Ժամանակակից աշխարհն այսօր կորցրել է աղոթքի ոգին: Մարդը մոռացել է, որ բաղկացած է մարմնից և հոգուց և ըստ Պողոս առաքյալի՝ կոչված է փառավորելու Աստծուն թե՛ մարմնով և թե՛ հոգով (Ա Կորնթացիս 6:20): Իսկ Քրիստոսին ճշմարտապես հետևել ցանկացողների համար աղոթքը հոգու պահանջ է, ամենօրյա ջանք, որ հոգևոր ուրախություն պատճառելուց զատ նոր ուժ և նոր հնարավորություններ է տալիս՝ Աստծով հաղթահարելու կյանքի դժվարություններն ու փորձությունները:
Հոկտեմբերի 8-ին՝ Սուրբ Թարգմանչաց տոնին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Հայաստանի նշանավոր ուխտավայրերից մեկը՝ Աղավնավանք (12-13-րդ դդ): Վաղ առավոտյան ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի սրբավայր: Դեպի հնագույն սրբավայր տանող ճանապարհը, որ անցնում էր Տավուշի մարզի Աղնաբաթ անտառամասով, ուխտավորները հաղթահարեցին ոտքով: Աղոթքի ուղին ուխտավորներին պատրաստեց Աստծու տուն մուտք գործելու համար: Փոքրիկ վանքում ուխտավորները, սբ. Թարգմանիչների բարեխոսությունը խնդրելով, հայցեցին Տիրոջը, որ Իր ամենազոր Աջով պահապան լինի Հայոց ազգին և խաղաղության մեջ պահի հայրենիքի սահմանները: Ուխտի հոգենորոգ ուղին «Զորավոր արանց» միությունը եզրափակեց սիրո ճաշով:
Եկեղեցու հայրերից Խոսրով Անձևացին աղոթքի մասին ասել է. «Աղոթքն ամրության պարիսպ է, հաստատության սյուն, հավատքի հիմք, հուսո խարիսխ, առ Աստված ելնելու սանդուղք»: Նաև հորդորել է. «Պարտավոր ենք միմյանց համար աղոթել, օգնել և փրկել միմյանց մարմնի և հոգու վտանգներից: Քանի որ, եթե մարտընկերներն զգուշանում են ոչ միայն սեփական անձի, այլև՝ ընկերոջ համար և մեռնում են նաև ուրիշների համար, որչափ առավել ևս մենք ենք պարտավոր հոգևոր պատերազմում աղոթքներով և բազում բարեխոսություններով միմյանց օգնական լինել, ինչպես սովորեցինք գլխավոր առաքյալներ Պողոսից, Հովհաննեսից և տեառնեղբայր Հակոբոսից»:
Կարինե Սուգիկյան