22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Սբ. Աթանաս. ուղղափառության սյունը (296-373)
Սբ. Աթանաս Ալեքսանդրացին Քրիստոնեական եկեղեցու նշանավոր եպիսկոպոսներից և Հայ եկեղեցու տասներկու տիեզերական վարդապետներից մեկն է: Եգիպտացի քրիստոնյա բարեպաշտ ընտանիքի զավակ էր, ծնվել է Ալեքսանդրիայում 296թ-ին: Փոքր տարիքից քրիստոնեական դաստիարակություն է ստացել: Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդրը, մի օր տեսնելով փոքրիկ Աթանասին ծովեզրում կանգնած, որը եպիսկոպոսի նման մկրտություն և ձեռնադրություն կատարել էր ձևացնում, հոգևոր կոչումի նշան է նկատում նրա մեջ: Նրան ընդունում է հայրապետանոցի մեջ, որտեղ կրթվում և զարգանում է շնորհալի փոքրիկը:
Բարձրագույն ուսումը Սբ. Աթանասը ստացել է իր քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Ալեքսանդր պատրիարքի կողմից ձեռնադրվել է սարկավագ: Նրա հետ մասնակցել է 325թ-ի Նիկիայի տիեզերական ժողովին՝ պաշտպանելով ուղղափառ հավատքը, որի պաշտպանը եղավ հետագա իր ողջ կյանքի ընթացքում: Պատրիաքի վախճանից հետո, 328թ-ին 33-ամյա Աթանասը դառնում է Ալեքսանդրիայի եկեղեցու քսաներորդ պատրիարքը:
Նիկիո հավատքի պաշտպանը
Իր պատրիարքության ընթացքում շարունակ հալածվել է այդ ժամանակ բյուզանդական կայսրության հովանավորությունը վայելող արիոսականներից: Բազմիցս իր աթոռից աքսորվել է կայսրի կողմից, նույնիսկ՝ Կոստանդիանոս Մեծի: Իր եպիսկոպոսության 46 տարիներից 20-ը աքսորի մեջ է անցկացրել:
Սբ. Աթանասը պայքարող անձ էր, երբեք տեղի չտվեց կիսարիոսականների ճնշումներին: Սբ. Գրիգոր Նազիանզացին նրան կոչել է «Եկեղեցու սյուն»:
Եղել է շրջան, որ ողջ եկեղեցում միայն Սբ. Աթանասն ու մի քանի հոգևորականներ են մնացել հավատարիմ Նիկիական դավանանքին՝ մնալով իրենց ուղղափառության մեջ անդրդվելի: Սբ. Աթանասը պայքարել է նաև Սբ. Հոգու աստվածությունն ուրացող Կ. Պոլսի պատրիաք Մակեդոն աղանդավորի դեմ:
Ջատագովը և հակաճառողը
Սբ. Աթանասը գրել է բազմաթիվ աստվածաբանական, ջատագովական և հակաճառական բովանդակություն ունեցող երկեր, ինչպես նաև Սբ. Անտոն Անապատականի վարքը՝ անձամբ ճանաչելով նրան: Տարածել է վանական կյանքի
գաղափարը արևմուտքում՝ Հռոմի եկեղեցում, երբ արիոսականների հալածանքների պատճառով գտնվում էր Հռոմում: Նրա գործերի մի կարևոր մասը հայոց ոսկեդարում թարգմանվել է հայերեն: Սբ. Աթանաս հայրապետը վախճանվել է 373թ-ին, մայիսի 2-ին:
Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացի
Սբ. Կյուրեղ հայրապետը նշանավոր եկեղեցական գործիչներից և Հայ եկեղեցու տասներկու տիեզերական վարդապետներից մեկն է: Եգիպտացի ազնվական և բարեպաշտ ընտանիքից էր, ծնվել է 380թ-ին Ալեքսանդրիայում: Եղել է Ալեքսանդրիայի քսանչորսերորդ պատրիարքը՝ 412թ-ին հաջորդելով իր հորեղբայր Թեոփիլոս պատրիարքին: Ուղղափառ հավատքի կորովի պաշտպան էր: Սբ. Կյուրեղի անձն ու աստվածաբանությունը կարևորվում են Հայ եկեղեցու համար հատկապես նրանով, որ նրա «Մեկն է Աստծո մարդացած Բանի բնությունը» խոսքը դարձել է Հայ Առաքելական ուղղափառ եկեղեցու վարդապետության հիմնաքարը, դավանաբանության առանցքն ու գլխավոր բանաձևը: Երիտասարդ տարիքում որոշ ժամանակ ապրել է Սբ. Մակարի վանքում, որտեղից վերադառնալով Ալեքսանդրիա ձեռնադրվել է քահանա, ապա՝ եպիսկոպոս: 412թ-ին 36 տարեկան հասակում պատրիարք ընտրվելուց հետո առաջին գործը լինում է պայքարել նավատյան աղանդավորների և ալեքսանդրացի քրիստոնյաների մեջ խռովություն մտցնող հրեաների դեմ: Այնուհետև նրա պայքարի առարկան գլխավորապես եղել է նեստորական աղանդը:
Սբ. Կյուրեղն էր, որ նախագահեց Եփեսոսի տիեզերական ժողովը (431թ.), ջախջախեց Նեստորի հերետիկոսությունը: Նեստորը Կ. Պոլսի պատրիարքն էր, որն ասում էր, թե Սբ. Կույսը Աստվածածին չէ, այլ Քրիստոսածին և դեմ էր նրան Աստվածածին կոչելու, և Սբ. Կյուրեղը «միավորյալ մի բնություն» բանաձևով, որ հիմն է Հայաստանյայց Եկեղեցու դավանության, վերջնականորեն հաստատեց քրիստոսաբանությունը: Մինչ ժողովը Սբ. Կյուրեղը գրում է նամակներ Նեստորին՝ ջանալով նրան ուղղության բերել: Սակայն, երբ Նեստորը համառում է իր ուսմունքի մեջ, գումարվում է Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովը:
Սբ. Կյուրեղը շեշտը դնում էր Հիսուսի աստվածության վրա, առանց մերժելու կամ նվազեցնելու Նրա մարդկության կարևորությունը: Հիմնվելով Աթանասի և Կապադովկյան Հայրերի տեսության վրա`համադրեց Սուրբ Երրորդության, Քրիստոսի մարդեղության և բնության վարդապետությունները:
Սբ. Կյուրեղի վարդապետական գործը
Հեղինակ է մեկնաբանական և աստվածաբանական բազմաթիվ գրքերի, որոնցից շատերը 8-րդ դարում Ստեփանոս Սյունեցու կողմից թարգմանվել են հայերենի: Մեկնել է Հովհաննու Ավետարանը տասներկու գրքով: Վախճանվել է 444թ-ին:
Կազմեց Գայանե Սուգիկյանը