5 Հոկտեմբեր, Շբ
Հուլիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Համայնքի աղոթական ուղու առաջին հանգրվանը Կոթավանքն էր (9-րդ դար), ուր ուխտավորները մասնակից եղան Արևագալի ժամերգությանը, շարականներ երգեցին: Վանքի սպասավոր Տեր Երեմիա քահանա Սարգսյանը ողջունեց ուխտավորներին, մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը, ապա ներկայացրեց վանքի պատմությունը և հոգևոր զրույց անցկացրեց անտարբերության, ազատության և հոգևոր արժեքներ ձեռք բերելու մասին: Այնուհետև Տեր Հոր առաջնորդությամբ ուխտավորներն այցելեցին վանքի հանդիպակաց բլրի վրա գտնվող խաչքարերի պուրակ:
Ապա ուխտավորները շարունակեցին իրենց աղոթքի ուղին և կանգ առան Գավառի սբ. Աստվածածին ու սբ. Կարապետ, Նորատուսի Ս. Աստվածածին եկեղեցիներում: Նորատուսի Ս. Աստվածածին եկեղեցում ուխտավորները, հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ, միասնական աղոթք ունեցան, ապա Տեր Հայրը ուխտավորների հետ զրուցեց ուխտագնացության կարևորության մասին: Ողջ օրվա ընթացքում ուխտավորների շուրթերից հնչեցին Հայոց երկրի անսասանությանն ու խաղաղությանն ուղղված աղոթքներ՝ օրվա հիշատակելի սրբերի՝ սբ. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների բարեխոսությամբ: Ուխտավորների աղոթական ուղին ընդմիջվեց սիրո ճաշով:
Ամեն մի ուխտագնացություն միավորում է ուխտավորներին ընդհանրական աղոթքի շուրջ, ինչի զորության մասին բազում եկեղեցու հայրեր են վկայել: Նրանք Քրիստոսի հետևորդներին հորդորել են նախանձախնդրորեն մասնակից լինել ընդհանրական աղոթքներին, որոնցից ոչ միայն Աստծու շնորհն է առատորեն հեղվում նրանց վրա, այլև մեծ օգուտ են ստանում միմյանց համար փոխադարձ աղոթքներից: Եբրայեցիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը, դիմելով նրանց, գրել է. «Աղոթեցե՛ք մեզ համար» (Եբր. 13:18): Այս խնդրանքով դիմում էր այն առաքյալը, ում և Շիղայի աղոթքով բանտում ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ, բանտի հիմքերը սասանվեցին, բոլոր դռները բացվեցին, և բոլորի կապանքները քանդվեցին, առաքյալի աղոթքով երկու հարյուր յոթանասունվեց հոգի նավաբեկությունից ազատվեց (Գործք Առ. 16, 27): «Ամեն ինչ կարող եմ տանել Քրիստոսի շնորհիվ, որ զորացրեց ինձ»,- ասել էր նա փիլիպպեցիներին (Փիլիպ. 4:13): Չնայած այս ամենին՝ առաքյալը խնդրում էր, որ իր համար աղոթեն:
Հարաժամ աղոթքի մասին Վարդան Այգեկցին ասել է. «Աղոթենք անդադար, քանզի սա է անուշահոտ խունկը, որ ծխվում է Աստծու առաջ ոսկե բուրվառով, որն էլ հաճելի է Աստծուն»:
Կարինե Սուգիկյան