23 Դեկտեմբեր, Բշ
Օգոստոսի 22-25-ը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Վարդուհի Խաչատրյանը և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման աջակցությամբ ԱՀԹ երիտասարդաց միությունների, ՀԵՀԵՄ ատենապետ Վահան Մարդյանը և ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը Ուկրայինայի հայոց թեմի հրավերով մասնակցեցին Օդեսայում անցկացվող հոգևոր ճամբարին:
Հաշվի առնելով ԱՀԹ-ում անցկացվող հոգևոր ճամբարների հարուստ փորձը՝ Ուկրայինայի թեմից խնդրանքով դիմել էին Տ. Նավասարդ սրբազանին, որպեսզի Օդեսայում անցկացվող ճամբարի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու և փորձի փոխանակման համար թեմից երիտասարդ ներգրավվի:
Հոգևոր ճամբարին մասնակցում էր Օդեսայի և Ուկրայինայի 9 քաղաքների 25 երիտասարդ: Քառօրյա ծրագրում ընդգրկված էին հոգևոր դասեր, միջթեմական և փորձի փոխանակման ծրագրերի քննարկումներ, ազգային երգ ու պարերի ուսուցում և այլն: Վահան Մարդյանն ու Վարդուհի Խաչատրյանը ներկայացրին ԱՀԹ-ում իրականացվող ծրագրերը և սեփական փորձառությունը փոխանցեցին ճամբարականներին:
Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվեցին և առաջարկվեցին մի շարք նախաձեռնություններ, որոնք կնպաստեն Ուկրայինայի թեմի եկեղեցասեր երիտասարդության քրիստոնեական աճին և համախմբմանը. առաջարկվեց կազմակերպել ինտելեկտուալ փառատոն, թեմական ուխտագնացություններ և այլն:
Ճամբարում լավագույնս աչքի ընկնող մասնակիցներին ԱՀԹ երիտասարդները Տ. Նավասարդ սրբազանի ստորագրությամբ Նոր Կտակարաններ, թեմական տետրեր, գրիչներ նվիրեցին:
Ճամբարի ավարտին Օդեսայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Լևոն աբեղա Գուլյանը խնդրեց Ուկրայինայի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից ջերմ ողջույներ ու խորին շնորհակալություն փոխանցել Տ. Նավասարդ սրբազանին իրենց խնդրանքին ընդառաջելու համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին