Մի հարուստ ագարակատեր նայում է դեպի իր կողմը եկող քարավանին: Քարավանատերը մեծ ուրախությամբ մոտենում է, իսկ նրանից ավելի մեծ հրճվանքով ուղտերն են առաջանում և սկսում անհագորեն ուտել չորս կողմն աճած մեծ փշերն ու տատասկները:
Քարավանատերն ասում է.
- Փառք Աստծուն, շարունակ աղոթում էի, որ իմ սոված ուղտերի համար համապատասխան կերակուր գտնվեր և հեռու վայրերից դեգերելով եկանք ու հասանք այս տափաստանը, և Աստված վերջապես իրականացրեց իմ խնդրանքը:
Ագարակատերը պատասխանում է.
- Ես նույնպես շարունակ աղոթում էի, սակայն խնդրում էի, որ Աստված առատ ջուր ուղարկեր իմ այս նոր հողակտորի համար, որպեսզի այստեղ դրախտային այգի դարձնեի, և եկամուտը, որպես փոքրիկ զոհաբերություն, բարեգործության համար ծառայեցնեի, բայց չէի հասկանում, թե ինչո՞ւ Աստված չէր իրականացնում, սակայն հիմա պարզ է, որ Աստված այլ կերպ իրականացրեց իմ զոհաբերության փափագը. զոհաբերեց իմ ակնկալիքը հանուն քո ակնկալիքի և ուղտերի համար…
Հովհաննես Մանուկյան