23 Նոյեմբեր, Շբ
Նավաբեկությունից միայն երկու տղամարդ կարողացան փրկվել և լողալով մի անմարդաբնակ կղզի հասան: Նրանք որոշեցին, որ Աստծուն աղոթելուց և Նրանից օգնություն խնդրելուց բացի այլ ելք չունեն: Սակայն որպեսզի իմանան, թե ում աղոթքն է ավելի զորավոր, որոշեցին կղզին երկու մասի բաժանել և առանձին տարածքներում մնալ:
Առաջին հերթին, իհարկե, ուտելիքի համար աղոթեցին: Առավոտյան նրանցից մեկը մի պտղատու ծառ գտավ իր տարածքում և կարողացավ քաղցը հագեցնել: Իսկ մյուսն իր տարածքում չգտավ:
Առաջին ճամփորդը, որ ծառը գտավ, շատ էր տանջվում միայնությունից, ուստի մի քանի օր անց սկսեց ջերմորեն աղոթել կյանքի ընկեր գտնելու համար: Շուտով ևս մեկ նավաբեկության հետևանքով ողջ մնացած մի կին լողալով հասավ այն ափը, որտեղ այդ մարդն էր: Տղամարդն անասելի երջանիկ էր և շնորհակալ Աստծուն, որ իր երազանքը կատարվեց:
Իսկ կղզու հակառակ կողմում իրավիճակը նույնն էր՝ ոչ ուտելիք կար, ոչ կին:
Առաջին մարդը, որն արդեն միայնակ չէր, սկսեց Աստծուց տուն խնդրել, հագուստ ու տարբեր կերակուրներ: Հաջորդ օրն իսկ, ասես հրաշքով, ունեցավ այդ ամենը: Դե իսկ մյուսի մոտ ամեն ինչ նույնն էր:
Որոշ ժամանակ անց ճամփորդներից առաջինը սկսեց խնդրել Աստծուն, որ մի նավ ուղարկի իրենց, որպեսզի կարողանան ինքն ու կինը լքել կղզին: Հաջորդ օրը մի շքեղ ու արագընթաց նավ հայտնվեց կղզու ափերի մոտ: Նրանք շտապով հավաքեցին իրենց իրերն ու սկսեցին բարձել նավի վրա: Երկրորդ ընկերը, սա տեսնելով, թույլտվություն խնդրեց նրանց հետ նավ բարձրանալ ու հեռանալ կղզուց: Բայց առաջինը չէր պատրաստվում փրկել նրան և որոշեց կղզում թողնել, քանի որ համարում էր, որ նա արժանի չէ Աստծո օրհնությունից օգտվելու, որովհետև ի տարբերություն իրեն՝ իր աղոթքների պատասխանը չէր ստացել: Բայց երբ արդեն նավը շարժվում էր, երկնքից մի ձայն լսեց, որ ասում էր.
- Ընկերոջդ ինչո՞ւ քեզ հետ չես վերցնում:
- Որովհետև նրա աղոթքները լսելի չեղան և նա ոչ մի բանի արժանի չէ,- պատասխանեց մարդը:
- Չարաչար սխալվում ես,- ասաց ձայնը,- ընկերդ միայն մեկ աղոթք ուներ և ես ընդունեցի այն: Նա միայն մեկ բան էր խնդրում, որպեսզի երկուսիդ բոլոր աղոթքներն ընդունելի լինեն:
Ահա թե ինչպիսի ուժ ունի ուրիշի համար արված անկեղծ աղոթքը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի