2012 թ.-ից Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով Հայաստան ներգաղթեցին բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ: Սույն թվականին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սիրիահայերից ձևավորված համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Այսօր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքում ընդգրկված սիրիահայերը՝ որպես գործուն համայնք, իրենց ակտիվ մասնակցությունն են բերում թե՛ եկեղեցական արարողություններին և թե՛ համայնքային կյանքից ներս իրականացվող միջոցառումներին ու ծրագրերին: Տեր Գրիգորը ժամանակ առ ժամանակ այցելում է սիրիահայ ընտանիքներին, տնօրհնեք կատարում և սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ աջակցում կարիքի մեջ հայտնված ընտանիքներին:
Հոկտեմբերի 3-ին Տեր Հայրը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում սիրիահայ համայնքի անդամ Լուսի Բոյաջյանին (53 տ.) հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար): Քառանդամ այս ընտանիքը Սիրիայում բնակվել է Նոր Գյուղ հայաբնակ թաղամասում, որ սիրիական հակամարտության ընթացքում բազմիցս է հրթիռակոծվել, ինչի արդյունքում տիկին Լուսիի ամուսինը՝ Հովհաննես Վարդանյանը (54 տ.), ողնաշարային վնասվածք է ստացել և երրորդ կարգի հաշմանդամ է: Երկու տարի է, ինչ Վարդանյան ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, բնակվում է վարձակալությամբ՝ Կոմիտաս 1/ 201 հասցեում գտնվող մեկ սենյականոց բնակարանում: Ընտանիքի հայրն ի վիճակի չէ աշխատելու և միայն վերջին շրջանում իրեն հաշմանդության թոշակ է հատկացվել: Սիրիահայ ընտանիքում երկու զավակներից միայն 23-ամյա Մհերն է աշխատում՝ որպես առաքիչ, իսկ մյուս որդին՝ Աշոտը (19 տ.), ուսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջի ատամնատեխնիկական բաժնում: Տիկին Լուսին նշեց, որ ինչպես բոլոր սիրիահայերին, այդ թվում և իրենց ընտանիքին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից տարին մի քանի անգամ օգնություն է հատկացվում: Տիկին Լուսին իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին, աջակից անձին այն ուշադրության և հոգածության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ իրենց մեծ ընտանիքի՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի կողմից:
Արմատներով հողին ամրացած ծառը աճում է և պտղաբերում: Մարդկային հոգին էլ իր հոգևոր արմատներն է ունենում, երբ Տիրոջ մեջ ամրանում է հավատով և սիրով, այդպես հոգին աճում է, զորանում՝ բերելով աստվածահաճո և առաքինի պտուղներ, որոնցով հոգին ապրում է և պիտի ապրի հավիտյան: Ամեն անգամ Քրիստոսի Մարմինը համարվող եկեղեցին հոգևոր բերկրություն է ապրում, երբ առատանում է Տիրոջ համար սպասելի այս պտուղներով:
Կարինե Սուգիկյան