Ամբողջական սեր

Մի անգամ հարցրի ծերին, թե ինչպիսին պետք է լինի մեր սերն Աստծու հանդեպ, և նա պատասխանեց․ «Աստծու հանդեպ մեր սերը, որդյա՛կ, պետք է լինի անսահման, չպետք է բաժանվի զանազան իրերի հանդեպ կապվածության վրա․․․

Ահա քեզ օրինակ՝ մարդն, ասենք, իր մեջ որոշակի էներգատարողությամբ մարտկոց ունի։ Եթե նա այդ էներգիան սկսի վատնել Աստծու սիրուն չառնչվող գործերի վրա, ապա այդ սիրո համար մնացած լիցքը շատ քիչ կլինի, հաճախ՝ բոլորովին չնչին։ Իսկ երբ մեր ողջ էներգիան ուղղում ենք Աստծուն, այդժամ մեր սերը Նրա հանդեպ մեծ է լինում։

Մի բան էլ ասեմ քեզ․․․

Մի աղջիկ ուժգին սիրով սիրեց Նիկոս անունով մի պատանու։ Նա ամեն գիշեր արթնանում էր ու ծնողներից թաքուն ոտաբոբիկ դուրս գալիս պատուհանից և ուշադրություն չդարձնելով ոտքերը ծակող փշերի ցավին, դաշտի միջով վազում էր իր սիրեցյալին հանդիպելու։

Իսկ երբ վերադառնում էր տուն, Նիկոսն ասես միշտ նրա կողքին լիներ։ Ինչ գործ էլ որ աներ, իր Նիկոսն իր հետ էր, նա տեսնում էր նրան։ Այդպես էլ դու, որդյա՛կ, պետք է բոլոր ուժերդ ուղղես Աստծուն, և միտքդ մշտապես պետք է Նրա հետ լինի, որովհետև այդպես հաճո է Նրան։

Ինչպես նաև մենք չպետք է քրիստոնյայի միջին ուղով ընթանանք, որովհետև այն բավականին դժվարին է։ Մենք պետք է հաղթահարենք այդ փուլը, կտրվենք երկրից ու բարձր թռչենք Քրիստոսի հանդեպ սիրով։ Այդժամ ամեն ինչ հեշտ կլինի։ Քրիստոսին սիրելով՝ այլևս չենք ընկնի մեղքերի մեջ, և այդժամ դուրս կլինենք միջին ճանապարհից, այդժամ կլինենք ճշմարիտ քրիստոնյաներ»։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

24.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․