քեզ վայել չէ գնալ այս ու այն կողմ: Հիմա էլ թերևս վերադառնաս Հռոմ և ասես ուրիշ կանանց, թե` տեսա Արսենիոսին, և ծովով ճանապարհ ցույց տաս նրանց, որ գան ինձ մոտ»: Նա պատասխանեց. «Եթե Աստված կամենա, ոչ մեկին թույլ չեմ տա գալ այստեղ, դու միայն աղո՛թք արա ինձ համար և միշտ հիշի՛ր ինձ»: Ծերն ասաց կնոջը. «Ես կաղոթեմ Աստծուն, որպեսզի ջնջի՛ քո հիշատակն իմ սրտից»: Այս լսելով` աղջիկը հեռացավ խռովված: Երբ քաղաք եկավ, սկսեց տրտմությունից ջերմել: Եպիսկոպոսապետին տեղեկացրին, թե այն կույսը հիվանդ է: Հայր Թեոփիլոսը, գալով նրա մոտ, հարցրեց, թե ինչն է ցավում: Եվ նա ասաց. «Երանի եկած չլինեի այստեղ, քանզի երբ ծերին ասացի, թե` հիշի՛ր ինձ,  նա ասաց` կաղոթեմ Աստծուն, որ քո հիշատակը ջնջի իմ սրտից,   և ահա ես տրտմությունից մեռնում եմ»: Եպիսկոպոսապետն ասաց. «Չգիտե՞ս, որ կինարմատ ես, իսկ թշնամին կանանց միջոցով է պատերազմում սրբերի դեմ. դրա համար էլ ծերն ասաց այդ խոսքը, բայց քո հոգու համար հանապազ աղոթք է անում»: Եվ առողջացան կույսի խորհուրդները, և ուրախությամբ  վերադարձավ իր տեղը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․