11 Նոյեմբեր, Բշ
- Հա՛յր, վերջերս սրտի հետ կապված խնդիրներ ունեմ և վախենում եմ, որ ինչ-որ բան պատահի:
- Մի՛ վախեցիր: Յուրաքանչյուր ոք որևէ բանի հետ կապված խնդիր պե՛տք է ունենա, որովհետև երբ խնդիրներ կան, մենք Քրիստոսի ոտքերի մոտ ենք նստում ու Նրա օգնությունն աղերսում:
- Հա՛յր, աղոթեցեք , որպեսզի ապաքինվեմ:
- Քո շահերից չի բխում, որպեսզի ես այդպես աղոթեմ: Եթե Աստծուն հավատալով՝ համբերես, ապա Երկնային ապահովագրական հիմնադրամից թոշակ կստանաս, որն ավելի մեծ է, քան գյուղական ապահովագրական ընկերության թոշակը: Մի տեղ կարդացել եմ, որ մի հիվանդ խնդրում էր սուրբ Պանդալեոնին, որպեսզի վերջինս բժշկի իրեն: Սուրբը չէր բժշկում, սակայն հիվանդը շարունակում էր խնդրել և, ի վերջո, այնուամենայնիվ, առողջացավ: Երբ ժամանակը եկավ ու այդ մարդը մահացավ, մյուս կյանքում տեսավ, որ ապաքինվելու պատճառով բազում պսակներից է զրկվել: Այնժամ նա սուրբ Պանդալեոնին ասաց. «Ինչո՞ւ առողջացրիր ինձ, եթե գիտեիր, որ զրկվելու եմ պսակներից»:
- Հա՛յր, առողջության հարցում որքա՞ն պիտի ապավինեմ Աստծուն:
- Նախ վստահիր Աստծուն և Աստծուց հետո վստահիր մարդուն՝ բժշկին:
- Իսկ ծանր հիվանդության դեպքում ի՞նչ է անհրաժեշտ անել:
- Բժիշկներին դիմելուն պիտի նախորդի աղոթքը, հսկումը, որպեսզի Աստված օգնի և լուսավորին բժիշկներին: Մի քիչ ձեթ վերցրեք սուրբ Արսենի կանթեղից, մի փոքր օրհնված ջուր խմեք, սաղմոսներ կարդացեք:
- Հիվանդության պատճառով չեմ կարողանում վանական կանոնը կատարել, հա՛յր, և դա ինձ վշտացնում է:
- Եթե անգամ ոչինչ չանես հիվանդության ժամանակ՝ ո՛չ տերողորմյայով աղոթես, ո՛չ երկրպագություն կատարես, այլ միայն ասես. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված», ապա դա բավարար կլինի(1):
- Հա՛յր, երբ հիվանդությունս սրվում է, ցավի պատճառով չեմ կարողանում աղոթքի վրա կենտրոնանալ:
- Նման դեպքում աղոթքի մեջ և՛ ջանք կա, և՛ տառապանք. կա սխրանք, ուստի այն ավելի լսելի է, քան առողջի աղոթքը:
Պետք է նաև ցավը մի փոքր սիրել: Հիվանդությունը մեծ օրհնություն է մարդու համար: Երբ մարդը դա հասկանա, կսկսի այն ուրախությամբ ընդունել և ուրախությամբ երգել. «Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ»(2): Հիշում եմ, թե Կարուլայում խեղճ ծեր Գաբրիելն ինչպե՜ս էր տառապում, ինչպե՜ս էր տառապում… Եվ ցավի նոպաների ժամանակ երգում էր: Ողջ ժամանակ անշարժ պառկած էր: Ասում էր. «Ինձ ասում են. «Խա՛չ, խա՛չ», իսկ մեխերը չկան: Իսկ առանց մեխերի ի՞նչ խաչ»:
- Որքա՞ն դա տևեց, հա՛յր:
- Երկար՝ մեկ կամ երկու տարի: Նա բոլորովին միայնակ էր ապրում: Նրա խցի հատակը փտել էր, և ձմռանը ծովից քամի էր փչում… համա թե թարմ քամի էր: Իսկ նա հիվանդության մեջ ու ցրտին երգում էր ու փառաբանում Աստծուն: Հիվանդության ժամանակ սաղմոսերգությունը սպեղանի է: Անգամ երբ մարդը ծանր հիվանդ է և սաստիկ տառապում է, եթե սաղմոսերգություն է լսում, ցավը մեղմվում է: Եթե ինքն էլ է կարողանում մի փոքր երգել, ապա ընդհանրապես լավ է: Ես ահա երգում էի այսօր երեկոյան, երբ ցավեր ունեի: Եղած ողջ ուժերս երգեցողությանը տվեցի: Գիտե՞ս՝ որքան թեթևացա(3):
1. Հայրն այստեղ դիմում է ծանր հիվանդ ու խիստ ջերմեռանդ միանձնուհուն:
2. Սղմ. 33:2:
3. Հայրն Պաիսիոսի կողմից ասվել է 1994թ.-ի հունիսի 11-ին, իր ննջումից ուղիղ մեկ ամիս առաջ:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը