«Աղոթքով միշտ բախենք Արարչի գթառատության դուռը»

Հոկտեմբերի 5-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Քրիստոսի յոթանասուներկու աշակերտների հիշատակության օրը: Առաքյալներին և աշակերտներին ուղղված Քրիստոսի հետևյալ խոսքերը, թե՝ դուք եք երկրի աղը (Մատթ. 5:13), վերաբերում են նաև Քրիստոսի հետևորդներին: Ինչպես աշակերտները, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա իր ուժերի չափով կոչված է Տիրոջ խոսքն ու Արքայության ուրախությունն իր միջավայրում ավետելու առաքելությանը: Այդ առաքելության ճանապարհին եկեղեցիների սուրբ հարկերից ներս ձևավորված համայնքներն ամեն անգամ զորանում են՝ ուխտի ճանապարհներ անցնելով:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական ուխտագնացությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, Քրիստոսի յոթանասուներկու աշակերտների հիշատակության օրն էր: Մինչ աղոթքի ճանապարհ անցնելը, համայնքը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Գիշերային ժամերգության մասնակից եղավ, ապա եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում հայցեց սրբի բարեխոսությունը, որը Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկն է եղել:

Այս անգամ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն այցելեց Կոտայքի թեմի սրբավայրեր: Օրվա առաջին սրբավայրը Թեժառույգի վանքն (12-րդ դ.) էր, ուր ուխտավորները հասան՝ հաղթահարելով Ծաղկունյաց լեռնաշղթայի 2000 մ բարձրությունը: Սրբավայրում ուխտավորները, Տեր Հոր գլխավորությամբ, մասնակցեցին Խաղաղական ժամերգությանը: Ըստ եկեղեցու հայրերի՝ բոլոր առաքինությունները մոտեցնում են մարդուն Աստծուն, իսկ աղոթքը միավորում է նրանց: Աղոթքը նրանք համարել են բոլոր առաքինությունների մայրը, քանի որ սերը Աստծո և մերձավորի հանդեպ մուտք է գործում մարդու հոգին ոչ այլ կերպ, քան աղոթքի միջոցով:

Հաջորդ սրբավայրը, ուր ուխտավորները Հանգստյան ժամերգությամբ միասնական աղոթք վերառաքեցին առ Տեր, Բյուրականից մեկ կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Արտավազդիկ եկեղեցին էր (7-13-րդ դ.): Օրվա վերջին սրբավայրը, որ հյուրընկալեց ուխտավորներին, Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցին՝ Կեչառիսի վանական համալիրն էր, որ բաղկացած է չորս՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Նշան, Ս. Կաթողիկե և Ս. Հարություն եկեղեցիներից (11-13-րդ դ.): Սրբավայրում ուխտավորները, օրվա սրբերի բարեխոսությանը դիմելով, Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայ եկեղեցու, Հայոց ու Արցախ աշխարհների և Հայոց բանակի համար: Այնուհետև ուխտավորները համախմբվեցին սիրո սեղանի և հոգեշահ զրույցի շուրջ:

Յուրաքանչյուր ուխտի ճանապարհ քրիստոնյային հիշեցնում է անդադար աղոթելու ավետարանական պատգամը, որի մասին իր խրատն է հղում նաև Վարդան Այգեկցին. «Աղոթենք անդադար, քանզի սա է անուշահոտ խունկը, որ ծխվում է Աստծո առաջ ոսկե բուրվառով, որն էլ հաճելի է Աստծուն: Աղոթքով միշտ բախենք Արարչի գթառատության դուռը: Աղոթքը սանդուղք է երկրից մինչև երկինք, լույս է խավար ճանապարհին, մնայուն պաշար է մշտնջենավոր կյանքի համար: Ուստի ջանանք սուրբ մտքով արիաբար աղոթել այս կյանքում, որպեսզի սրանից հետո արժանանանք անպատում բարիքներին ու հավիտենական կյանքին»:

 

Կարինե Սուգիկյան

05.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․