Աջակցություն զոհված ազատամարտիկի ընտանիքին

Դեկտեմբերի 7-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Էրիկ Խաչատրյանին (28 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Էրիկը և իր մայրը՝ Խաչատրյան Սվետլանան (52 տ.), բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Տերտերյան 1/6 հասցեում: Էրիկի հայրը՝ Խաչատրյան Վահանը, զոհվել է 1991-1994 թթ. Արցախյան հերոսամարտի ժամանակ: Այժմ Խաչատրյան ընտանիքը դժվարին իրավիճակում է հայտնվել. բացի այն, որ Էրիկի մայրը ոսկրային խնդիր ուներ, երկու շաբաթ առաջ նրա մոտ հայտնաբերել են կրծագեղձի ուռուցք: Էրիկն աշխատում է որպես հսկիչ և իր աշխատավարձով կարողանում է հոգալ միայն ընտանիքի նվազագույն կարիքները:

Էրիկ Խաչատրյանն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին և Տեր Գրիգորին, որ իր խնդրանքին ընդառաջ՝ աջակից եղան իր ընտանիքին:

Քրիստոսահիմն եկեղեցին հզոր է և միասնական, երբ նրա մասնիկը կազմող յուրաքանչյուր մի անդամ, իր հոգևոր կյանքից ներս ջանում է իր ապրած ամեն մի օրը լիացնել սիրով, հոգատարությամբ, ջերմությամբ և բարությամբ: Դեպի Աստված տանող ճանապարհին մինչ Կյանքի Դարպասը հասնելը, յուրաքանչյուր ոք «դռներ» ունի բանալու: Երանելի Ս. Օգոստինոսի խոսքով՝ աղքատը քո դուռն է, դու նույնպես աղքատ ես Աստծո Դարպասի առջև: Ինչպես դու կվերաբերվես քեզ խնդրողի հետ, այնպես էլ Աստված կվերաբերվի քեզ հետ:

Սրբի հորդորն է, որ յուրաքանչյուր ոք չանտեսի իր ճանապարհին հանդիպող «դռներին», որպեսզի Աստծո ողորմածությամբ ժամանակին հասնի դեպի Կյանքի Դարպասը և արժանանա Դարպասից ներս մտնելու հավիտենական ուրախությանը:

 

 

Կարինե Սուգիկյան

07.12.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․