Երկրորդ համաշխարհային պատերազմից մի քանի տարի առաջ մի հրաշալի ամուսնական զույգ էր ապրում: Նրանք միմյանց շատ էին սիրում: Ամուսինը փորձում էր ամեն առիթով իր սերն արտահայտել կնոջը: Իսկ նա գեղեցիկ էր, զգայուն և թույլ առողջություն ուներ: Բայց ահա, սկսվեց պատերազմը, և ամուսինը մեկնեց ճակատ: Այնտեղ նա բազում դժվարին փորձությունների միջով անցավ, սակայն ամեն անգամ հրաշքով ողջ մնաց: Նա ամեն օր աղոթում էր Աստծուն, որպեսզի ողջ-առողջ տուն վերադառնա՝ կնոջ մոտ, որին այնքան սիրում էր: Երբ պատերազմն ավարտվեց, նա, երջանկությունից խենթացած, թևեր առած, տուն վերադարձավ: Գյուղն արդեն երևում էր, երբ ճանապարհին ընկերոջը հանդիպեց: Երբ միմյանց տեսնելու ուրախությունը հանդարտվեց, ընկերը սկսեց մխիթարել նրան՝ խոսելով բաժին հասած ինչ-որ փորձության մասին: «Ինչի՞ մասին ես խոսում»,- սրտատրոփ հարցրեց ամուսինը: «Ի՞նչ է, ոչինչ չգիտե՞ս: Կինդ ծանր հիվանդ էր: Ապաքինվելն՝ ապաքինվեց, սակայն նրա դեմքն այժմ այլանդակված է»,- կարեկցանքով պատասխանեց ընկերը: Ամուսնու ծնկները դողացին, նա փլվեց գետնին և դառնորեն լաց եղավ: Եվ ահա, երեկոյան մոտեցավ իր տանը: Կինը, նրան տեսնելով, անչափ ուրախացավ և անդադար փառք էր տալիս Աստծուն, որ ամուսինը հրաշքով ողջ է մնացել և տուն վերադարձել: Իսկ հետո նրանք սեղան նստեցին… և կինը հանկարծ հասկացավ, որ իր այնքան սիրելի ամուսինը պատերազմի ժամանակ կորցրել է տեսողությունը: Մտածելով, որ նա վիրավորման հետևանքով է զրկվել տեսողությունից, ոչինչ չհարցրեց, որպեսզի ավելորդ ցավ չպատճառի նրան: Նախկինի պես հոգ տարավ ամուսնու մասին՝ որպես սիրող կին, և այդպես միասին երջանիկ ապրեցին ևս տասնհինգ տարի: Այնուհետև, այդ տասնհինգ տարվա երջանկությունից, նաև ծածուկ տառապանքից հետո, կինը հոգին Աստծուն ավանդեց: Իսկ սիրող ամուսինը փակեց նրա աչքերը… և բացեց իրենը: Այդ բոլոր տարիների ընթացքում նա կույր էր ձևացել, որպեսզի չբազմապատկի կնոջ տառապանքները: Ահա, թե ինչ է նշանակում սիրել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի